
Կառավարությունն արտոնություն տրամադրեց ջինսե հագուստ արտադրող ընկերությանը

Կառավարությունը 3 տարով հետաձգեց «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռ. Զաքարյան» ՍՊ ընկերությունը նախատեսում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձր որակի ջինսե հագուստ։
«Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 1,42 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու համար»,- նշված է որոշման նախագծում:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 58 նոր աշխատատեղ` 105 հազ․ ՀՀ դրամ միջին աշխատավարձով: