Արայիկ Հարությունյանի առաջարկը տեղին է, և չպետք է վախենալ արտաքին պարտքից. Թաթուլ Մանասերյան

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Երրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ պետք է մշակել մեխանիզմ, որը թույլ կտա քաղաքացիական հանրության՝ հատկապես փորձագիտական հատվածի մասնակցությունը փոխառու միջոցների ներգրավմանն առնչվող որոշումների կայացման, մոնիթորինգի մշտադիտարկման, որից հետո արդեն արդյունքների վերահսկման գործընթացում:

Թաթուլ Մանասերյանը նման կարծիք է հայտնել «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակին, որով առաջարկվում է մեծացնել արտաքին պարտքի ծավալը:

Տնտեսագետի խոսքով՝ այս դեպքում Արայիկ Հարությունյանի առաջարկը տեղին է, և չպետք է վախենալ արտաքին պարտքից, եթե գիտենք ինչպես օգտագործել, և եթե դա կարողանում ենք նպատակին ծառայեցնել:

«Կան որոշակի մոտեցումներ և սկզբունքներ, որոնք ոչ միայն մեզանում են կիրառվում, այլ ամբողջ աշխարհում: Դրանք մշակված են միջազգային չափորոշիչներով՝ միջազգային կառույցների կողմից: Մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամը համախառն ներքին արդյունքի ցուցանիշի համեմատ արտաքին պարտքի շեմը սահմանել է 60 %: Սա մեթոդաբանորեն որևէ երկրի, այդ թվում՝ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների համար չի կարող լինել ընդունելի, քանի որ պետական պարտքը, որի մի մասը կազմում է արտաքին պարտքը, պետք է լինի հիմնավորված: Կա նաև ներքին պարտք, և կան երկրներ, որոնց ֆինանսական դեֆոլտը հենց ներքին պարտքի պատճառով է եղել: Դրա վառ օրինակներից է ՌԴ-ն, Հարավ-Արևելյան Ասիայի մի շարք երկրներ, Արգենտինան և այլք»,- նշել է Թ. Մանասերյանը:

Նրա խոսքով՝ հայտնի ռուս գիտնական Սերգեյ Գլազևի մշակած տեսությունը շատ ավելի նվազ չափով շեմ է սահմանել 25 % ներքին պարտքի և 25 % արտաքին պարտքի համար, որը շատ ավելի մոտ է տրամաբանությանը:

«Գոյություն ունեն նաև այլ մոտեցումներ: Սակայն, կարծում եմ, եթե հարցին մոտենում ենք այս տեսանկյունից և ուզում ենք դնել սահմանային մեծություններ, ապա ավելի ընդունելի է Սերգեյ Գլազևի մոտեցումը: Մեր երկրում երկար տարիներ առկա էր 60 % արտաքին պարտք- ՀՆԱ հարաբերակցությունը: Բարեբախտաբար, երկու տարի առաջ ինձ հաջողվեց համոզել ՀՀ կառավարությանը, որ պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ նվազեցվի մինչև 40 %, և սա ՀՀ ֆինանսների նախարարությունը համարձակություն ունեցավ սահմանել: Կան երկրներ, ինչպես օրինակ ԱՄՆ-ն, Ճապոնիան, որոնք գիտեն ինչպես օգտագործել արտաքին փոխառությունները, հիմնավորել փոխառություններին դիմելը, և նրանց համար արդյունավետ է դրա օգտագործումն անգամ այն դեպքում, երբ ԱՄՀ սահմանած շեմը վաղուց գերազանցված է: Ստացված արդյունքներն էլ օգնում են սպասարկել, կառավարել արտաքին պարտքը: Այստեղ կան նրբություններ, որոնք խիստ կարևոր են՝ հասկանալու այն համարձակ մոտեցումը որն առաջ է քաշված պարոն Արայիկ Հարությունյանի կողմից, ինչպես նաև ընկալել, թե որքանով են իրատեսական և որքանով կարող են օգտակար լինել տնտեսության զարգացմանը»,- ավելացրել է Թ. Մանասերյանը:

Տնտեսագետը կարծում է, որ խնդիրն այն է, որ գոնե մինչ օրս ՀՀ օրինակը վկայում է, որ կամայական են եղել արտաքին պարտքի ներգրավմանն ուղղված տարբեր կառավարությունների քայլերը:

Նրա խոսքով՝ ըստ էության, ՀՀ կառավարությունը պայմանավորվել է փոխառություններ ներգրավել միջազգային կազմակերպություններից, տարբեր երկրների կառավարություններից, որից հետո ներկայացրել է Ազգային ժողովին՝ հաստատելու այդ պայմանագրերը: Սակայն, չնայած օրենքի պահանջներին, դրանց թափանցիկությունը՝ որպես կանոն, չի ապահովվել, և գերակշիռ մասն օգտագործվել է ոչ այդքան վերահսկելի ձևով:

«Ձևավորվել է այնպիսի մի կարծրատիպ, որ արտաքին պարտքը ինքնին սպառնալիք է դիտարկվում: 2009 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, երբ ունեինք շատ ցածր պարտքի մակարդակ, արտաքին պարտքը կազմում էր 1.5-1.6 միլիարդ դոլար: Անգամ այդ ժամանակ կար դժգոհություն: Դժգոհությունը ոչ թե պարտքի չափերից էր, այլ պարտքի օգտագործման արդյունավետությունից: Հետո ավելացավ արտաքին պարտքը, սակայն դրանից չավելացավ օգտագործման արդյունավետությունը, և մարդիկ չհամոզվեցին, որ դա ինչ-որ հստակ նպատակ ունի, որը կարող է բարձրացնել տնտեսությունը, որը կարող է ազդել մարդկային զարգացման վրա, սոցիալական խնդիրներ լուծել և, ի վերջո, որից ստացված եկամուտներից ու արդյունքներից կարելի է նաև մասհանումներ անել պարտքի կառավարման համար: Կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք՝ օրենսդիր մարմինն ունի հստակ պահանջներ՝ ինչպես մոտենալ արտաքին պարտքին՝ որպես ինստիտուտ:

Ամենազարգացած տնտեսությունն անգամ կարիք ունի ներդրումների, ֆինանսական ներարկումների: Այս պարագայում պետք է ներկայացվի անհրաժեշտությունը, թե հատկապես, որ ոլորտում կա դրա սուր պակասը և հիմնավոր հաշվարկներ կատարվեն առ այն, թե փոխառությունը, որ պետք է վերցվի, ինչպես կարող է օգտագործվել: Եթե այդ նպատակը ճիշտ է ներկայացվում, ապա պետք է դիմել Ազգային ժողով, ստանալ համաձայնությունը, միգուցե քննարկումների ընթացքում կարող են լինել շտկումներ, որից հետո արդեն անցնել գործընթացին:

Կարծում եմ՝ հիմնական պահանջները սրանք են, որ պետք է դրվեն և ապահովեն հանրության մասնակցությունը, աշխատանքի թափանցիկությունը, արդյունավետությունը, արհեստավարժությունը, պատասխանատվությունը, հաշվետվողականությունը: Ավելի էական նշանակություն ունի հեռանկարային զարգացման տեսլականի մշակումը, որից կբխեն առաջնահերթությունները, ինչն էլ կօգնի կողմնորոշվելու լոկոմոտիվային ճյուղերի հստակեցման և դրանց զարգացման համար ներքին և արտաքին ռեսուրսների, այդ թվում՝ արտաքին փոխառությունների ներգրավման հարցերում: Այս բոլոր դրույթները շատ կարևոր են: Այս պարագայում հավատացած եմ, որ ռիսկը կարող է արդարացված լինել և կարող է նպաստել տնտեսության զարգացմանը»,- մասնավորապես նշել է Թ. Մանասերյանը:

Զրույցը՝ Անի Ավանեսյանի

Տեսանյութեր

Լրահոս