«Չեմ հասկանում, հայտարարությունն արվել է զուտ ՀՀ-իի բանակցային թիկունքը ամրապնդելու համա՞ր, թե՞ պարզապես Արցախը դառնում է շահարկման խնդիր ներքաղաքական հարցերում». Ստյոպա Սաֆարյան

«Ամենայն հարգանքով ՀՅԴ-ի դիրքորոշման նկատմամբ, բայց զարմանալի է, որ այն պահին, երբ իշխանություն չես լինում, սկսում ես կարևորել բաներ, երբ նախկինում դրա մասին քեզ ասում էին, պատասխանում էիր, թե մենք չենք կարող վնասել բանակցային գործընթացին, ՀՀ-ի և ԱՀ-ի համար ստեղծել պատերազմի ռիսկեր։ Ի վերջո, ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը նշանակում է՝ Արցախի դե յուրե  ճանաչում։ Երբ 2008 թվականից սկսած «Ժառանգություն» խմբակցությունով սա պնդում էինք, այն ժամանակ ՀՅԴ-ն և այլք տարբեր հակափաստարկներ էին բերում՝ նշելով, որ ճանաչումն Ազգային ժողովով չպետք է լինի, ճանաչումը վտանգավոր կլինի այժմ, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Հայ Հեղափոխական Դաշնակցության տարածած հայտարարությանը, ըստ որի՝ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև ստորագրվի ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագիր։

Նրա խոսքով՝ այժմ որքան էլ խոսքն Արցախի ճանաչման մասին չէ, այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ ռազմաքաղաքական դաշինքը ճանաչման ձև է, որքան էլ դրա մասին չբարձրաձայնեն։

«Հետևելով այսօր հնչած հայտարարություններին, Վիտալի Բալասանյանի՝ Արցախի համար ընդունելի և ոչ ընդունելի մասին, երբ խոսում են՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց բանաձևն անընդունելի է, կամ ՀՅԴ տարածած հայտարարության մեջ նույնատիպ ակնարկը, հարց է առաջանում, ո՞վ էր քսան տարի այդ բանաձևով բանակցում, ո՞ւմ իշխանությունն էր բանակցում, այն իշխանությունը, որի մեջ Հայաստանում և Արցախում մաս է կազմել Դաշնակցությունը։ Կրկնում եմ՝ լավ է, որ հայաստանյան քաղաքական ուժերը դիրքավորվում են այս բանակցային գործընթացի նկատմամբ, լավ է, որ որպես ընդդիմադիր կուսակցություններ՝ բարձր շեմ են դնում, բայց այն տպավորությունն է, որ այն, ինչ կարելի է իրենց, չի կարելի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Ի վերջո, 20 տարվա բանակցային ռելսերն այդպես մեկ օրում փոխել հնարավոր չէ։ Հիմա ի՞նչ ենք պահանջում՝ ոչ մի թիզ հող, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը միացնի Հայաստանին, չեմ հասկանում, այս հայտարարությունն արվել է զուտ Հայաստանի բանակցային թիկունքն ամրապնդելու համա՞ր, թե՞ պարզապես Արցախը դառնում է շահարկման խնդիր ներքաղաքական հարցերում»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը։

Կարդացեք նաև

Հարցին, եթե նման դաշինք ստորագրվի, միջազգային կառույցների կողմից այն ինչպե՞ս կընկալվի, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց՝ քանի որ շատ քիչ բան գիտեն, թե այս պահին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով ինչ դրույթներ են համաձայնեցվում՝բանակցությունների մեթոդաբանության, քննարկվելիք հարցերի և այլնի վերաբերյալ, ուստի միայն այդ ամենն իմանալու դեպքում հնարավոր կլինի ասել, թե ինչպես կարձագանքի միջազգային հանրությունը։

«Մեկ բան ակնհայտ է, որ չի կարելի անել քայլ, որն Ադրբեջանի համար ավելի կդյուրացնի ռազմական եղանակով խնդիրը լուծելը, հատկապես, երբ նա դրան ավելի շատ է ապավինում, քան խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը։ Խոսքս ամենևին չի վերաբերում անուղղակի ճանաչմանը կամ մնացած, այսպես ասած, մաքսիմալիստական պահանջներին։ Խոսքն ընդհանուր որևէ քայլի մասին է, զուտ՝ որպես մոտեցում։ Այս համատեքստում, եթե պատկերացնեք, որ բանակցությունների նախկին ռելսերից նորերի վրա տեղափոխվելն այդքան էլ դյուրին չի լինի,  և ժամանակ է պահանջվելու, ակնհայտ է, որ այն, ինչ այսօր առաջարկվում է, չի կարող ողջունելի լինել միջնորդների կամ այլոց կողմից, քանի որ դրանք ակնհայտորեն հակառակ են նրան, ինչը տասնամյակներով քննարկվել է»,- եզրափակեց Ս. Սաֆարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս