Պուտինի պատասխանը Փաշինյանին
Երեկ աշխատանքային այցով Ռուսաստանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով, ապա լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել։ Որքան էլ իշխանությունները փորձում են Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցը մեկնաբանել՝ որպես հաղթական, իրականում, սակայն, այն հերթական չստացված, ձախողված այցն էր։
«Երբ պատգամավոր էի, դեմ էի ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին, բայց դա չի նշանակում, որ այդ սխալի ուղղման համար պետք է անել ճիշտ հակառակ քայլեր»,- երեկ Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին։
Հիշեցնենք, որ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ նա սուր քննադատությունների էր ենթարկում նախկին իշխանություններին՝ Սերժ Սարգսյանին՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ։
«Գիտեք իմ դիրքորոշումն այդ առումով։ Երբ ես ՀՀ խորհրդարանի պատգամավոր էի, դեմ էի քվեարկել այդ որոշմանը։ Դրանից հետո մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ եթե մենք դա սխալ որոշում էինք համարում, չի նշանակում, որ այդ սխալի ուղղման համար պետք է անել ճիշտ հակառակ քայլեր։ Ես միշտ բերում եմ այս օրինակը։ ԱՄՆ նախկին նախագահներից Բարաք Օբաման համարում էր, որ նախկին նախագահ Բուշը սխալ էր արել, երբ զորք էր մտցրել Իրաք, ու արեց ճիշտ հակառակը՝ դուրս բերելով զորքերն Իրաքից, ու արդյունքում ի՞նչ ստացանք մենք, ստացանք «Իսլամական պետություն»։
ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, ու սա փաստ է, չեմ կարծում, որ կտրուկ շրջադարձերն օգտակար են միջազգային հարաբերություններում։ Ինչպես տեսնում եք, մեր ջանքերն այսօր ուղղված են նրան, որ դարձնենք ԵԱՏՄ-ն ավելի արդյունավետ, նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին։ Մենք արձանագրում ենք փաստն ու անում ենք ամեն հնարավորը, որ ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին լինի ավելի արդյունավետ, օգտակար ու հեռանկարային», – հայտարարել է Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը, փաստորեն, համեմատելով Իրաքից ամերիկյան զորքի դուրսբերման հետ։
Բացի այն, որ Փաշինյանը նյարդային նման հայտարարություններ արեց Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) մտնելու՝ ժամանակին գործած սխալի մասին, որպես անհաջող օրինակ՝ նշելով ամերիկյան օրինակը, և այն էլ՝ Մոսկվայում, նաև ակնհայտ էր այն անհարմար զգացողությունը, որ Փաշինյանը երեկ ուներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իրեն չընդունելու կապակցությամբ։
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը ևս անդրադարձել էր ՀՀ-ում «թավշյա հեղափոխությունից» հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածությանը: Հոդվածագիր Յուրի Սիմոնյանը նշել էր, որ, թեև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում լարվածության առկայությունը, այնուհանդերձ՝ կան հստակ պատճառներ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել՝ Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այդքան էլ անամպ չեն: Պարբերականի քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական կողմը դեռևս բավարար աստիճանի չի վստահում ՀՀ նոր իշխանություններին:
«168 Ժամի» տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը ջանքեր է գործադրել, որպեսզի Պուտինն իրեն ընդունի, ինչը նրա համար շատ կարևոր կլիներ այս փուլում, հատկապես՝ հայաստանյան հասարակական տրամադրությունները և իր հանդեպ սաստկացող քննադատությունները մեղմելու տեսանկյունից՝ թե՛ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով, թե՛ գազի գնի հարցով։ Ռուսները հստակ հասկացրել են, որ այս փուլում Փաշինյանի հետ խոսելու ոչինչ չունեն։
«Ստեղծված իրավիճակի ֆոնին Փաշինյանի մոսկովյան այցի օրակարգում Պուտինի հետ բանակցությունների բացակայության փաստը տագնապի նշան է: Ուրբաթ օրվա համար Վլադիմիր Պուտինի ազատ ժամանակի «դեֆիցիտը» Նիկոլ Փաշինյանի համար ամենահաճելի լուրերից չէր: Եվ դա Հայաստանում «մեկնաբանվելու» է վարչապետի հասցեին կրկնակի շատ քննադատությամբ»,- գրել է «Նեզավիսիմայա Գազետայի» վերլուծաբանը: Նշենք, որ ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահի աշխատանքային օրակարգում հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում դեռ նշանակված չէ:
Իհարկե, կա ՀՀ երկրորդ նախագահի խնդիրը (Վ. Պուտինը բազմիցս ցույց է տվել իր վերաբերմունքը Ռ. Քոչարյանի և նրա դեմ հարուցված քրեական գործի նկատմամբ), բայց ռուսական կողմին դուր չի եկել Դավոսում Հայաստանի վարչապետի և Ուկրաինայի նախագահի հանդիպումը՝ հաշվի առնելով հայ-ուկրաինական օր օրի սրվող հարաբերությունները, ինչպես նաև դուր չեն եկել զրույցներն ԱՄՆ նախագահի՝ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։
Այս ամենով հանդերձ, թեև Փաշինյանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության նախագահությունը, բայց Եվրասիական միության ամենաառաջատար երկրի ղեկավարը չի ընդունել նրան՝ փոխարենն առաջարկելով վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ զուտ արձանագրային հանդիպում։
Եվ անկախ այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական կողմին գոհացնելու, սիրաշահելու համար օրենքի շրջանցմամբ Սիրիա հայկական զորախումբ է ուզում ուղարկել, միևնույն է, Մոսկվայի սիրտը «շահել» չի կարողանում։ Նախկին իշխանություններին Փաշինյանը մշտապես մեղադրում էր Պուտինի կամակատարը լինելու, ինքնուրույնություն չունենալու և ՀՀ ինքնիշխանությունը տանուլ տալու փորձի մեջ, այնինչ իր այս քայլերով՝ շողոքորթությամբ և քծնանքով, նա իր նախկին մեղադրանքների սլաքներն այսօր ուղղում է իր դեմ՝ զուգահեռաբար նաև անվստահելի գործընկերոջ համարում ձեռք բերելով։