Բաժիններ՝

«Ցավոք, մեր վարորդները տեսել են միայն կիսաքանդ գազելներ և չգիտեն, որ հանրային տրանսպորտում տեսախցիկների առկայությունն ամբողջ աշխարհում տարածված է»

Մարտի 7-ին Երևանի «Ավտոբուս» ՓԲԸ 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվել էին դուրս գալ երթուղի՝ բողոքելով ավտոբուսներում տեղադրված տեսախցիկներից, որոնք, Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ ծառայության որակը բարելավելու, ուղևորների անվտանգության, ուղևորահոսքերի կառավարման նպատակով է արվել:

«Բոլորիս համար սա անհասկանալի մի բան էր, դրա համար ունեցանք այն, ինչ ունեցանք: Երբ ամեն ինչ վերջնական տեսքի բերվեց, վարորդները հասկացան, որ սա նրանց աշխատանքի հետ կապ չունի»,- ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը՝ հավաստիացնելով, որ երթուղիները կշարունակեն անխափան աշխատել:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Տիգրան Քեյանը չի հասկանում, թե ինչո՞ւ էին վարորդները դժգոհում կամ շարունակում դժգոհել:

«Գրեթե բոլորի աշխատավայրերում տեսախցիկներ կան: Անվտանգության կանոններից ելնելով՝ աշխատանքային պրոցեսը տեսանկարահանվում է: Կարծում եմ՝ տեսախցիկներն այնպես պետք է տեղադրեն, որ վարորդներին չխանգարեն, երթևեկության համար խոչընդոտ չհանդիսանան: Մի շարք երկրների ավտոբուսներում ևս կան տեսախցիկներ: Շատ դեպքերում, երբ վարորդների վրա են հարձակվել, այդ ամենը տեսագրվել է, ու հետագայում նրանց ավելի շատ օգնել է, քան վնասել».- 168.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Քեյանը:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանի համար ևս անհասկանալի է վարորդների դժգոհությունը, հատկապես՝ նրանց այն դիտարկումը, թե իրենց անձնական միջավայր են մտնում:

«Սա հանրային տրանսպորտ է, ոչ թե սեփական մեքենա: Բացի այդ, ցավոք, մեր վարորդները տեսել են միայն կիսաքանդ գազելներ, հին ավտոբուսներ և չգիտեն, որ հանրային տրանսպորտում տեսախցիկների առկայությունն ամբողջ աշխարհում տարածված պայման է: Ցանկացած երկրի տրանսպորտում տեսախցիկներ են տեղադրված, նույնիսկ մեր հարևան Վաստանում է այդպես: Երևան-Աբովյան ավոտբուսներում էլ կան տեսախցիկներ, ու ոչ ոք այսքան ժամանակ չի բողոքել:

Գաղտնիք չէ, որ գողություններ են լինում, շատերը սկսել են բողոքել: Տեսախցիկ չկա, չի վերահսկվում, դրա համար այսպիսի խայտառակ վիճակ է մեզ մոտ:

Հետևաբար, վարորդներն իրենց ուշադրությունը պետք է միայն դարձնեն երթուղուն, անվտանգությանը, չվացուցակին: Միևնույն ժամանակ՝ չվարեն, չծխեն և հեռախոսով չզրուցեն: Իսկ վճարումը պետք է լինի քարտի միջոցով կամ այլ կերպ, բայց ոչ՝ վարորդին կանխիկ տալու ձևով»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն անդրադառնալով Երևանի «Ավտոբուս» ՓԲԸ 250-ից ավելի վարորդների բողոքի ակցիային՝ հայտնել է, որ քննարկվում է այն խնդիրը, թե ինչպե՞ս են 450 երթուղիներում փոփոխություններ իրականացնելու, որ պատշաճ սպասարկում իրականացնեն՝ մինչև նոր երթուղային ցանցի ներդրումը:

Նրա խոսքով՝ Երևան քաղաքում երթուղային ցանցը լավ չի աշխատում, ուստի ավելի արդյունավետ դարձնելու համար են կատարվում փոփոխությունները, տեղադրվում են տեսահսկման տեսախցիկներ: «Եթե կան մարդիկ, որոնց դուր չի գալիս, որ այդ աշխատանքները կանոնակարգվելու են, խնդիր չկա, կարող են դիմում գրել և դուրս գալ աշխատանքից, բայց քաոսը չի կարող երկար լինել, կանոնակարգումը անհրաժեշտ է»,- ասել էր փոխքաղաքապետը՝ ընդգծելով, որ տեսախցիկները դրվել են, որպեսզի հսկեն վարորդների վարքը, որ նրանք չծխեն, պատշաճ վարք դրսևորեն։

Քաղաքապետարանը նախատեսում է նաև տեսախցիկներ տեղադրել ավտոբուսի այլ հատվածներում՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս