Կառավարությունը կսահմանի դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը բուժաշխատողների համար կլինի պարտադիր

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական և կարևոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանմամբ։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։

«Ներկայումս բուժաշխատողներն իրենք են ընտրում այն ՇՄԶ դասընթացները, որոնց ցանկանում են մասնակցել, իսկ նախագծով առաջարկվում է սահմանել որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կլինի՝ անկախ մասնագիտական ուղղվածությունից։ Որպես այդպիսին կարող են լինել, օրինակ՝ արտակարգ իրավիճակներում աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության վերաբերյալ դասընթացները, էթիկական նորմերի իմացությունը և այլն։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների առցանց մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ և փոխհատուցման ենթակա դեպքեր, որի հաստատման լիազորությունը վերապահված է կառավարությանը»,- նշեց Ավանեսյանը։

Նախարարի կարծիքով՝ այս քայլը կարևոր խթան կհանդիսանա արտերկրում կազմակերպվող դասընթացներին առցանց մասնակցելու համար՝ հաշվի այն հանգամանքը, որ դրանց մասնակցության վճարը կառավարությունը կսուբսիդավորի սահմանված կարգով։

Տեսանյութեր

Լրահոս