«Ադրբեջանի հասարակությունը հոգնել է ալիևյան դիկտատուրայից». Ալեքսանդր Լապշին

«Եվրոպական դատարանը դիտարկում է իր հայցն ընդդեմ Ադրբեջանի»,- հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Ադրբեջանը քաղաքական ու կոռուպցիոն լծակներ էր փորձում օգտագործել՝ դա թույլ չտալու համար, որովհետև դա ուժեղ հարված կհասցնի նրանց, երբ դատարանը որոշում կայացնի Ադրբեջանի կողմից իմ սպանության փորձի մասով»,- նշեց Լապշինը:

Խոսելով Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին՝ բլոգերը նկատեց.

«Իմ հետ կապված պատմությունն Ադրբեջանի կողմից փորձ էր՝ ներքաղաքական հարցերը լուծելու համար: Նրանց պետք է թշնամու կերպար, որ ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղեն: Նրանց անհրաժեշտ էր ստեղծել կարծրատիպ, որ իրենց ամենամեծ արտաքին թշնամին Հայաստանն է: Կարծում եմ՝ նրանց ոչ թե Ղարաբաղն է պետք, այլ սառեցված կոնֆլիկտը, որը հնարավորություն է տալիս սեփական ժողովրդի մոտ իրենց նկատմամբ կիրառվող անօրինականությունների ու կոռուպցիայի մեջ մեղադրել Հայաստանին: Ես էլ այդ պատճառներից մեկն էի, որ նրանք մոգոնեցին այդ խնդիրների լուծման համար:  Ի դեպ, Ադրբեջանը ռուսական PR գործակալություններից մեկի  միջոցով որոշ բլոգերների գումար էր վճարել, որպեսզի իրենց «կարծիքը» հայտնեն իմ ձերբակալության վերաբերյալ, սևացնեն ինձ: Այս մասին իմացել եմ հենց այդ նույն բլոգերներից, ովքեր նեղացել էին Ադրբեջանից, քանի որ խոստացված գումարը չէին վճարել»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում իր  հետ տեղի ունեցած միջադեպին՝ բլոգերն ասաց, որ ավելի լավ էր՝ այն իր հետ չկատարվեր:

«Ամեն դեպքում լավատես եմ: Սա ինձ տվեց նոր գործընկերներ, այցեր, բայց կարծում եմ, որ ադրբեջանցիները վտանգավոր են, ոչ ադեկվատ, Սովետական Միության բարքերն են տիրում այնտեղ, ու երբ սա փլուզվի, ես հետ կնայեմ՝ տեսնելու, թե ովքե՞ր են իմ թիկունքում»,- ընդգծեց Ալեքսանդր Լապշինը:

Հարցին՝  արդյո՞ք կրկին գնալու է Արցախ, Լապշինը պատասխանեց.

«Կարծում եմ՝ հիմա պետք չէ այցելել Արցախ՝ ելնելով Ադրբեջանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններից: Որովհետև Արցախ կատարած իմ այցն Ադրբեջանի իշխանություններին հնարավորություն կտա կրկին ժողովրդի ուշադրությունը սևեռել դեպի ինձ: Բաքվում ընդդիմությունը ցույց է անցկացնում բլոգեր Մեհման Հուսեյնովին ազատ արձակելու պահանջով: Կարծում եմ՝ Ադրբեջանի հասարակությունը հոգնել է ալիևյան դիկտատուրայից: Այնտեղ կան խելացի մարդիկ, ովքեր ուզում են ապրել ազատ երկրում:  Նրանք տեսան, թե Հայաստանում ինչ տեղի ունեցավ նախորդ տարի ապրիլին, ու կարծում եմ՝ ուզում են, որ իրենց մոտ էլ նման բան լինի»:

Լապշինի խոսքով՝  առաջիկա տարիների ընթացքում  Ադրբեջանում որոշակի փոփոխություններ կլինեն, մինչդեռ դժվար է ասել՝ այն  Հայաստանի շահերից կբխի՞, թե՞ ոչ:

«Ալիևը վտանգավոր չէ Հայաստանի համար, նա ձեռնտու է Ռուսաստանին: Այն մարդիկ, ովքեր նրան փոխարինելու կգան՝ ավելի շատ ոչ թե կլանի, այլ ժողովրդի հետաքրքրություններից ելնելով են գործելու, ու անհասկանալի է, թե ինչ շրջադարձեր կլինեն»,- նշեց նա:

Ալեքսանդր Լապշինը տեղեկացրեց, որ Հայաստանում մնալու է մինչև փետրվարի վերջ:

«Այցելել եմ Հայաստան՝ որպես զբոսաշրջիկ: Մեքենա եմ վերցնելու ու շրջելու եմ երկրով մեկ, որպեսզի տեսնեմ այն, ինչ բաց եմ թողել: Գրություն եմ ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով թույլ տալ այցելել  սահմանամերձ գյուղեր, որպեսզի ցույց տամ Ադրբեջանի կրակոցների ներքո ապրող գյուղացիների կյանքը: Հուսամ՝ կթույլատրեն: Անպայման այցելելու եմ Սյունիքի մարզ, քանի որ այնտեղ դեռ չեմ եղել»,- եզրափակեց բլոգերը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս