Դաստիարակության սխալներ, որոնք երեխաներին թույլ չեն տալիս հասնել հաջողությունների
Հոգեբանական բեսթսելերների հեղինակ, փորձագետ Թիմ Էլմորն իր հետազոտությունների արդյունքում պարզել է ծնողների տիպիկ սխալները, որոնք երեխաների մեջ նախապես ծրագրավորում են անվստահություն և սահմանափակում կարիերայում ու անձնական կյանքում հաջողակ դառնալու նրանց հնարավորությունները:
adme.ru կայքը խորհուրդ է տալիս բոլոր ներկա և ապագա ծնողներին՝ ծանոթանալ Էլմորի հոդվածին, որպեսզի թույլ չտաք այդ բացթողումները:
1. Երեխաներին թույլ չենք տալիս ռիսկի դիմել:
Մենք ապրում ենք ամեն քայլափոխի վտանգներով լի ժամանակակից աշխարհում: «Ապահովությունն ամեն ինչից կարևոր է» լոզունգն ուժեղացնում է մեր վախը, թե կկորցնենք մեր երեխաներին, դրա համար մենք նրանց պարուրում ենք համընդհանուր հոգատարությամբ: Եվրոպացի հոգեբանները հայտնաբերել են, որ եթե երեխաները չեն խաղում փողոցում, եթե նրանք երբևէ չեն ընկել կամ վնասել ծունկը, ապա մեծ տարիքում հաճախ տառապում են ֆոբիաներով: Երեխան պետք է մի քանի անգամ ընկնի, որ հասկանա` դա նորմալ է: Դեռահասները պետք է վիճեն և ապրեն առաջին սիրո ջերմությունը, որպեսզի ձեռք բերեն էմոցիոնալ աշխարհայացք, առանց որի անհնար է երկարատև հարաբերություններ ունենալ:
Երեխաների կյանքից բացառելով ռիսկը` մեծերը նրանց մեջ սերմանում են գոռոզություն, ամբարտավանություն և ցածր ինքնագնահատական ապագայում:
2. Մենք շատ արագ ենք օգնության հասնում:
Երիտասարդների այսօրվա սերունդը չի զարգացրել որոշակի հմտություններ, որոնք, ասենք, 30 տարի առաջ բնորոշ էին երեխաներին: Երբ շատ արագ օգնության ենք հասնում և երեխային պարուրում ենք «հոգատարությամբ», զրկում ենք նրան դժվար իրավիճակից ինքնուրույն դուրս գալու անհրաժեշտությունից: Վաղ թե ուշ երեխաները սովորում են, որ ինչ-որ մեկը միշտ իրենց զգուշացնի. «Եթե սխալվեմ կամ նպատակակետին չհասնեմ, ապա մեծահասակները կուղղեն և կվերացնեն հետևանքները»: Չնայած նրան, որ իրականում մեծերի հարաբերությունների աշխարհը կառուցված է լրիվ այլ կերպ:
Ձեր երեխաները մեծ տարիքում անընդունակ լինելու վտանգի տակ են:
3. Մենք շատ հեշտ հիանում ենք նրանցով:
Ինքնագնահատականը բարձրացնելու շարժումը սկսվեց դեռևս փոքրիկ «բումերների» սերնդից, իսկ 1980-ականներին այն իր արմատները գցեց դպրոցում: «Ցանկացած մասնակից ստանում է մի գավաթ» կանոնը թույլ է տալիս երեխային մտածել, թե ինքը յուրահատուկ է: Բայց ժամանակակից հոգեբանների հետազոտությունները ցույց են տալիս, որ խթանման այդ մեթոդն ունի անկանխատեսելի հետևանքներ:
Որոշ ժամանակ անց երեխան նկատում է, որ միայն ծնողներն են իրեն «հիանալի» համարում, իսկ մյուսները` ոչ: Այդ ժամանակ երեխան սկսում է կասկածել իր ծնողների օբյեկտիվության հարցում: Նրան հաճելի են գովեստի խոսքերը, բայց հասկանում է, որ դա ոչ մի կապ չունի իրականության հետ:
Ժամանակի ընթացքում երեխան սովորում է խաբել. չափազանցում և սուտ է խոսում, որպեսզի խուսափի անհարմար իրականությունից, որովհետև նա ուղղակի ընդունակ չէ դժվարությունների հանդիպել:
4. Եթե ձեր հարաբերությունները կառուցված են միայն նյութական խթանների վրա, ապա երեխաները չեն զգա ո՛չ ներքին մոտիվացիա, ո՛չ սեր:
Ձեր երեխան չպետք է ամեն րոպե ձեզ սիրի: Նա դեռ շատ անհաջողություններ պետք է հաղթահարի այս կյանքում, որին կարող է խանգարել երես առած լինելը: Դրա համար երեխաներին ասեք՝ «ո՛չ» և «ո՛չ հիմա», որպեսզի նրանք սովորեն պայքարել իրենց երազանքների և պահանջների համար: Եթե ընտանիքում մի քանի երեխա կա, ապա սովորաբար ծնողներն անարդար են համարում երեխաներից միայն մեկին պարգևատրելը և մյուսին ձեռնունայն թողնելը: Բայց բոլորին ու միշտ պարգևատրելն իրատեսական չէ: Այդպիսի գործողություններով մենք բաց ենք թողնում հնարավորությունը` երեխաներին ցույց տալու, որ հաջողությունը կախված է մեր սեփական ջանքերից ու բարի գործերից:
Լավ մտածեք, մինչև երեխաներին խրախուսելը` առևտրի կենտրոններ այցելություններով: Եթե ձեր հարաբերությունները կառուցված են միայն նյութական խթանների վրա, ապա երեխաները չեն զգա ո՛չ ներքին մոտիվացիա, ո՛չ անկասկած սեր:
5. Մենք չենք կիսվում մեր անցյալի սխալներով:
Կգա ժամանակ, երբ առողջ դեռահասն անպայման կցանկանա «տարածել թևերը» և կփորձի ինքնուրույն հարթել իր ճանապարհը: Մեծահասակը պետք է նրան թույլ տա դա անել: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է օգնենք երեխաներին՝ կողմնորոշվել անծանոթ իրերի կամ իրադարձությունների հարցում: Կիսվեք երեխաների հետ այն սխալներով, որոնք թույլ եք տվել, երբ նրանց տարիքին էիք, բայց խուսափեք ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի մասին ավելորդ բարոյախոսությունից:
Երեխաները պետք է պատրաստ լինեն անհաջողությունների հանդիպելուն և կարողանան պատասխան տալ իրենց որոշումների հետևանքների համար:
Պատմեք նրանց, թե ինչ եք զգացել, երբ բախվել եք նման իրավիճակների, ինչով եք առաջնորդվել ձեր արարքներում, ինչ դասեր եք քաղել:
6. Մենք շփոթում են ինտելեկտն ու տաղանդը հասունության հետ:
Ինտելեկտը հաճախ օգտագործվում է՝ որպես երեխայի հասունության միջոց, արդյունքում` ծնողները ենթադրում են, թե խելացի երեխան պատրաստ է իրական կյանքին: Բայց դա այդպես չէ: Որոշ պրոֆեսիոնալ մարզիկներ և Հոլիվուդի երիտասարդ աստղերը, օրինակ, մեծ տաղանդ ունեն, բայց մեկ է, ընկնում են հանրային սկանդալների մեջ: Մի համարեք, թե ձեր երեխան տաղանդավոր է ամեն ինչում: Գոյություն չունի կախարդական «պատասխանատվության տարիք» կամ ուղեցույց այն մասին, թե երբ է պետք երեխաներին տալ ինչ-որ կոնկրետ ազատություններ:
Բայց կա հրաշալի կանոն. հետևել այդ տարիքի մյուս երեխաներին: Եթե կարծում եք, որ ձեր երեխայի հասակակիցներն ավելի ինքնուրույն են, ապա հնարավոր է՝ ինքներդ եք խոչընդոտում, որ նա անկախանա:
7. Ինքներս չենք անում այն, ինչ սովորեցնում ենք երեխաներին:
Որպես ծնող՝ մենք պարտավոր ենք նախագծել այն կյանքը, որը ցանկանում ենք մեր երեխաների համար: Հիմա հենց մենք ենք մեր ընտանիքի լիդերները, հետևաբար՝ պետք է հավատարիմ մնալ ճշմարտությանը` շրջապատի հետ հարաբերություններում: Հետևեք ձեր քայլերին, նույնիսկ ամենաաննշաններին, որովհետև ձեզ հետևում են ձեր երեխաները:
Եթե դուք չեք գնում նշված կանոնների հետքերով, ապա երեխաները կմտածեն, որ դա անթույլատրելի է նաև իրենց համար: Ցույց տվեք երեխաներին, թե ինչ է նշանակում՝ լիարժեք և հաճույքով օգնել ուրիշներին: Մարդկանց և վայրերն ավելի լավը դարձրեք, քան դրանք ձեզանից առաջ էին, և ձեր երեխաները կանեն նույնը:
Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը