Իսկ ո՞րն է կառավարության սոցիալական քաղաքականությունը

Որ կառավարությունը չունի տնտեսական քաղաքականության հայեցակարգ, փաստ է։ Այդպես էլ ինն ամիսը բավական չեղավ նման փաստաթուղթ ներկայացնելու համար։ Բայց այնպես չէ, որ կառավարությունը միայն այդ հարցում է թերացել։

Մինչև այժմ հայտնի չէ, թե ո՞րն է կառավարության սոցիալական քաղաքականությունը։ Հատկապես՝ այն բազում խոստումներից հետո, որ տրվել են հասարակությանը։

Չասենք, թե իշխանափոխությունից առաջ և հետո այսօրվա քաղաքական իշխանությունն ինչ է խոստացել հասարակությանը։ Այդ մասին այնքան շատ է խոսվել, որ ևս մեկ անգամ կրկնելու անհրաժեշտություն չկա։ Այլ հարց է, թե դրանց որ մասն է իրականություն դարձել։

Սոցիալական ոլորտում իշխանափոխությունից հետո քիչ բան է փոխվել, եթե, իհարկե, փոխվել է։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հասարակության մեծ մասի եկամուտները շարունակում են մնալ չափազանց ցածր։ Եթե կառավարությանը թվում է, թե նվազագույն կենսաթոշակը կամ անապահովության նպաստը մի քանի հազար դրամով բարձրացնելով՝ լուրջ խնդիր է լուծել, ապա չարաչար սխալվում է։

Իշխանափոխության ժամանակ և հետո հասարակությունը դրան չէ, որ սպասում էր։ Մարդիկ հույս ունեին, որ գոնե աշխատելու և արժանապատիվ ապրելու հնարավորություն կունենան։ Այնինչ այսօր կանգնած են հակառակ փաստի առջև։

Կառավարության գործողություններում առայժմ մեկ բան է ուրվագծվում. պետական կառավարման համակարգը պետք է օպտիմալացվի։

Ոչ մեկը չի ասում, թե օպտիմալացում պետք չէ։ Նման անհրաժեշտություն, անշուշտ, կա։ Բայց դա որևէ կերպ չի բխում սոցիալական այն իրավիճակից, որի մեջ գտնվում է երկիրը։ Օպտիմալացումը ենթադրում է հազարավոր աշխատեղերի փակում` հնարավոր սոցիալական հետևանքներով։

Կառավարությունը մի գլուխ խոսում է աշխատատեղերի կրճատման մասին, իսկ ո՞վ պետք է մտածի աշխատատեղեր բացելու մասին։ Այս հարցը կարծես ոչ մեկին չի հետաքրքրում։ Մինչդեռ դրանք պրոցեսներ են, որոնք պետք է զուգահեռ տարվեն, այլապես հետևանքները չափազանց ծանր կարող են լինել։

Առանց այդ էլ Հայաստանում գործազրկությունն այնպիսի մակարդակի է հասել, որ սկսել է սպառնալ ազգային անվտանգությանը։ Ներքին շուկայում աշխատանք չլինելու պատճառով մարդիկ փորձում են հաց վաստակել դրսում։ Թերևս դա էլ տարիներ շարունակ եղել է արտագաղթի հիմնական պատճառը։

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը Հայաստանին հայրենադարձություն էր խոստանում։ Սակայն այն, ինչ այսօր արվում է, ամենևին էլ դրա օգտին չէ։ Մի կողմից՝ աշխատատեղեր են կրճատվում, մյուս կողմից` նորերը չեն ստեղծվում։

Այլ բան, թերևս, դժվար էր սպասել, եթե հաշվի առնենք, թե ինչ վիճակում է գտնվում տնտեսությունը։ Հույսերը, որ ներդրումները կողողեն Հայաստանը, մեղմ ասած, չափազանցված էին։ Չեն իրականացվում նոր տնտեսական ծրագրեր, որոնք կարող էին ինչ-որ կերպ մեղմել գործազրկությունը։ Ընդհակառակը` աշխատատեղեր են փակվում ոչ միայն՝ պետական կառավարման համակարգում, այլև՝ տնտեսության մեջ։

Չնայած խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կառավարությունը հավաստիացնում էր, որ մեկ ամսից կգործարկվի Թեղուտը, այնուհանդերձ այդպես չեղավ։ Ավելին, վերջին շրջանում կան խոսակցություններ, որ Թեղուտի վերագործարկման ծրագիրը հարցականի տակ է։

Իշխանափոխությունից կարճ ժամանակ անց դադարեցվեց նաև Վանաձորի պղնձաձուլարանի գործունեությունը։ Կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի դա տեղի ունենա։ Ոչինչ, որ դրա հետևանքով մի քանի հարյուր մարդ զրկվեց աշխատանքից ու այսօր կանգնած է երկիրը լքելու խնդիրի առջև։ Արդեն խոսվում է այս տարածաշրջանից գարնանը սպասվող մեծ արտագաղթի մասին։

Ամիսներ շարունակ անգործ են մնացել այն շուրջ 1300 քաղաքացիները, ովքեր աշխատում էին Ամուլսարում։ Սկսել են հաշվել նաև դրա հետևանքներն արտագաղթի և մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Որքան երկար ձգվի այս գործընթացը, այնքան պատկերն ավելի տխուր կլինի։

Խնդիրը, անշուշտ, այն չէ, որ այս ձեռնարկությունները պետք է անպայման աշխատեն, անկախ նրանից, թե ինչ բնապահպանական հետևանք են ունենում։ Խնդիրն այն է, թե ինչ է անում կառավարությունը դրանցում զբաղված քաղաքացիներին այլընտրանք առաջարկելու առումով։

Իշխանափոխությանը հաջորդած ինն ամիսների ընթացքում դժվար է հիշել որևէ նշանակալի տնտեսական ծրագիր, որը գոնե կիսով չափ կփոխհատուցեր այս աշխատատեղերի կրճատումը։ Սպասել, որ դա կլինի առաջիկայում, ևս անհույս է։ Ու դեռ կառավարությունը նոր-նոր պատրաստվում է մեկնարկել պետական ապարատի օպտիմալացման գործընթացը։

Նախարարություններից բացի, արդեն խոսվում է նաև այլ ոլորտներում ևս լուրջ կրճատումներ իրականացնելու մասին։ Քննարկվում է մարզպետարանների աշխատակազմերը 30 տոկոսով լիցքաթափելու հարցը։

Սպասվում է այնպիսի խոշոր մի կառույցի լուծարում, ինչպիսին Սոցապ հիմնադրամն է։ Դրա հետևանքով անգործ կմնա ավելի քան 600 մարդ։ Շուտով հավանաբար կառավարությունը կանցնի նաև կրթության ոլորտի օպտիմալացմանը։ Դպրոցներում շուրջ 10 հազար ուսուցչի հաստիք ավելորդ է համարվում։

Ու այսպես շարունակ։

Ինչպես հայտնի է, պետական կառավարման համակարգում հայտարարվել է ընդհուպ մինչև մի քանի տասնյակ հազար մարդու կրճատման մասին։ Անշուշտ, լավ է, որ շատ ավելի քիչ անձնակազմով հնարավոր է իրականացնել նույն ֆունկցիան, ինչ մինչև հիմա։ Բայց դա դեռ հիմք չէ մարդկանց փողոց շպրտելու համար, որքան էլ գուցե նպատակն արդարացված է։

Կառավարության խնդիրը ոչ միայն պետության ծախսերի արդյունավետությունը բարձրացնելն է, այլև մարդկանց սոցիալական խնդիրները լուծելը, այդ թվում` աշխատանքով ապահովելը։ Իսկ ի՞նչ է արվել մինչև հիմա դրա համար։ Իշխանափոխությունից հետո Հայաստանում քանի՞ նոր աշխատատեղ է բացվել, որպեսզի մարդիկ աշխատանքը կորցնելուց հետո փողոցում չհայտնվեն։ Չկան նաև հիմքեր, որ վաղը դրանք լինելու են։

Դժվար չէ պատկերացնել, թե ուր է տանում այս քաղաքականությունը։ Մինչդեռ մարդիկ հույս ունենին, որ իշխանափոխությունից հետո լուծվելու են իրենց սոցիալական խնդիրները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս