ԿԳ նախարարությունը մշակում է բարձրագույն կրթության միջազգայնացման Հայաստանի ազգային ռազմավարությունը
«Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ազգային ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել ու խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը, մշակվում է միջազգայնացման ազգային ռազմավարությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, այս մասին ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը տեղեկացրել է նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:
Հաղորդագրության մեջ նշված է. «Նրա խոսքով՝ այս գործընթացում մշակվելու է երկու փաստաթուղթ, մեկը՝ ազգային մակարդակով, որի շրջանակում բուհերը կունենան միջազգայնացման իրենց ռազմավարական ծրագրերը՝ արդեն ինստիտուցիոնալ մակարդակում: «Քանի որ բուհերի միջազգայնացումը նաև կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որի մասին բազմիցս իրենց ելույթներում նշել են ԿԳ նախարարը և նրա տեղակալները, և այն ամրագրված է նաև համապատասխան փաստաթղթերում, ներկայումս մենք զբաղված ենք դրա գործիքակազմի մշակմամբ: Երկու կարևոր ուղղությամբ ենք այս պահին աշխատում՝ ամփոփում ենք ռազմավարական ծրագիրը և զուգահեռ մշակում ազգային պլատֆորմ, որտեղ կտեղադրվեն բուհերի՝ միջազգայնացմանն ուղղված հիմնական ինդիկատորները: Պլատֆորմի միջոցով հատկապես օտարերկրյա ուսանողները մանրամասն տեղեկատվություն կստանան բուհերի և, առհասարակ, Հայաստանի բարձրագույն կրթության մասին»,- նշել է Ռոբերտ Սուքիասյանը՝ տեղեկացնելով, որ նախարարությունն այս տարվա ապրիլի 30-ին կազմակերպում է բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված միջազգային համաժողով, որին մասնակցելու են ծրագրում ընդգրկված ԵՄ անդամ գործընկեր բուհերի ներկայացուցիչներ՝ քննարկելու ծրագրի արդյունքները:
Ռոբերտ Սուքիասյանը նաև նշել է, որ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ազգային ծրագրի շրջանակներում Հայաստանի բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացված քայլերը և առկա իրավիճակը, ինչպես նաև ռազմավարության նախագծի հիմնական ուղղությունները և զարգացման ուղիները ներկայացվել են Շվեդիայի թագավորական տեխնիկական ինստիտուտում (Ստոկհոլմ), որտեղ տեղի է ունեցել ծրագրի ներկայացուցիչների վերապատրաստում և փորձի փոխանակում: «Քննարկման արդյունքում մեր գործընկեր բուհերից ստացանք բավականին օգտակար կարծիքներ՝ որքանո՞վ է մեր որդեգրած քաղաքականությունը կամ ձևաչափը համընկնում ընդհանուր չափանիշներին: Տարբեր քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում մենք նախանշել ենք մի քանի հիմնական նպատակներ, որոնցից առաջինը միջազգայնացմանը խթանող միջավայրն է և դրան հասնելու համար իրականացվող գործողությունները: Մյուս նպատակը ծրագրի մասով է, որն ավելի շատ բուհերին է վերաբերվում: Երրորդ նպատակը տեսանելիությունն ու գրավչությունն է: Փորձագետների համոզմամբ՝ առանց այս բաղադրիչի, այն է՝ հստակ մարքետինգային քաղաքականության, բուհը չի կարող արձանագրել լուրջ արդյունքներ՝ հատկապես օտարերկրյա ուսանողների ներգրավման հարցում»,- նշել է Ռոբերտ Սուքիասյանը՝ անդրադառնալով նաև չորրորդ նպատակին՝ մարդկային ռեսուրսներին՝ ազգային և ինստիտուցիոնալ մակարդակում: Այս համատեքստում նշվել է, որ թիրախում են լինելու նաև որոշումներ կայացնող անձինք:
ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կթրության վարչության գլխավոր մասնագետ Արսեն Հակոբյանն իր հերթին մանրամասներ է ներկայացրել մշակվող ազգային պլատֆորմի մասին՝ ընդգծելով, որ արդյունքում ցանկացած շահառուի համար պարզ կլինի ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի և բուհի միջազգայնացման մակարդակը, ինչպես նաև կրթական ծրագրերի մասին տեղեկատվություն և այլն: Արսեն Հակոբյանը նաև նշել է, որ միջազգայնացման չափանիշներում մեծ տեղ է տրված օտար լեզվով համատեղ կրթական ծրագրեր և որակավորում ունենալու խնդրին»: