Ջեյմս Ապաթուրայը դժվարացավ ասել՝ արդյոք Հայաստանը կմասնակցի՞ Վրաստանում անցկացվող ամենամյա զորավարժություններին, թե՞ ոչ
«ՀՀ-ՆԱՏՕ բանակցություններն ընթանում են շատ լավ»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, ով Հայաստանում է «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակում։ Հիշեցնենք, որ «ՆԱՏՕ-ի շաբաթը» Հայաստանում մեկնարկել է այսօր և կշարունակվի մինչև մարտի 18-ը։
168.am-ի տեղեկություններով՝ մասնավորապես վտանգված է Հայաստան-Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ) հետագա համագործակցությունը, որովհետև հեղափոխական նոր իշխանությունների ջանքերով, որքան էլ որ նրանք հակառակը պնդեն, հարթ չեն ընթանում հայ-ռուսական հարաբերությունները, և դրա հետևանքով, ըստ էության, ավելորդ զգուշավորություն ցուցաբերելով՝ չեն կարողանում պատշաճ կերպով կառուցել ու շարունակել եվրոպական և ատլանտյան կառույցների հետ հարաբերությունները։
Փաստորեն, Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի կիրարկման և վավերացման տեղում դոփելը խնդրի ընդամենը մեկ մասն է։ Ինչպես փաստում են 168.am-ի աղբյուրները, առավել լուրջ են խնդիրները ՆԱՏՕ-ի հետ։
Խնդիրն այն է, որ Հայաստանն առաջին անգամ 2005թ. ստորագրել և 2006 թվականից սկսել է կյանքի կոչել «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP-Individual partnership action plan) ծրագիրը։ Այս տարի լրանում է նման գործողությունների 5-րդ ծրագրի՝ 5-րդ IPAP-ի ժամկետը, որն ուժի մեջ է մտել 2017թ. և, փաստորեն, ավարտվում է 2019թ.-ին։
Նախորդ իշխանությունների օրոք գործընթաց էր սկսված՝ գործողությունների 6-րդ ծրագրի աշխատանքների նախապատրաստության ուղղությամբ, սակայն 168.am-ին հայտնի դարձավ, որ համաձայնագիրը և այդ IPAP ծրագրի մեջ Հայաստանի ներգրավումը հարցականի տակ են դրվել Հայաստանի Կառավարության կողմից»,- ավելի վաղ գրել էր մեր լրատվամիջոցը։
168.am-ի խնդրանքով Ջեյմս Ապաթուրայն անդրադարձավ այդ տեղեկություններին։ Նա նշեց, որ ՆԱՏՕ-ն գոհ է ներկայումս ընթացող աշխատանքներից ու գործընթացից։
Նա ասաց, որ իր գործընկերները զբաղված են նախորդ ծրագրի արդյունքների գնահատմամբ և նոր ծրագրի նախապատրաստմամբ։
ՆԱՏՕ-ի պաշտոնյան հույս հայտնեց, որ նոր ծրագիրը ևս կարտացոլի այն առաջնահերթությունները, որոնք կան ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում, և Հայաստանի համար արդյունավետ կլինի։
«Վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Բանակցություններն ընթանում են շատ լավ»,- ասաց Ապաթուրայը։
Անդրադառնալով Վրաստանում անցկացվող ամենամյա «Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժություններին՝ նա ասաց, որ այս տարի ևս Վրաստանում անցկացվելու են այդ զորավարժությունները։
Սակայն Ջեյմս Ապաթուրայը դժվարացավ ասել՝ արդյոք Հայաստանը կմասնակցի՞ դրանց, թե՞ ոչ։ Ամփոփելով՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ասաց, որ կփորձի պարզել այդ հարցի պատասխանը։