«Անորոշությունը կարգավորման գործընթացում շարունակվում է, ճեղքման հնարավորություն չեմ տեսնում»
«Ճեղքման հնարավորություն բանակցություններում չեմ տեսնում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Մյունխենում Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման արդյունքներին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարությունը հաստատել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությունը Մյունխենի անվտանգության համաժողովին՝ չբացառելով Մնացականյան-Մամեդյարով հանդիպում Մյունխենի համաժողովի կուլիսներում: ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ, եթե հանդիպումը համաձայնեցվի, հանրությունը կտեղեկացվի:
Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ վերջին մեկ ամսվա պաշտոնական հայտարարություններից երևում է, որ նախարարները միայն ժողովուրդներին խաղաղության պատրաստելու շուրջ են եկել համաձայնության, ինչն այդպես էլ պետք է լիներ, քանի որ կարևոր սկզբունքների բախումը` տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունքի իրացում, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դեռ շարունակվելու է:
Սա, Մաքֆարլեյնի համոզմամբ, խնդիր է դարձել ողջ աշխարհում այն իրավիճակներում, երբ նման հակամարտություններ են ի հայտ գալիս: «Լուծում այս հարցին դեռ չկա: Քանի դեռ չկա, կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն է առաջ մղելու, իսկ միջնորդները ցանկության և պահի նպատակահարմարության ներքո կարող են նախապատվությունը տալ այս կամ այն սկզբունքին՝ շահարկելով ստեղծված իրավիճակը: Սա հասկանում են նաև կողմերը և օգտվում իրավիճակից: Բացի դրանից, հասարակություններն այս իրավիճակում որևէ զիջում չեն ների իրենց իշխանություններին»,- ասաց վերլուծաբանը:
Ըստ նրա, հնչել են կողմերի դիրքորոշումները բացառող հայտարարություններ` արտացոլելով իրենց արմատական դիրքորոշումները:
«Բայց թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը փորձելու են շարունակել գործընթացի այս ակտիվությունը՝ նախապատրաստելով ղեկավարների մակարդակով պաշտոնական հանդիպում: Բայց դժվար է պնդել, թե արդյոք այդ հանդիպման համար մշակվո՞ւմ է փաթեթ, որը կներկայացվի ղեկավարներին: Կարծում եմ, որ այս ընթացքում նախարարական հանդիպումների հիմնական բաղադրիչը ղեկավարների հանդիպման կազմակերպումն էր և սեփական պնդումների առաջմղումը փափուկ բանակցությունների ձևաչափով: Սա կշարունակվի մինչև ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը:
Երևում է, որ հայկական կողմը միտված է աշխատել ավելի երկարաժամկետ գործընթացում՝ պրոցեսին միացնելով նաև Արցախին, իսկ Ադրբեջանը շտապում է, և դեռ ակնկալիքներ կան, որ կկարողանա հաջողել գործընթացն առաջ մղել առանց Արցախի մասնակցության: Դա, իհարկե, քիչ հավանական թվացող սցենար է:
Անորոշությունը կարգավորման գործընթացում շարունակվում է, ճեղքման հնարավորություն չեմ տեսնում: Հուսանք, որ այս երկարատև գործընթացի արդյունքում չի տուժի հասարակություններին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունը: Բայց, կարծում եմ, այդ պայմանավորվածությունը ևս վտանգի տակ է՝ առանց կարևոր հարցերում կողմերի միջև կոնսենսուսի»,- ասաց Մաքֆարլեյնը: