«Նիկոլ Փաշինյանը և իր թիմն այն «կոմֆորտի զոնան», որ ունեին հեղափոխությունից հետո, այժմ կարծես թե չունեն». Քաղտեխնոլոգ
«Մեծ ուշադրությունը, որ բոլորը դարձնում են Ազգային ժողովին, պայմանավորված է այն գերսպասումներով, որոնք առաջացրել են հենց իշխանությունները։ Եթե հիշում եք՝ 7-8 ամիս առաջ, երբ նոր էր կառավարություն ձևավորվել, այն ժամանակ էլ ուշադիր էին և «լայվ» ռեժիմով էին հետևում կառավարության նիստերին։ Հետո աստիճանաբար ամեն ինչ հունի մեջ ընկավ, և բոլորը սկսեցին զբաղվել իրենց գործերով։ Կարծում եմ՝ այժմ էլ նույնն է լինելու, և 1-2 շաբաթից մեծ ուշադրություն չեն դարձնելու այս խորհրդարանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով նոր ձևավորված խորհրդարանին։
Նրա խոսքով՝ առաջին շաբաթվա խորհրդարանից ստացել է այն տպավորությունը, որ Ազգային ժողովում կա մի քանի շերտ. առաջինում տեղ են գտել այն պատգամավորները, որոնք անփորձ են, բայց իրենց անվանում են ոչ կաշառակեր, երկրորդում հայտնվել են այն պատգամավորները, որոնք նախորդ գումարման խորհրդարանում ևս կային և ֆորմալ գտնվում են ընդդիմադիր համարվող խմբակցություններում, կան և այնպիսիները, որոնք հայտնի են 1990-ական թվականներից և այսօր էլ ասոցիացվում են Լևոր Տեր-Պետրոսյան գործչի կամ նրա ղեկավարած քաղաքական ուժի հետ։
Ինչ վերաբերում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը, ապա, քաղտեխնոլոգի կարծիքով՝ այնտեղ կան գործիչներ, որոնց կրթությունը որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։
«Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեկ բան է՝ լինել մասնագետ, օրինակ՝ հասարակական հատվածում, մեկ այլ բան՝ երբ հայտնվում են քաղաքական դաշտում։ Ամեն դեպքում առաջին շաբաթվա տպավորությունն այն է, որ ոչ բոլորն են ընկալում, թե ուր են հայտնվել դեպքերի բերումով։ Շատերն այնտեղ պատահական են հայտնվել քաղաքական ինչ-ինչ գործընթացների արդյունքում։ Անկախ այն հանգամանքից, թե նրանք մասնագիտական ինչ արդյունքներ են ունեցել, պետք է հասկանան, որ քաղաքականությունում ամեն ինչ զրոյից պետք է սկսեն, սովորեն շատ արագ, քանի որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը այն «կոմֆորտի զոնան», որ ունեին հեղափոխությունից հետո, այժմ կարծես թե չունեն»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Ըստ նրա, ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո այս մթնոլորտի փոփոխությունը նյարդայնացնում է նաև իշխանություններին, ինչը բերելու է նրան, որ լինելու են ավելի շատ «կիքսեր»։
Անդրադառնալով խորհրդարանի ընդդիմադիր դաշտին, Վիգեն Հակոբյանը նկատեց, քանի որ այս պահին ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» չեն կարող իրենց թույլ տալ և թիրախավորել «Իմ քայլը» դաշինքին, ավելի շատ զբաղված են միմյանց քննադատելով։
«Չեմ կարծում, թե այստեղ խնդիրն այն է, որ նրանք պայքարում են, թե ով կլինի ընդդիմություն։ Եթե նայում ենք Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի ելույթներին, ապա նրանք առանձնապես նման ամբիցիաներ չեն դրսևորում, ավելին, Գ. Ծառուկյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ աջակցելու են Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ժողովուրդը նրան աջակցում է։ Այսինքն՝ մոտավորապես նույն դերն է խաղում, ինչ վերջին մի քանի գումարման խորհրդարաններում, բացառությամբ՝ 2015 թվականի, երբ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությամբ տարվեց և բավականին կոշտ պատասխան ստացավ։ Այս առումով, կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանը փորձում է իր դիրքերն ամրապնդել։
Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ այս պահին կենտրոնացած է ԲՀԿ-ի վրա, քանի որ կոշտ ընդդիմության հասարակական պահանջ առայժմ չկա»,- ընդգծեց Վ. Հակոբյանը։
Մանրամասները՝168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան