ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը` նոր փուլի շեմին

Հունվարի 22-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումի կուլիսներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը լայն քննարկումներ ծավալեց ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ: Դավոսյան հանդիպումը, որը հաջորդեց հունվարի 16-ին Փարիզում Մնացականյան-Մամեդյարով 4 ժամ տևած հանդիպմանը, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համաձայնությամբ, շարունակվեց ժամուկես: Սակայն հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիպումից մանրամասներ հայտնելով, նշեց, որ իրենց երեք հանդիպումների քննարկման բովանդակությունը կապված է բանակցային գործընթացի պատմության հետ:

«Քննարկել ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կարգավորման համատեքստում: Ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկել, ընդամենը մտքեր ենք փոխանակել: Սա նաև ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու հնարավորություն է: Ես ուզում եմ ընդգծել, որ քննարկումների հիմնական առանցքը այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային»,- ասել է Փաշինյանը: ՀՀ վարչապետի խոսքով` իր և Ադրբեջանի նախագահի հանդիպումը նախատեսված չէր:

Ն. Փաշինյանը հավելել է նաև, որ իր և Ալիևի հանդիպման մեջ դավադրություն փնտրել պետք չէ. երբ խոսում են երկու երկրների ղեկավարներ, նրանցից յուրաքանչյուրը խոսում է իր պետության շահերից: Չնայած Ն. Փաշինյանը պնդում է, որ հանդիպումների ընթացում կարգավորման կոնկրետ դետալներ չեն քննարկվել, կարգավորման ներկայիս փուլի շուրջ փորձագիտական կարծիքները տարբեր են: Ըստ որոշ փորձագետների` բանակցային սեղանին առկա է փաստաթուղթ, որի շուրջ արդեն բանակցություններ են ընթանում, իսկ կան վերլուծաբաններ, որոնք կարծում են, որ լուրջ բանակցային փուլը դեռ առջևում է:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացն այլևս պատրաստ է թևակոխել նոր փուլ այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց, այդ թվում՝ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան: Ըստ Տրոֆիմչուկի, դավոսյան հանդիպումը տարբերվում է ղեկավարների նախորդ հանդիպումներից, քանի որ Փաշինյանն ու իր աջակիցներն արդեն ստացել են անհրաժեշտ լիազորություններն ու կարգավիճակները: Նա նշեց, որ Բաքուն ցույց է տալիս, որ պատրաստ է բանակցային նոր փուլին, և դա ինչ-որ տեղ տարօրինակ է՝ հաշվի առնելով բոլոր այն կտրուկ հայտարարությունները, որոնք նա արել էր: Ուստի, ըստ նրա, այս ամենը «Նոր Երևանին» է ձեռնտու, որին Բաքուն ճանաչել է՝ որպես բանակցային ամբողջովին լեգիտիմ կողմ:

«Դա տարօրինակ է, եթե հաշվի առնենք վարչապետ Փաշինյանի շատ ավելի կոշտ դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ, քան նախագահ Սարգսյանի մոտ էր, ումից հատուկ ոչինչ չէր պահանջվում, բացի պարբերաբար, կանոնակարգված հայ-ադրբեջանական կլոր սեղանի շուրջ նստելը: Բայց Փաշինյանն ի սկզբանե հայտարարեց, որ այդ սեղանին ևս մեկ աթոռ է պետք մոտեցնել Ղարաբաղի համար: Եվ եթե Ադրբեջանն այդ առնչությամբ որևէ դժգոհություն չի հայտնում նույնիսկ բոլոր այս սկզբնական և ոչ պաշտոնական հանդիպումների ընթացքում, դա խոսում է այն մասին, որ Փաշինյանը կարողանում է հասնել իր ուզածին:

Այլապես Բաքուն իրեն այլ կերպ կդրսևորեր՝ հենց սկզբից մերժելով «փողոցի մարդկանց» բոլոր պահանջները: Հույսեր ունենալ, որ Ն. Փաշինյանը կսկսի, եթե այդպես կարելի է արտահայտվել՝ հետզհետե հողեր հանձնել Ադրբեջանին, միամիտ կլիներ: Ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ Փաշինյանը կարողացավ իր դիրքորոշումը ներկայացնել ոչ միայն Մոսկվային, այլև Բաքվին: Ի դեպ, շատ հետազոտողներ ուշադրություն հրավիրեցին Դավոսում երկու ղեկավարների համատեղ լուսանկարի վրա, որում Փաշինյանը, ասես, ծառայություն էր մատուցել՝ համաձայնելով այդ լուսանկարին:

Հաշվի առնելով ներկայիս ազդակները` կարելի է ենթադրել, որ բանակցային գործընթացի զարգացումը մեկն է լինելու` Ն. Փաշինյանը փորձելու է այն հարմարեցնել իրեն»,- նման կարծիք հայտնեց Գրիգորի Տրոֆիմչուկը:

Մեզ հետ զրույցում ֆրանսահայ վերլուծաբան Կայծ Մինասյանն ասաց, որ հաճախակի ոչ պաշտոնական հանդիպումները ղեկավարների միջև խոսում են այն մասին, որ ցանկություն կա միմյանց ճանաչել ավելի լավ, քանի որ Ալիևը չի ճանաչում Փաշինյանին, և՝ հակառակը: «Այնպես որ, մենք հանդիպում ենք սեղանի շուրջ, բայց չգիտեմ` արդյո՞ք երկու ղեկավարները բանակցություններ են վարում, թե՞ դա պարզապես ոչ ֆորմալ հանդիպում է: Սակայն, երբ լսում ենք հայ դիվանագետներին, հասկանում ենք, որ անհանգստանալու պատճառ չկա, քանի որ ոչինչ չի բանակցվում:

Դա կարող է ճիշտ լինել, գուցե միայն տեխնիկական խոսակցություն է, այլ ոչ թե՝ քաղաքական քննարկում: Բայց ես չեմ հասկանում Հայաստանի վարչապետի կողմից թափանցիկության բացակայությունը: Թափանցիկությունը նրա ուժն է, գաղտնիությունը Հայաստանի համար թուլություն է»,- ասաց Մինասյանը: Ըստ նրա, Երևանն ապացուցեց, որ անհրաժեշտ է փոխել մեթոդը, այլապես բացվում է պատերազմի վերսկսման ուղին:

Ֆրանսահայ վերլուծաբանի կարծիքով, հայկական դիվանագիտությունը պետք է դասեր քաղի անցյալի սխալներից: Նրա համոզմամբ, նախ՝ պետք է պահպանենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ պաշտոնական տեքստերը:

«Հայաստանը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի հայերի ֆիզիկական անվտանգությանը և խնդրի Մինսկի խմբին` ճնշել Բաքվի ռեժիմին հակահայկական ռասիզմը դադարեցնելու համար: Քանի դեռ Ադրբեջանը ռասիստական դիկտատուրա է, բանակցային հիմք չկա: Հայաստանը շատ զիջումների է գնացել, Ադրբեջանը՝ ոչ: Իրավիճակը պետք է փոխվի, և Մինսկի խումբը պետք է տեղյակ լինի այս անհավասարակշռության մասին: Կա՛մ Մինսկի խումբը դրա մասին տեղյակ չէ, և դա դիվանագիտական սխալ է իրենց կողմից, կա՛մ Մինսկի խումբը դա գիտակցում է, և դա իր մասնակցության ակտն է:

Երկու դեպքում էլ իրավիճակը պետք է ուղղվի: Մենք ունենք 30 տարվա կոնցեսիոն դիվանագիտություն: Մենք կարող ենք ավելի ուժեղ լինել, առանց պատերազմելու»,- այս համոզմանն է Կայծ Մինասյանը:

Ամփոփելով` նա նշեց. «The Velvet Revolution-ը քաղաքացիական և ազգային արժանապատվություն է` հիմնարար ազատությունների և պետության պաշտպանության համար: Ռեժիմի այս փոփոխության անվան տակ Հայաստանը չի կարող վերարտադրել Լևոն-Ռոբերտ-Սերժի սկզբունքները, որոնք թավշյա հեղափոխության համեմատությամբ՝ թուլության սկզբունքներ են»:

Տեսանյութեր

Լրահոս