Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում, եթե Ստամբուլում ներկա լինեին ՀՀ օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներ, ապա դա լավ կընկալվեր. թուրքագետ

Մարտի 17-ին Ստամբուլում հրաժեշտ տվեցին Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին։ Պատրիարքի վերջին հրաժեշտը տեղի էր ունեցել հայկական աթոռանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Հայաստանից հուղարկավորության արարողությանը ներկա էր եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից պատվիրակությունը, իսկ աշխարհիկ դասից որևէ բարձրաստիճան պաշտոնյա չէր մասնակցել։

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադառնալով հարցին, թե Պոլսո հայոց պատրիարքի հուղարկավորության արարողությանը ՀՀ աշխարհիկ դասի բացակայությունը կարո՞ղ է սուր ընկալվել Թուրքիայի իշխանական վերնախավի և հայկական համայնքի կողմից, պատասխանեց, թե կա մեկ պարզ ճշմարտություն, քանի որ հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն, դիվանագիտական մակարդակով որևէ շփում չկա, ուստի այդ համատեքստում դժվար թե հարցեր առաջանան։

«Թուրքիայի հետ կապված խնդիրը մի քիչ բարդ է, հոգևորական դասի առումով, օրինակ՝ մտածում էի, որ ներկա կլինի Ամենայն Հայոց կաթողիկոսը, այնտեղ ներկա էր Երուսաղեմի պատրիարքը։ Ես տեսա, որ մեր կառավարությունը ծաղկեպսակ էր ուղարկել։ Ինչ վերաբերում է պոլսահայ համայնքին, ապա կարծում եմ՝ ավելի զգացմունքային կլիներ, եթե Հայաստանից ներկա լինեին, դրանով Հայաստանի աջակցությունը համայնքն իր թիկունքում որոշ չափով կզգար, սա շատ դրական կլիներ։ Եթե չեմ սխալվում, կիսապաշտոնական հայ պատվիրակություն Պոլսում եղել էր նախորդ տարվա աշնանը։ Ստամբուլում մենք ունենք դիվանագիտական Սևծովյան տնտեսական համագործակցության ներկայացուցչություն»,- ասաց Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի կարծիքով՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում, եթե Ստամբուլում ներկա լինեին ՀՀ օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներ, ապա դա լավ կընկալվեր։

Ինչ վերաբերում է հուղարկավորությանը Ստամբուլի քաղաքապետի մասնակցությանը, թուրքագետը նշեց, որ Թուրքիայում նախագահից հետո երկրորդ պաշտոնը քաղաքապետինն է, քանի որ Ստամբուլն ունի 20 մլն բնակչություն։

Անդրադառնալով հաջորդ պատրիարքի ընտրության ընթացակարգին, թուրքագետը տեղեկացրեց, որ հանգուցյալ պատրիարքի մահվան 40 օրը լրանալուց հետո կազմվելու է ընտրական գործընթացներով զբաղվող հանձնաժողով, որը դիմելու է Ստամբուլի նահանգապետարան, իսկ դիմումների վերջնական հասցեատերը լինելու է Ներքին գործերի նախարարությունը։

Այնուհետև իր պատասխանը Ներքին գործերի նախարարությունը փոխանցելու է նահանգապետարան, որն էլ տեղյակ է պահում հանձնաժողովին։
«Դրական պատասխանի դեպքում թեկնածուներին ուղարկում են գրություններ, որ նրանք կարող են մասնակցել ընտրությանը, նրանց գրանցում են, և ընտրական գործընթացը տևում է գրեթե 3-4 ամիս։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ ընթացակարգի, և Թուրքիայի կառավարությունը որևէ արհեստական խոչընդոտներ չստեղծի, ապա աշնանը կունենանք պատրիարքի ընտրություն»,- շեշտեց Անդրանիկ Իսպիրյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ լինեն խոչընդոտներ, թուրքագետը պատասխանեց, որ հաշվի առնելով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գործոնը և այն հանգամանքը, որ Թուրքիայի իշխանություններին ձեռնտու է Աթեշյանը, ուստի գուցե խոչընդոտներ լինեն, քանի որ վերջինս չունի բավարար հեղինակություն ընտրվելու համար։

«Ինչպես ցույց է տալիս պատմությունը, շատ դեպքեր են եղել, որ տարիներով պատրիարք չի եղել։ Քանի որ երկար տարիներ Թուրքիայի կառավարությունը ձգձգում կամ խոչընդոտում էր՝ ասելով, թե սահմանադրությունն այնպիսին է, որ պատրիարքի կենդանության օրոք նոր պատրիարք չեն ընտրում, հիմա այս գործոնն այլևս չկա, և Թուրքիայի իշխանությունների համար մանևրելու շրջանակները բավականին նեղացել են։ Սա կախված է նաև նրանից, թե ովքեր կլինեն թեկնածուները, ում շանսերն ավելի մեծ կլինի, և, այսպես ասած, որ թեկնածուն կփորձի թուրքական իշխանությունների հետ անդրկուլիսյան բանակցություններ վարել և փորձել «դաբրո» ստանալ, այդ դեպքում գուցե ամեն ինչ հարթ ընթանա, և աշնանն ունենանք ընտրություններ»,- եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս