ՀՀ-ի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել՝ դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին. Օհանյան

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. « Ազգային տոնացույցում կան օրեր, որոնք սրբագույն խորհուրդ ունեն ինձ համար։

Ու թեև ժամանակն այսօր այլ բովանդակություն է հաղորդել համազգային արժեքներին ու պայքարին, հերոսական ճանապարհներին ու կռած հաղթանակներին, միևնույն է, հիշողությունը տանում է հետ՝ դեպի Հաղթանակների մայիս, Շուշի, դեպի հայրերի բնօրրան Արցախ, որի ամեն թիզ հողն ազատագրվել էր համազգային՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության նվիրումի, պայքարի գնով ու սրբացել էր մեր մարտական ընկերների ու եղբայրների, մեր որդիների ու հայրերի արյամբ։

Վերադառնում ես ներկա։ Բեկումնային օրեր։ Պատմական նշանակություն ունեցող իրադարձություններ։

Եվ հայ ժողովուրդը, որ ինչպես անցյալ դարասկզբին, այնպես էլ այսօր իր գոյության իրավունքը պաշտպանելու հրամայական ունի, ոտքի է կանգնել՝ վստահելով, համախմբվելով Հայոց եկեղեցու հոգևոր հայրերի շուրջ։

Իմ զորակցությունը հայտնելով Բագրատ սրբազանին և բոլոր այն հոգևորականներին, ովքեր «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» շարժման առաջին շարքերում են, իմ աջակցությունը հայտնելով մեր հայրենակիցներին, ովքեր դուրս են եկել պայքարի՝ հանուն Հայրենիքի պաշտպանության, այն խորին համոզմունքն ունեմ, որ Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել, դառնալ միասնական և արժանապատվորեն դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին՝ մեր պետության, ժողովրդի դեմ գործող ուժերին (ներքին, արտաքին) արժանի հակահարված տալ»։

Տեսանյութեր

Լրահոս