«Հնարավոր է նույնիսկ արտահանման ավելի մեծ թիրախի հասնել». Րաֆֆի Մխչյան
Կառավարության ծրագրում առկա սուղ թվերից ամենահավակնոտը, թերևս, արտահանման թիրախն է: 5 տարի հետո արտահանում/ՀՆԱ ցուցանիշը նախատեսվում է հասցնել 43-45%-ի: Մասնագետների մի մասը սա խիստ կասկածելի է որակում:
Մինչդեռ Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս թիրախին հնարավոր է հասնել:
«Բայց այդ հնարավորի համար աշխատանք պետք է անել, միայն ասելով չէ»,- հավելեց նա:
Ր.Մխչյանի խոսքով՝ ծրագրում նման ցուցանիշ ներառելը քաղաքական հարց է: Արտահանման կտրուկ ավելացման համար, գործարարի կարծիքով, պետք է ընդհանուր մթնոլորտը կարգավորելուց հետո նոր ներդրումներ լինեն, նոր արտադրանքներ ստեղծվեն. «Եվ, ինչո՞ւ չէ, հնարավոր է նույնիսկ արտահանման ավելի մեծ թիրախի հասնել, եթե ամեն ինչ ճիշտ արվի»:
Ր.Մխչյանը նշեց, որ հիմնական արտահանման տեմպերը միշտ տատանման մեջ են՝ հանքահումքային իրավիճակից կախված. «Եթե միջազգային շուկաներում պղինձն ու մոլիբդենը թանկանում են, արտահանում չի լինում: Այդ թեմաներից պետք է դուրս գալ, օգտագործել մեր պոտենցիալը, ներքին ուժը, որն այսօր որոշ չափով չենք օգտագործում՝ ՏՏ, արևային էներգիա և այլն: Ես տեղեկություններ ունեմ, որ որոշակի արտադրություններ արդեն սկսվել են և որոշակի նոր արտադրություններ պետք է սկսվեն այդ ոլորտներում, որոնք բավականին մեծ պոտենցիալ ունեն: Մեծ ուշադրություն պետք է դարձվի թեթև արդյունաբերությանը, տեքստիլին, և պետք է աշխատել, աշխատել, աշխատել: Մեծ աշխատանք պետք է տարվի»: