Իշխանությունը քաղաքական հետապնդում է սկսել «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Վահե Դարբինյանի նկատմամբ

Կիրանցից մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին, ի թիվս այլ ուժերի, մասնակցում են նաև «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչները։ Նրանցից մեկը՝ Հայաստանում Էկվադորի պատվո հյուպատոս Վահե Դարբինյանը, որը քայլարշավի առաջին օրվանից Բագրատ Սրբազանի կողքին է, հայտնվել է իշխանությունների տեսադաշտում։

Նախ, նրան դիվանագիտական այդ կարգավիճակից զրկելու համար ՀՀ ԱԳՆ-ն մտացածին նամակ է գրել Էկվադորի ԱԳՆ և պնդել, թե իբր Դարբինյանը դիվանագիտական համարանիշներով իր մեքենայով միջպետական ճանապարհ է փակել։ Սա այն դեպքում, երբ ակցիաների ընթացքում Դարբինյանի մեքենան կայանված է եղել բացառապես կողնակի վրա։ Դա են վկայում «ՀայաՔվեի» իրականացրած ակցիաների բոլոր տեսագրությունները, որոնք լուսաբանվել են ուղիղ եթերում։ ՀՀ ԱԳՆ-ն անգամ որևէ ապացույց՝ լուսանկար կամ տեսագրություն, չի կցել այդ նամակին։

Բացի այդ, մի քանի օր է՝ հարկային տեռոր է սկսվել Վահե Դարբինյանին պատկանող «Պանտերա սիքյուրիթի» մասնավոր պահնորդական ընկերության գրասենյակում։ ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության մոտ 15 օպերլիազորներ ներխուժել են գրասենյակ և առանց որևէ ծանուցման կամ բացատրության՝ ստուգումներ են անում և փորձում են ինչ-որ չարահաշումներ գտնել։

Ուշագրավ է, որ ԱԳՆ-ի և ՊԵԿ-ի այս քայլերը հաջորդեցին մերձիշխանական քարոզիչ Հովսեփ Խուրշուդյանի մի ֆեյսբուքյան գրառման, որով նա կոչ էր անում ուշադրություն դարձնել Բագրատ Սրբազանի հետ նույն շարքում քայլող Վահե Դարբինյանի վրա՝ ենթադրելով, որ հենց նրան է վստահված Սրբազանի անվտանգությունը։

Տեսանյութեր

Լրահոս