Իվան Վասիլևիչը և տնտեսական բարձր ցուցանիշների ապահովումը՝ առանց գյուղատնտեսության և էլեկտրաէներգիա ծախսելու
Վերջերս ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել էր 2019 թվականի հունվար ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Եթե առաջին հայացքից գնահատելու լինենք գրանցված առաջին արդյունքները, ապա պետք է արձանագրենք, որ ունենք բավականին լավ պատկեր:
Մասնավորապես, ըստ ամփոփ տվյալների՝ հունվար ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.1 տոկոս՝ նախորդ տարվա հունվարի նկատմամբ: Սակայն ցուցանիշների ուսումնասիրությունը մի շարք հարցեր է առաջացնում:
Հարցերից առաջինը, իհարկե, վերաբերում է գյուղատնտեսության բացակայությանը: Վերջինիս մասով հրապարակման մեջ տրվել է բացատրություն, որ այսուհետ սույն ցուցանիշը, համաձայն «2019 թվականի վիճակագրական ծրագրի», հրապարակվելու է միայն եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ:
Միանշանակ համաձայն լինելով մասնագիտական այս պնդումների հետ, սակայն պետք է փաստենք, որ այս տարվանից չէ, որ գյուղատնտեսությունը դարձել է սեզոնային և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված: Մասնագիտական այս եզրահանգումը նորություն չէ, սակայն ինչո՞ւ է ՀՀ Վիճակագրական կոմիտեն հենց հիմա որոշել հանել այդ ցուցանիշի հրապարակումը, հատկապես, երբ վիճակագրությունից գոնե բազային գիտելիք ունեցողները լավ հասկանում էին այս հանգամանքը և վերլուծություններում հաշվի էին առնում դա: Այս պարագայում միակ տարբերակը, որ հիմնավորում է Վիճակագրական կոմիտեի նման քայլը, այն է, որ այսպիսով փորձ է արվում կանխել քննադատությունները, որոնք երբեմն նաև անհիմն են լինում:
Սակայն, միևնույն ժամանակ՝ պետք է փաստենք, որ վիճակագրությունը միայն անհիմն քննադատողների համար կամ դեմ չէ, այն նաև սովորական վերլուծաբանների համար է, և մի քանիսի քննադատություններից խուսափելու համար պետք չէ թաքցնել գյուղատնտեսության թվերը, հատկապես, որ ամբողջական տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) մեջ այն արդեն ներառված է:
Այսինքն՝ Վիճակագրական կոմիտեն փաստացի ունի այդ տվյալները, պարզապես չի հրապարակել, ինչը որևէ արդարացում չի կարող ունենալ: Ընդհակառակը, այս մոտեցումը ոչ այլ ինչ է, քան «փայլուն արդյունքը» փչացնող թվերի դուրսհանումը վիճակագրությունից, որն այնքան էլ լավ սկզբունք չէ: Եթե վիճակագրական տվյալը սեզոնայնության կամ այլ խնդիր ունի, ապա կարելի է ընդամենը տողատակում գրել այդ մասին, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, բայց վերցնել և գյուղատնտեսության թիվը հանել ՏԱՑ-ից, որպեսզի թվերն ավելի ճոխ տեսք ունենան, ուղղակի զավեշտալի է: Այն ավելի շատ նման է հին սովետական մի ֆիլմի՝ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», որտեղ շենքի լիազորն արգելում է տվյալ ամսին ամուսնալուծվել, քանի որ դա փչացնում է վիճակագրությունը:
Հաջորդ ուշադրության արժանի հանգամանքն արդյունաբերությունն է, որը նախորդ տարվա համեմատ՝ գրեթե 0-ական մակարդակում է՝ անկումը կազմել է ընդամենը 0.4 տոկոս: Այն, որ մեր արդյունաբերությունն իր լավագույն օրերը չի ապրում, փաստ է։ Այն, որ Ալավերդու գործարանը և Թեղուտի հանքավայրն արդեն չեն գործում, դա ևս փաստ է, սակայն, թե ինչպես է կարողանում այս պարագայում արդյունաբերությունը նախորդ ամիս շուրջ 14 տոկոս աճ ապահովել, իսկ հունվարին էլ՝ խուսափել անկումներից, ա՛յ սա արդեն հարց է: Իհարկե, աշխարհում կա այդպիսի երևույթ, երբ տեղի է ունենում տնտեսության վերափոխում, բայց այն, որ մեր տնտեսությունն ի զորու է հաշված ամիսներում այնպես վերափոխվել, որ հանքահումքային արդյունաբերությանը փոխարինեն այլ ճյուղեր, դա, թերևս, այնքան էլ հասկանալի և ընդունելի չէ:
Այժմ անդրադառնանք, թե ինչի՞ հաշվին է ապահովվել ՏԱՑ-ի 6.1 տոկոս մակարդակ: Ռեկորդակիրն այս ամիս շինարարության ոլորտն է, որն ապահովել է 22.1 տոկոսանոց աճ: Առաջին հայացքից այս ճոխ աճն իրականում այդքան էլ ճոխ չէ՝ մի պարզ պատճառով: Նախորդ տարվա հունվարին ոլորտի թողարկման ծավալները կազմել են 9 333.7 մլն դրամ, ի տարբերություն սրա՝ այս տարվա հունվարին ունենք 10 766.2 մլն դրամ արդյունք, որն իսկապես 22 տոկոսով ավելի է, սակայն դրամական արտահայտությամբ այն կազմում է ընդամենը 1.4 մլրդ դրամ, որը տնտեսության համար, մեղմ ասած, փոքր ցուցանիշ է, ինչը, թեև վիճակագրորեն շատ ճոխ արդյունք է, սակայն իրականում ընդամենը ոչ էական բարելավում է: Այս ամենին ավելանում է նաև ավանդական դարձած առևտրի և ծառայությունների երկնիշ աճը… և 6.1 տոկոս ՏԱՑ-ը սեղանին է:
Եվ վերջում, ամենահետաքրքիրի մասին: Հունվար ամսին էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է ընդամենը 612.1 մլն կվտԺ, որը պակաս է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից 26.3 տոկոսով: Սա ևս մեկ հարցական է արդյունաբերության արտադրանքի ցուցանիշի համար, քանի որ առանց էլեկտրաէներգիայի՝ արդյունաբերությունը պարզապես չի կարող թողարկում ունենալ, իսկ թե ինչպե՞ս է մեր երկրում հաջողվել առանց էլեկտրաէներգիայի արդյունաբերական արդյունք ստանալ, թերևս, դասվում է չպարզաբանված հարցերի շարքին, հատկապես, որ բնակլիմայական առումով այս ձմեռը նախորդից հաստատ տաք չի եղել: Ինչպե՞ս կարող է էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել 26.3 տոկոսով, իսկ արդյունաբերությունը՝ ընդամենը 0.4: Ի՞նչ է, արդեն սկսել ենք առանց հոսանքի արտադրա՞նք թողարկել: Մի՞թե մեր երկրում մանուֆակտուրաներ են բացվել, որտեղ առանց էլեկտրաէներգիայի արտադրանք են թողարկում՝ բացառապես ձեռքի աշխատանքի հաշվին:
Ինչևէ, սպասենք Վիճակագրական կոմիտեի կողմից ճյուղային ցուցանիշների հրապարակմանը, որից հետո հնարավոր կլինի արդեն լիարժեք գնահատել այս փոփոխությունները և ստանալ վերը բարձրացված հարցերի պատասխանները, եթե ոչ՝ ամբողջական, ապա՝ գոնե մասնակիորեն։ Միգուցե այդ պարագայում հնարավոր կլինի հասկանալ, թե ինչպե՞ս է հնարավոր առանց գյուղատնտեսության և էլեկտրաէներգիայի՝ ապահովել բարձր տնտեսական արդյունքներ:
ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ