Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը չի քննարկելու «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևը, հարցադրում է արել՝ «պե՞տք է Փաշինյանի նման դիրքորոշումը գնահատել՝ որպես հրաժարում բանակցություններից»: Արդյոք Ադրբեջանը ճի՞շտ է ընկալել Փաշինյանին, և ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը նշել է, որ Հայաստանն՝ իր մասով մասնակցելու է բանակցություններին։

«Մենք չէ, որ պետք է բանակցություններից դուրս գանք կամ հրաժարվենք։ Խնդիրները հայկական կողմը չի ստեղծում։ Մենք շատ հստակ ենք արտահայտվել, դիրքորոշումը հայտնի է, ոչ մի փոփոխություն չկա, մեկնաբանության հարցն արդեն Ադրբեջանը թող որոշի»,- ասաց նա։

Վ. Կարապետյանը շատ տրամաբանական համարեց, որ նման իրավիճակում Արցախը, ի վերջո, կվերադառնա բանակցային սեղանի շուրջ.

«Հաշվի առնելով, որ նախ՝ խնդիրը վերաբերում է հենց ԼՂ-ին, ԼՂ-ի ժողովրդին և իր ժողովրդավարական պրոցեսով ընտրված ղեկավարությանը, և նաև այն հանգամանքը, որ ՀՀ իշխանություններն ընդգծում են, որ իրենք չեն ներկայացնում Արցախի ժողովրդին, այլ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն՝ եթե մենք հաշվի նստենք այս իրողության հետ, և եթե բոլոր կողմերն ընկալեն այս իրողությունը, ես դա հավանական եմ համարում»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը, հայտնվելով ծուղակում, դիմի ագրեսիայի, Վ. Կարապետյանը պատասխանեց.

«Ես չեմ ուզում մեկնաբանել երրորդ կողմի մտադրությունները, դա անշնորհակալ գործ է։ Այդ քննարկումն իմ իրավասություններից և լիազորություններից դուրս է։ Ինչ վերաբերում է մեր պատրաստված լինելուն, ապա մենք մշտապես պնդել ենք, որ պատրաստ ենք ցանկացած ոտնձգությանը, սադրանքին, և գնահատման հարց է, թե Ադրբեջանն ինչ մտադրություններ ունի։ Փաստն այն է, որ Դուշանբեի պայմանավորվածություններից հետո մենք ունենք որոշակի կայունություն շփման գծում, մենք չունենք զոհեր, իսկ առաջիկա զարգացումների վերաբերյալ կանխատեսումներ անելը, կարծում եմ, փոքր-ինչ անշնորհակալ գործ է»։

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմը գիտակցաբար և դիտավորյալ շրջանցում է Մինսկի խմբի համանախագահների առաքելության հիմնական մանդատը, այն է՝ երկարաժամկետ և կայուն խաղաղության լուծում տալը, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու անկախության համար պայքարի ճանաչումը.

«Պարզ է, որ ադրբեջանական կողմը, օգտվելով Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության քաղաքական տկարությունից, փորձելու է խեղաթյուրել և թելադրել սեփական կանոնները։ Ցավոք, այդ ներքաղաքական օրակարգում դրսևորվող սիրողականությունն ու անլրջությունը տեղափոխելով արտաքին քաղաքական և, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դաշտ, Նիկոլ Փաշինյանն անձամբ ստեղծում է իրավիճակ, որտեղ լեզու է դնում ադրբեջանական մանրապճեղ չինովնիկների բերանը»։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այս ընթացքում Հայաստանի նոր իշխանությունները, հետևողականորեն քանդելով նախկինում ձևավորված Հայաստանի բանակցային դիրքերը, ոչինչ կայուն, երկարաժամկետ և արժանահավատ չեն ստեղծել, և նման հայտարարությունները մի կողմից ստիպում են հասարակությանը այնուհանդերձ պատրաստվել ոչ թե խաղաղության, այլ՝ երկարաժամկետ լարվածության ու պատերազմի, մյուս կողմից՝ ընդգծում են այն վիճակը, որում մենք հայտնվել ենք։

Ա.Աշոտյանի խոսքով՝ ներքաղաքական դատարկախոսության ֆոնին արտաքին քաղաքական սնանկությունը դառնում է ազգային սպառնալիք.

«Պետք է բոլոր ջանքերը գործադրել՝ վերադառնալու բանակցային գործընթացի այն տրամաբանությանը, որը ձևավորվեց ապրիլյան պատերազմից հետո, և որն Ադրբեջանին պետք է պարտադրեր վճարել այդ պատերազմի քաղաքական գինը, հատկապես՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարմանը, մոռանալ Դուշանբեի պայմանավորվածության մասին, ստեղծել կայունության և միջադեպերի հետաքննության ինստիտուցիոնալ հիմքեր, ստեղծել ինստիտուցիոնալ վստահության մթնոլորտ, քիչ ժպտալ և գովել ադրբեջանական իշխանություններին՝ առավելագույնս սևեռվելով երկարաժամկետ խաղի կանոններում Հայաստանի և Արցախի ժողովուրդների շահերի լավագույնս ներկայացնելու հարցին, այդ թվում՝ վերադառնալով Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարմանը և պարտադրելով դրանք»։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը «շատ սպեկուլյատիվ», բայց և «սպասելի» որակեց։ Ըստ նրա՝ Բաքուն կարող էր բողոքարկել շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղադրման պայմանը, որը ստատուս-քվոյի ամրապնդում էր համարում.

«Բայց Ադրբեջանը որևէ փաստարկ չունի, թե ինչո՞ւ չի բանակցում Արցախի ղեկավարության հետ, և որևէ մեկին չի կարող համոզել։ Դա նրանց ամենաթույլ տեղն է։ Եվ այս մոտեցումը եթե ռազմավարության վերածվի, Ադրբեջանին բավականին բարդ իրավիճակի մեջ է դնում։ Փաշինյանի հայտարարության ենթատեքստն այն է, որ եթե տարածքի խնդիր եք քննարկում, գնացեք Արցախի հետ քննարկեք։ Նախկինում նման դժվար հարցերն իրենք շատ հեշտորեն լուծում էին՝ Ռուսաստանն ինչ-որ կերպ ազդում էր Սերժ Սարգսյանի վրա, և մենք տեսնում էինք, որ ստիպում էին՝ Հայաստանը հետ կանգնի այս կամ այն դիրքորոշումից։

Այժմ այդ մեխանիզմը գոյություն չունի, և ի՞նչ պիտի անի Ադրբեջանը։ Տարիներ շարունակ երբ բանակցությունների ժամանակ նրանք կրակում էին մեր զինվորներին, դա իրենց օգտին էր աշխատում, բայց հիմա ամեն մի կրակոց ակտիվացնում է Վիեննայի պայմանավորվածությունները, դրա համար էլ լռել են, չգիտեն՝ ինչ անեն։ Եթե կարողանային՝ կդիմեին ագրեսիայի»։

Մ.Սարգսյանը բնական համարեց, որ այս իրավիճակում Ադրբեջանը, ի վերջո, կդադարի դիմադրել, և Արցախը կվերադառնա բանակցային սեղան.

«Պետք է խնդիրը դնենք ու գնանք առաջ։ Իրենք ամեն ինչ կփորձեն անել, բայց շատ դժվար է, իրենք կորցնում են նրան, ում հետ կարելի էր խոսել տարածքների մասին։ Ո՞ւմ հետ պետք է քննարկեն այդ հարցերը։ Պետք է Մինսկի խմբին դժգոհեն, նրանք էլ ասելու են՝ գնա Արցախի հետ քննարկի։ Ավելի վաղ Փաշինյանն ասել է, որ դա Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածք է։ Եթե վիճարկում են այդ տարածքները, պետք է խոսեն այդ Սահմանադրության տերերի հետ։ Հայաստանն ի՞նչ գործ ունի՝ գնա, իր սահմանադրական սահմաններից դուրս խնդիրներ քննարկի։ Հայաստանը կարող է անվտանգության խնդիր քննարկել, որովհետև Արցախի անվտանգության երաշխավորն է»։

Տեսանյութեր

Լրահոս