Մի շարք փոփոխություններ` հանուն «Doing business»-ի
ՀՀ կառավարությունը մարտի 1-ին E-draft-հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Ըստ դրա հեղինակների՝ «ձեռնարկատիրական զարգացման համար կարևոր է պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու, հավասար մրցակցային պայմաններ և գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ ապահովելու քաղաքականությունը:
Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ, և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ, առավելապես՝ վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը»:
Նշվում է, որ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակված` «Գործարարությամբ զբաղվելը 2019» վարկանիշային զեկույցի տվյալներով, որը կազմվում է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա` Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցրել է 41-րդ տեղը: Հայաստանը նախորդ տարվա համեմատ արձանագրել է 2.06% աճ «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշով` գրանցելով 75.37 միավոր:
«Սույն նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:
Նախագծով հաստատվող հավելվածում սահմանվող միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը»,- գրված է նախագծի հիմնավորման մեջ:
Կառավարությունը մի շարք փոփոխություններ է նախատեսում տարբեր ուղղություններով՝ «ընկերությունների հիմնում», «շինարարական թույլտվություններ», «էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացում», «սեփականության գրանցում», «վարկերի ստացում», «փոքր բաժնետերերի պաշտպանություն», «հարկերի վճարում» և այլն։
Մասնավորապես՝ հարկային ոլորտում նախատեսվում է հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների և տեղեկությունների վրա ծախսվող ժամանակի կրճատում, հարկային հաշվարկների ինքնաշխատ լրացման (Pre-filing) համակարգի ընդլայնում, եռամսյակային պարբերականությամբ ԱԱՀ գումարների վերադարձի ապահովում, ԱԱՀ դեբետային գումարների վերադարձման ժամկետների կրճատում, ուղղակի հարկերի գծով հարկային բեռի նվազեցում։



