Համատեղելիության ստուգում հարսանիքից առաջ․ ադրբեջանցի պաշտոնյաների նոր գաղափարը
Ընտանիքի հարցերով կոմիտեն կարծում է, որ ամուսինների բաժանումը հոգեբանական անհամատեղելիության հետևանք է:
Ադրբեջանի՝ ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների պետական կոմիտեն առաջարկում է ստուգել ամուսնացող զույգերի հոգեբանական համատեղելիությունը ։
Պետկոմիտեի նախագահ Հիջրան Հուսեյնովայի խոսքով, դա կօգնի կրճատել ապահարզանների քանակը։
«Պետք է ստեղծել ընտանեկան հոգեբանի ինստիտուտ և այնպես անել, որ քաղաքացիներն օգտվեն այդ ծառայությունից», – ասել է Հուսեյնովան Trend գործակալությանը տված հարցազրույցում.
Նման ինստիտուտի ստեղծումը նախատեսված է «Ընտանիքի ռազմավարությամբ», որը մշակել է կոմիտեն։
Ի՞նչ հոգեբանական խնդիր է ուզում լուծել կոմիտեն
Ադրբեջանում երիտասարդները հազվադեպ են միասին ապրում հարսանիքից առաջ։ Ավելի ու ավելի շատ զույգեր են հանդիպում և միասին ժամանակ անցկացնում, սակայն համատեղ տնտեսություն վարելու մասին դեռ խոսք չկա․ շատերը նախաամուսնական սեքսն այլասերում են համարում։
Դա ցույց է տալիս, օրինակ, հարցումը, որն անցկացրել է 1news կայքը։
Այդ պատճառով էլ հաճախ ամուսնանում են միմյանց լավ չճանաչող մարդիկ։ Դեպքեր են լինում, երբ հարսն ու փեսան միմյանց տեսած են լինում միայն հեռվից։ Նման զույգերի համար առավել դժվար է լինում հարմարվել միմյանց, և նրանք բաժանվում են։
2018 թ-ի առաջին կիսամյակում Ադրբեջանում գրանցվել է 33 009 ամուսնություն և 8 538 ապահարզան։ Այսինքն՝ ապահարզանով է ավարտվում գրեթե յուրաքանչյուր չորրորդ ամուսնություն։
Արդարադատության նախարարության տեղեկությունների համաձայն՝ ապահարզանի պատճառների թվում ամուսիններն, օրինակ, նշում են բնավորությունների անհամատեղելիությունը, խանդն ու կենցաղային բռնությունը։
Արդյո՞ք հարսանիքից առաջ ստուգումն անհրաժեշտ է
Արդեն մի քանի տարի է, ինչ Ադրբեջանում օրենք կա, որի համաձայն՝ ամուսնանալուց առաջ զույգերը պետք է մի շարք վեներական և գենետիկ հիվանդությունների բուժհետազոտություն անցնեն։ Դա արվում է նրա համար, որ զուգընկերները տեղյակ լինեն միմյանց հիվանդությունների և այն մասին, թե ինչ հիվանդություններ նրանք կարող են փոխանցել երեխաներին։
Այս կարգը մտցվել է 2015 թ-ին, հասարակությունն ըմբռնումով է մոտենում։ Հիմնական պատճառը թալասեմիայով հիվանդանալու բարձր տոկոսն է։ Դա արյան հազվադեպ գենետիկական հիվանդություն է։ Վեներական հիվանդությունների ստուգումն ընկալվեց որպես անհրաժեշտ միջոց, որպեսզի սահմանափակվի դրանց տարածումը։