«Կան մարզային հեռուստաընկերություններ, որոնք առավոտից մինչև երեկո ռուսերենով են հաղորդումները ցուցադրում՝ խախտված է լեզվի անվտանգությունը». Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ այսօր Հայաստանում գործում են 128 հեռուստառադիո ընկերություններ, որից 120-ը լիցենզավորված են, 8-ը լիցենզիա չի ստացել, քանի որ 5 հեռարձակողներ կան հանրային ռադիոհեռուստատեսության տիրույթում՝ 2 հեռուստատեսային և 3 ռադիո ծրագրով, իսկ մյուս 3 ռադիոհեռուստաընկերությունները կարգավորվում են միջպետական պայմանագրով, և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը լիցենզիա չի տրամադրում։
«Լիցենզիա ստացած 120 ռադիոընկերություններից 102-ը հեռուստաընկերություններ են, իսկ 18-ը՝ ռադիոընկերություն, հեռուստաընկերություններից 35-ը եթերային է, 67-ը՝ կաբելային։ Եթերայիններից 23-ը թվային է, 12-ը՝ անալոգային։ Ունենք նաև հանրապետական 6 հեռուստաընկերություն և 9 մայրաքաղաքային։ Բոլոր հեռուստաընկերությունները հերթով ենթարկվում են մշտադիտարկման, հետևում ենք լեզվի պահպանությանը, հեղինակային իրավունքի պաշտպանությանը, հայրենական արտադրանքի տոկոսին, բռնության, երեխաների պաշտպանության և այլն, սրանք մեծ գործառույթներ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով հեռուստառադիո ընկերությունների եթերային խնդիրներին և դրանց լուծումներին։
Խոսելով խնդիրների մասին, Տիգրան Հակոբյանն առանձնացրեց երեքը, որոնք ծառացել են ոչ միայն հեռուստառադիո ընկերությունների, այլև ողջ հայ հասարակության առջև։
Այդ խնդիրները վերաբերում են հայերեն լեզվով, հայկական արտադրանքներին, հանրօգուտ բովանդակության ստեղծմանը և մարզային հեռուստաընկերություններին, որոնք ունեն բազում խնդիրներ։
«Ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի, հեռուստառադիո ընկերությունների եթերում պետք է պահպանվի հայրենական արտադրանքի 55 տոկոսը, սակայն մեզ մոտ այդ տոկոսը չի պահպանվում, եթե խոշոր հեռարձակողներն այդ տոկոսը պահպանում են, ապա մարզային հեռուստաընկերությունների մոտ ողբալի վիճակ է։
Մարզային հեռուստաընկերությունների մեջ կան այնպիսիները, որոնք ընդամենը 15-16 տոկոս հայերեն արտադրանք են տալիս, մարզի բնակիչները ստիպված են առավոտից մինչև երեկո դիտել ռուսերենով հաղորդումներ, համերգներ և այլն։ Այս ամենը բացասաբար է անդրադառնում հատկապես աճող սերնդի վրա, որոնք զրկված են հայերենով հաղորդումներ նայելուց։ Անոլոգային տիրույթում վիճակն ավելի ծանր է, եղել է հեռուստաընկերություն, որի մոտ հայերենով արտադրանքը կազմել է 1,1 տոկոս, միայն մեկ-երկու հայերենով գովազդ են ցուցադրում։ Մեզանում լեզվի անվտանգությունը խախտված է, անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ ամենը շտկենք, անկեղծ, ավելի լավ է մարզային այդ հեռուստաընկերությունը չգործի, քան ամբողջ օրը ռուսերենով արտադրանք ցուցադրի»,- ասաց Տ. Հակոբյանը։
Նրա դիտարկմամբ, եթե սկսեն խստորեն հետևել օրենքին, ապա մարզային հեռուստաընկերությունների մեծ մասը կարող է փակվել, քանի որ չունենք բավարար միջոցներ, որպեսզի թարգմանության գործն ավի։
Այս խնդիրը լուծելու համար Տիգրան Հակոբյանն իշխանություններին առաջարկում է երկու լուծում, նախ՝ պետք է փորձեն ամբողջ Հայաստանից հավաքել հարուստ հեռուստաընկերությունների թարգմանած սեփական արտադրանքը և ստեղծել հայերեն լեզվով հաղորդումների էլեկտրոնային շտեմարան, և մարզային հեռուստաընկերությունները պայմանագրերի շնորհիվ կարողանան օգտվել այդ շտեմարաններից։
Երկրորդ լուծումն այն է, որ ինչ-որ բազայի վրա ստեղծվի կրկնօրինակման ստուդիա, որպեսզի այն ֆիլմերը, որոնք ձեռք են բերում, թարգմանվեն, որից հետո միայն վաճառվեն հեռուստաընկերություններին, ինչի համար անհրաժեշտ կլինի պետական աջակցություն։
Անդրադառնալով հանրօգուտ հաղորդումներին, Տիգրան Հակոբյանը նկատեց, որ շատ հեռուստաընկերություններ, որոնք սնվում են միայն գովազդից, նրանց ձեռնտու չեն հանրօգուտ հաղորդումները, քանի որ դրանք վարկանիշ չեն բերում. «Օրինակ՝ հայկական արտադրության ցածրորակ սերիալները կարող են ավելի մեծ վարկանիշ ապահովել, քան հանրօգուտ հաղորդումները։ Որպեսզի կարողանանք ներդաշնակել նրանց կոմերցիոն նպատակաները և հանրօգուտ գործունեությունը, պետք է իշխանությունների աջակցությամբ ստեղծենք ֆոնդ և բոլոր հեռուստաընկերություններին իջեցնենք հանրօգուտ հաղորդումների պետպատվեր»,- շեշտեց Տիգրան Հակոբյանը։
Զվարթ Խաչատրյան