
«Դա բանակցային ձևաչափի փոփոխության առաջարկ չի, այլ ձևաչափի վերականգնման առաջարկ է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում «ամենատարօրինակ» բնորոշեց մեկնաբանությունները, թե Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ բանակցային ձևաչափի փոփոխության առաջարկ է: Ըստ նրա՝ դա ասում է ոչ միայն Ալիևը, այլ նաև Հայաստանում կան նման բան ասողներ:
«Դա բանակցային ձևաչափի փոփոխության առաջարկ չի, այլ ձևաչափի վերականգնման առաջարկ է»,- շեշտեց Ն.Փաշինյանը:
Ըստ նրա՝ երբ ձևավորվել է Մինսկի խումբը, հստակ արձանագրվել է, որ ԼՂ ընտրված ներկայացուցիչները հրավիրվելու են բանակցային գործընթացին, հրադադարի պայմանագիրը 1994թ-ին կնքել է 3 կողմ՝ Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղը, և դրանում հստակ նշված է, որ ստորագրում են հակամարտող կողմերը:
Ընդ որում, նրա խոսքով, նախկին իշխանություններն աղմուկ էին բարձրացրել, երբ ինքն ասել էր՝ Հայաստանը հակամարտության կողմ է, բայց իրենց կուսակցության ղեկավարն է ստորագրել այդ փաստաթուղթը:
Վարչապետը մեջբերեց փաստաթղթից՝ «ԵԱՀԿ համաժողովին մասնակցող պետությունները ողջունում են հակամարտող կողմերի կողմից հրադադարի մասին համաձայանգիրը», և ասաց, որ ԵԱՀԿ-ն այս փաստաթուղթն ընդունել է որպես իր գործողությունների հիմք, որտեղ նշված են հակամարտող կողմերը:
Նա ներկայացրեց հաջորդիվ փաստաթղթերում արձանագրումը ԼՂ-ի՝ ՄԽ ֆորմատում որպես հակամարտող կողմի մասնակցության մասին:
«Այսինքն՝ ով ասում է, թե իմ ասածը բանակցային ֆորմատի փոփոխություն է, լավ տեղեկացված չեն բանակցային ֆորմատից: Այլ շատ ասելիքներ կան՝ ով արեց, որ ԼՂ-ն դուրս մնաց բանակցություններից: Չասենք ով, չնայած բոլորս էլ հասկանում ենք»,- ասաց Փաշինյանը: