30 տարուց ավել բանակ կառուցողները՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգյսանը և մյուս ղեկավարները Նիկոլի կողմից պիտակավորվեցին «բանակը թալանողներ». Հովասափյան
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Противника не вижу»․․․ սա էր այն ավետաբեր խոսքը, երբ 1992 թվականի մայիսի 8-ին ռադիոկապով ասվեց Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանին (այս մասին նախագահ Սարգսյանը կխոսի միայն 30 տարի անց)։
Ավելին, միայն 25 տարի անց մենք բոլորս կտեսնենք «Утверждаю» բառը՝ «Հարսանիք լեռներում» օպերացիայի պլանի տակ։ Սա մի գործողություն էր, որ փոխեց Հայոց ժամանակակից պատմության ընթացքը և սկիզբ դրեց հաղթանակների շքերթին, սրանք դատարկ խոսքեր չեն՝ ուղղակի պատմական նոթեր։
Կար ժամանակ՝ ուղիղ 28 տարի, երբ մայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր․ սիրտս թրթռում էր ուրախությունից և թնդում։ Առաջին անգամ այդ զգացումն ապրեցի 1992 թվականին, երբ դպրոց գնալիս (երկրորդ դասարան էի), առավոտյան 8։20 ռադիոն հայտարարեց, որ մերոնք մտան Շուշի։
Չնայած առանձնապես բան չհասկացա, բայց ներքուստ զգում էի, որ տեղի ունեցածը մի շրջադարձային իրադարձություն էր, քանի որ հնչած լուրին հաջորդեցին հայրենասիրական երգերի շարքը։ 7-ամյա դպրոցականի համար այդ օրը դարձավ մի առանձնահատուկ, և տարիներ անց արդեն խորքային ընկալում էի, թե իրականում ինչ է տեղի ուենցել։
Պաթոսի ու էմոցիայի ժամանակները վաղուց անցել են ու հիմա եկել է իրավիճակի ճիշտ ու սթափ գնահատելու պահը։ Իսկ իրականությունն այն է, որ 30 տարուց ավել բանակ կառուցողները՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգյսանը և մյուս հայ ռազմա-քաղաքական ղեկավարները Նիկոլի ու իր նմանների կողմից պիտակավորվեցին «բանակը թալանողներ»։
Հասկանում եք՝ բանակ սարքողներին սարքեցին «բանակ թալանող» և ոչ ոք չէր հարցնում, թե էդ ինչպես, դարեր շարունակ սեփական ազգային բանակ չունեցող ազգը հանկարծ կանոնավար բանակ ունեցավ։
Մայիսի 8-ը Նիկոլը ջնջեց մեր օրացույցից, բայց ջնջեց ժամանակավոր, գրեթե կասկած չունեմ, որ Շուշիի Ղազանչեցոցի զանգերը դեռ ավետելու են հայի ու հայկականության մասին, ու դա տեսնելու ենք բոլորս»։