
Ֆրանսիայում հինգ մարդ է ձերբակալվել Ստրասբուրգի ահաբեկչության հետաքննության շրջանակում. AFP

Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հինգ մարդու, որոնք կասկածվում են 2018 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգում իրականացված ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներ:
Նրանց տեղեկությունների համաձայն, ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել հունվարի 29-ի առավոտյան Էլզասում: AFP-ի տեղեկատվությամբ՝ ձերբակալվածները մեկ ընտանիքի անդամներ են: Նրանք կասկածվում են Շերիֆ Շեքաթին զենք մատակարարելու մեջ, որը հրաձգություն էր իրականացրել Ստրասբուրգի փողոցներում:
Դեկտեմբերի 11-ի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեքաթը Ստրասբուրգում հրաձգություն էր սարքել սուրբծննդյան տոնավաճառի հարեւանությամբ, ինչի հետեւանքով զոհվել էր հինգ եւ տուժել 14 մարդ: Քաղաքագլուխը հարձակումը որակել էր ահաբեկչական գործողություն:
Շեքաթը ոչնչացվել էր հատուկ գործողության ընթացքում: Ոստիկանները Շեքաթի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերել էին մի տեսագրություն, որում նա իր հավատարության մասին է հայտարարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարներին: Հետագայում այդ խմբավորումն ստանձնեց Ստրասբուրգի ահաբեկչության պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: