Նշանների քաղաքականություն

Ինձ թվում է՝ հայաստանյան քաղաքական ուժերն այդպես էլ մինչև վերջ չհասկացան, թե Հայաստանում ի՛նչ է տեղի ունենում վերջին երեք-չորս տարում, թե ի՛նչ՝ մեզնից ավելի ուժեղ, հոսանքի մեջ ենք մտնում, գործընթացի բուն՝ խորքային էությունը: Ինքս բնավ չեմ հավակնում «միակ հասկացողի» դերին, ոչ էլ, առավել ևս, վերամբարձ դիրքերից խոսող մարգարեի: Անհատ մարդը կարող է միայն զգալ, որսալ որոշ նշաններ, բայց իրապես հասկանալու համար պետք են շատ ավելի լայն հնարավորություններ և տեղեկատվական լայնք, քան կարող է ունենալ իր կյանքով ապրող մեկ մարդը:

Վստահ եմ, որ կան ինձնից և ավելի լավ հասկացող, և ավելի լավ իմացողները: Բայց մի բան է, երբ կան առանձին հասկացողներ, այլ բան է, երբ կա ավելի ընդհանուր, ավելի լայն, եթե ոչ՝ հստակ գիտակցություն, ապա զգացողություն, որի կրողն են հանրության առավել ակտիվ խմբերն ու շերտերը: Վերջինս չկա և ուշանում է:

Պետք է ուշադիր լինել նշաններին: Մարդս իրոք չի կարող ամեն բան իմանալ հաստատապես և տիրապետել տեղեկատվության ամբողջ ծավալին, բայց կարելի է և պետք է ուշադիր լինել նշաններին: Վերջին հաշվով, քաղաքականությունը, բացի ամենից, հենց նշաններին ուշադիր լինելու արվեստ է: Պատահական չէ, որ հնում այլազան՝ երկնային կամ երկրային նշաններով գուշակություններ «գիտությունները»՝ աստղաբաշխությունից մինչև հռոմեական աուսպիցիաներ (գուշակություն՝ ըստ թռչունների թռիչքի) սերտորեն կապվում էին քաղաքական բարձրագույն մակարդակի հետ, թագավորական արվեստ էին համարվում և միայն ավելի ուշ իջեցվել են կենցաղային մակարդակի՝ հասանելի դառնալով նաև շարքային քաղաքացիներին:

Մեր այսօրվա տեսակետից նման «գիտական» գուշակությունները, իհարկե, միամտություն են, բայց դրանք խորքային կապ են արտահայտում, որը գիտակցել են հնի մարդիկ, բայց տեղադրել են այն մեզ համար ոչ համարժեք թվացող ձևի մեջ: Այդ խորքային կապն այն է, որ քաղաքականությունը գործ ունի անհայտի հետ, հիմնվում է ոչ այնքան ստույգ և հաշվարկելի գիտելիքի և տեղեկատվության, որքան որսացվող նշանների, հազիվ նշմարվող զգացումների, համարձակությամբ գործելու, խաղադրույքներ անելու վրա:

Պետք է, ուրեմն, ուշադիր լինել նշաններին: Երբ երեք տարում մի երկրում տեղի է ունենում պատերազմ, զինված ապստամբություն, հեղափոխություն, դա չի կարող լինել սոսկ պատահական շարան, դեպքերի «պոպուրի»: Դա նշան է: Եվ սրան գումարած այլ՝ բազմաթիվ ավելի մանր «ենթանշաններ»: Զգայուն քթանցքներ ունեցող կենդանին նման նշաններ առնելուց հետո լարում է իր ուշադրությունն ու միացնում բնազդները, նայում է հեռուն՝ փորձելով նշմարել գալիք մերձարևադարձային անձրևի ծանր ամպի որտեղից ու երբ գալը:

Ռազմաճակատի վերաակտիվացումը, զինված գործողությունները մայրաքաղաքի ներսում, հեղափոխությունը, բոլորն առանձին-առանձին վերցված, կարող են և բացատրվել ներքին հանգամանքներով, բայց երբ դրանք իրար հետևից, բոլորը միասին, կարճ ժամանակահատվածում տեղի են ունենում միևնույն երկրում, դա արդեն հստակ նշան է (նշան, ոչ հաստատ գիտելիք) արտաքին ուժգնացող ազդեցության, մեծ հոսանքի, հորիզոնում նշմարվող քամու:

Արտաքին ազդեցությունը միշտ էլ կա, խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ նշանները վկայում են արտաքինի ուժգնացման, մեծ հաշվով, որոշիչ դառնալու մասին: Կարելի է հազար ու մի ներքին տրամաբանություն գտնել Հայաստանի վերջին 3 տարիների պատմության համար, և բոլորն էլ ճիշտ կլինեն, բայց հազարումին մի բան է, իսկ որոշիչ, հիմնական, տանող գործոնը՝ այլ: Վերջինը չի լինում հազարումի, այլ մեկ է:

Հայաստանը աշխարհաքաղաքական ցիկլոնային գոտու մեջ է մտել՝ սա է վճռորոշ գործոնը: Ոչ թե սովորական արտաքին ազդեցությունների մասին է խոսքը, այլ հենց ցիկլոնային գոտու, որը, թեկուզ անզեն աչքով տեսանելի չլինելով՝ ձևավորում է տեղական՝ տեսանելի եղանակը: Ներքին քաղաքականությունը պրծավ: Սա է, որ պետք է հասկանալի դառնա իր ողջ ծավալով՝ մինչև 2016-ը կար ներքին քաղաքականություն: Կար այն իմաստով, որ դա էր առաջնային, վճռորոշ: 2016-ից հետո էլ կա ներքին քաղաքականություն, բայց այն այլևս ցիկլոնի մասն է, և ցիկլոնն է վճռորոշ: Արմատական գիծ, սահման կա՝ մինչև 2016 և դրանից հետո: Եվ դա չի ավարտվել, շարունակվում է:

Այսօր գլխավոր քաղաքական խաղացողները գոնե արտաքուստ ձև են տալիս, թե հնարավոր է դեռ հին, դասական խաղերից խաղալ: Չեմ կարծում, որ նրանք ընդհանրապես չեն հասկանում փոփոխությունը, դրա արմատականությունը, դրա վեկտորը: Բայց զգացողություն ունեմ, որ մինչև վերջ չեն վերապրում դրա կարևորությունն ու գոնե առժամանակ՝ անդառնալիությունը:

Նոր ընդդիմությունը կարծում է, թե կարելի է իշխանություն-ընդդիմություն խաղից խաղալ՝ հին, դասական, անգիր արված, մի քանի ցիկլ արդեն տեսած: Նույն բառապաշարով, նույն ոճով, նույն տեխնոլոգիաներով, ինչ նախկին ընդդիմությունները: Ու մանուկի պես ուրախանում է տեղեկատվական պատերազմի ճակատում իր հաջողություններից, որոնք ակնհայտ են:

Իշխանությունն էլ կարծում է, թե հեղափոխություն է արել, ավարտել է, և այժմ, եթե ոչ՝ դափնիներ վայելելու, ապա առօրյա կառավարմամբ, սովորական ռիթմով, տեմպով, տրամաբանությամբ երկիրը ղեկավարելու ժամանակն է: Իբր պաշտոններ զբաղեցնելով, ԱԺ-ում մեծամասնություն ունենալով՝ իշխանության հարց է լուծվել, այլևս՝ հեղափոխությունն ավարտվել է:

Բայց այդպես չէ:

Ընդդիմությունը մտածում է, թե նոր կառավարության վարկանիշն արդեն բավականաչափ ընկել է, որպեսզի նախապատրաստվի վճռական գրոհի, որի նախապատրաստությունն է տեղեկատվական-քարոզչականը: Իշխանությունն էլ վախենում է, որ իր վարկանիշն ընկնում է, և մտածում է, թե ինչպես զգույշ լինի, որ ավելի չընկնի:

Կարծես քաղաքական հաջողությունը վարկանիշերով է վճռվում:

Երբ նույն այսօրվա իշխող ուժը սկսում էր իր հեղափոխությունը, ապա իրենց վարկանիշը չէր գերազանցում սովորական պառլամենտական ընդդիմադիր մի ուժի վարկանիշին՝ 5-10 տոկոսի սահմաններում: Վարկանիշը եկավ հաջողությամբ, իսկ դրա հիմքն էլ քաղաքական համարձակությունն էր, ռիսկը, ուժը: Նման տասնյակ օրինակներ կարելի է բերել՝ ոչ թե վարկանիշն է ուժ ծնում, այլ ուժն է ծնում վարկանիշ:

Մարդկանց միայն թվում է, թե կարող են հոսանքից ուժեղ լինել: Հոսանքը տանում է թույլերին թե ուժեղներին՝ տարբեր չափով ու տարբեր ձևով, բայց տանում է: Առավել թույլերը, որոնք լուրջ կամ բառացի են ընդունում խաղը, հոսանքի մեջ խորտակվում են առաջին վայրկյանից: Ուժեղները դիմադրում են, բայց եթե չեն գիտակցում, որ հոսանքը, միևնույն է, ավելի ուժեղ է, չեն դիմանում նաև իրենք: Քաղաքական մրցակիցներից յուրաքանչյուրն ունի իր պլանը, բայց իրական պլանն այն է, ինչ թելադրվելու է հոսանքով: Իշխանությունը մի օր կանգնելու է նոր՝ «երկրորդ հեղափոխություն» անելու, կամ չանելով՝ է՛լ ավելի թուլանալու երկընտրանքի առջև:

Իսկ ընդդիմությունն ինքն էլ չգիտակցելով՝ նախապատրաստելու է այդ երկրորդ սերիան ու կամ զոհ է դառնալու դրան, կամ առաջ են գալու նոր՝ այս պահին լիովին անկանխատեսելի ու անսպասելի կոմբինացիաներ: Բայց սրանք էլ՝ լինեն կամ չլինեն, ընդամենը մանրամասների տեղ կարող են անցնել: Որովհետև մնում է գլխավոր հարցը: Ինչո՞ւ ապակայունացավ իրավիճակը Հայաստանում՝ սկսած 2016-ից, և ի զորու կլինե՞նք արդյոք կառավարել ցիկլոնն ու հոսանքը, որի մեջ հայտնվել ենք՝ որպես պետություն, այլ ոչ թե՝ այս կամ այն կուսակցություն շահելու, այլ ոչ թե՝ տուժելու աշխարհաքաղաքական հերթական ճգնաժամից:

Մեզ պետք է ոչ թե իշխանություն-ընդդիմություն խաղի նոր թողարկում, ոչ թե պարտություն կամ հաղթանակ տեղեկատվական-քարոզչական պատերազմում, ոչ թե իշխանափոխությունների անվերջ, տաղտկալի ու է՛լ ավելի ապակայունացնող ցիկլ, ոչ թե «անվերջ վերադարձ», ոչ էլ՝ «նորմալ երկիր», այլ Հայաստանի պետության կենտրոնացում մարտահրավերների առաջ, ոչ ստանդարտ հղացքներ ու լուծումներ, «խաղից դուրս» մարտավարություններ և նոր մեծ հաղթանակ:

Տեսանյութեր

Լրահոս