«1.5 ժամանոց հանդիպման վերաբերյալ պատահականորեն Դավոսի միջանցքներում չեն պայմանավորվում». Ստեփան Սաֆարյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

«2015 թվականի վերջից բանակցային գործընթացն ուղղակի գոյություն չունի: Սա ասում եմ՝ հիշեցնելով, թե ինչպես 2015թ. վերջին հայկական ու ռուսական կողմերը հերքեցին «Լավրովի պլանի» գոյությունը՝ ընդհուպ մինչև ապրիլյան պատերազմի նախաշեմ: Մինչդեռ բոլորս գիտեինք, որ բանակցությունները դրա շուրջ են: 2016 թվականից հետո՝ և՛ մայիսին տեղի ունեցած Վիեննայի հանդիպման, և՛ հունիսին կայացած Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ու մյուս գործընթացները Մինսկի խմբի շրջանակներում ընդամենը կարելի է անվանել հետէսկալացիոն ստաբիլիզացիայի քայլեր: Միակ նպատակը տարածաշրջանը նախկին ելման դիրքին բերելն էր: Հայաստանում 2018թ. ապրիլյան ու մայիսյան զարգացումներն իսպառ կանգնեցրին այդ գործընթացը: Բոլորը սպասում էին իշխանության վերջնական ձևավորմանը:

Այստեղից հետևություն, որ մեկ վայրկյանում չի կարող բանակցային գործընթացը վերսկսվել, որը փակուղի է մտել կողմերի հակադիր դիրքորոշումների պատճառով: Պատահական չէ, որ այսօր նոր իշխանությունների ընդդիմախոսները հարց են տալիս, թե արդյո՞ք օրակարգից դուրս են եկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այս պայմանավորվածություններն օրակարգ չեն բերվել, որովհետև և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կես քայլ հետ են գնացել իրենց նախկին կարծր դիրքորոշումներից:

«Այժմ երկրի ղեկավարների, նախարարական մակարդակով տեղի է ունենում կոնտակտների վերականգնում և հաստատում: Առաջին հերթին կարևոր է բանակցային միջավայր ձևավորելը, հաղորդակցական ուղիներ հաստատելը: Կարծում եմ՝ առայժմ տեղի են ունենում հռետորաբանության շտկման խնդիրներ, որոնք կարմիր գիծը հատել էին մինչև հեղափոխությունը: Այո՛, Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը չէին կարող չորս ժամ հեքիաթներ պատմել միմյանց, բայց հավատացե՛ք, բանակցային գործընթացը չի ավարտվում կոնկրետ բանակցային առարկայի, այն է՝ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող դետալների քննարկմամբ: Հայաստանի ղեկավարությունը ճշգրիտ պետք է սահմանի նոր գործընթացի «դիզայնը»:

Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունը պետք է առաջնորդվի պարզ, հստակ մեկ տրամաբանությամբ. երբեք չխուսափել՝ ասել «ոչ», եթե դա Հայաստանի շահերին հակասում է, և թույլ չտալ, որ հակամարտության էությունը խեղաթյուրվի, ինչը նախկինում թույլ ենք տվել»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

Նրա դիտարկմամբ՝ Մնացականյան-Մամեդյարով, Փաշինյան-Ալիև հանդիպումները բանակցությունները նոր էջից սկսելու, պայմանավորվածությունների համար տեղի ունեցող հանդիպումներ են:

Ինչ վերաբերում է Դավոսում Փաշինյանի ու Ալիևի հանդիպմանը, նախապես այս մասին չհայտարարելուն՝ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ միգուցե հանդիպման հավանականությունը մեծ չի եղել, դրա համար էլ չեն հայտարարել նախապես:

«Համաձայն եմ, որ 1.5 ժամանոց հանդիպման վերաբերյալ պատահականորեն Դավոսի միջանցքներում չեն պայմանավորվում, բայց որևէ հանդիպմանը մասնակցելը նույնպես քաղաքական ակտիվ է: Ալիևը նախորդ տարիներին որևէ հանդիպմանը մասնակցելու իր պատրաստակամությունը վաճառել է՝ դրա դիմաց ստանալով ինչ-ինչ բաներ: Համաձայն եմ՝ բանակցային գործընթացի բավարար թափանցիկություն պետք է ապահովվի»,- նկատեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարը:

Խոսելով Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին՝ բանախոսը նշեց, որ այդ երկրում կան հսկայական խնդիր՝ սկսած սոցիալական անարդարությունից:

«2016թ. ապրիլյան պատերազմի նախաշեմին Ադրբեջանը կրկին նման սոցիալական բունտի առջև էր կանգնած: Բոլոր քաղաքներում աննախադեպ զանգվածային բողոքի ակցիաներ էին: Սրանք պատերազմի ռիսկեր ծնող գործոններից են: Բոլորը գիտեն, որ ներքին խնդիրներից  ուշադրությունը շեղելու լավագույն լուծումն արտաքին արկածախնդրությունն է»,- եզրափակեց Ստեփան Սաֆարյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս