Ալիևն «օգտակար» է անվանել Փաշինյանի հետ տեղի ունեցած զրույցները
Դավոսի համաշարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՊՀ գագաթնաժողովներին Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներն օգտակար էին կողմերի դիրքորոշումների որոշման ու Ղարաբաղի հարցով բանակցությունների ակտիվացման տեսանկյունից: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն։
«Ես հայկական կողմի հետ որևէ մակարդակով հանդիպումներից երբեք չեմ խուսափել, քանի որ մենք հետաքրքրված ենք հակամարտության հնարավորինս շուտ կարգավորման մեջ»,- ասել է նա։
Ալիևը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև լիարժեք բանակցություններ դեռևս տեղի չեն ունեցել, սակայն արդեն մի քանի «օգտակար զրույցներ» են եղել։
«Որպես այդպիսին հանդիպում չի եղել։ Մենք ունեցել ենք երկու զրույց։ Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ և Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովի ժամանակ։ Անվանել դրանք լիարժեք հանդիպումներ հնարավոր չէ: Բայց դրանք օգտակար զրույցներ էին, որոնք ուղղված էին կողմերի դիրքորոշումների որոշմանն ու բանակցային գործընթացին նոր ազդակ հաղորդելուն, որն այժմ ակտիվացել է», – ասել է Իլհամ Ալիևը։