
Գերմանիայի առաջատար ուռուցքաբանն աշխարհում քաղցկեղով հիվանդությունների թվի աճ է կանխատեսում

Մինչեւ 2040 թվականը քաղցկեղով հիվանդության նոր դեպքերի թիվն ամբողջ աշխարհում գրեթե կկրկնապատկվի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Հայդելբերգում Գերմանիայի ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի (Das Deutsche Krebsforschungszentrum, DKFZ) ղեկավար, պրոֆեսոր Միխայել Բաումանը:
«Այո, դժբախտաբար, մենք քաղցկեղով հիվանդացության զգալի ավելացում կտեսնենք ամբողջ աշխարհում հետագա մի քանի տարվա եւ տասնամյակների ընթացքում: Մինչեւ 2040 թվականը նոր դեպքերի թիվը գրեթե կկրկապատկվի»,- հայտարարել է Բաումանը:
Մասնագետի խոսքով՝ Գերմանիայում հիվանդների թիվը նույնպես կավելանա, սակայն այդ աճն «այնքան դրամատիկ չի լինի, որքան մի քանի այլ երկրներում»: Այնուամենայնիվ, 2030 թվականին նոր դեպքերի քանակը «կաճի մինչեւ 600 հազար՝ ոչ վերջին հերթին ժողովրդագրական իրադրության պատճառով», կարծում է նա: Ներկայում Գերմանիայում քաղցկեղի տարբեր ձեւերով տարեկան կես միլիոն մարդ է հիվանդանում: «Քաղցկեղի ռիսկը տարիքի հետ մեծանում է, եւ, ցավոք, մեր տարիքն ավելի ու ավելի է առաջանում»,- հավելել է պրոֆեսոր Բաումանը:
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է փետրվարի 4-ին: Այդ միջազգային օրվա նպատակը քաղցկեղի՝ որպես արդի քաղաքակրթության ամենաահավոր հիվանդություններից մեկի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն է: