«Ադրբեջանի ընդդիմության շարքում Արցախի հարցում է՛լ ավելի ծայրահեղ նացիստական բաղադրիչներով դիրքորոշումներ կան». Դավիթ Բաբայան

«Ադրբեջանում թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը ներթաթախված են հայատյացությամբ, ուստի մտածել, որ ընդդիմության ներկայացուցիչները, օրինակ` Մամմադովը, ում Եվրոպան սատարել է, որ դուրս գա բանտից, Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ոչ ֆաշիստական դիրքորոշում են ունենալու, սխալ կլինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում ծավալված ներքաղաքական գործընթացներին:

Հիշեցնենք, որ Բաքվում օրերս ընդդիմությունը վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքն է անցկացրել։ Այն կազմակերպել էր «Ժողովրդական ուժերի ազգային խորհուրդը» (տարբեր ընդդիմադիր կուսակցությունների անդամների միավորող կոալիցիան)։ Մասնակիցները պահանջում էին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և բլոգեր Մեհման Հուսեյնովին։

Հուսեյնովը բանտում հացադուլ է անում՝ բողոքելով իրեն մեկ այլ մեղադրանքով ազատազրկման ենթարկելու փորձի դեմ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 2800 մարդ, ըստ ընդդիմության՝ 20 հազար մարդ։ Հանրահավաքին ելույթ են ունեցել «Մուսաֆաթ», «Հանրապետական այլընտրանք» և Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները և քաղաքական ակտիվիստներ։ Իրենց ելույթներում նրանք քննադատել էին երկրի իշխանություններին, խոսել կոռուպցիայի, վատ տնտեսական դրության և մարդու իրավունքների խախտումների մասին։ Բացի այդ, նրանք վրդովմունք էին հայտնել Ադրբեջանի կառավարության չափազանց խաղաղասիրական դիրքորոշմամբ ղարաբաղյան հարցի շուրջ։ Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահը կոչ է արել հավաքվածներին գալ հաջորդ ցույցին, որը կկայանա մեկ շաբաթից` հունվարի 26-ին։

Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախում ուշի-ուշով հետևում են Ադրբեջանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին: «Ավելին, չենք կարող չհետևել, պարտավոր ենք հետևել, քանի որ, բացի այն, որ Ադրբեջանը հարևան երկիր է, Ադրբեջանի հետ մենք ունենք յուրահատուկ հարաբերություններ»,- նկատեց Բաբայանը:

Ներկայացնելով իր տեսակետը՝ Ադրբեջանում տեղի ունեցողի վերաբերյալ, և ընդդիմության դիրքորոշումն Արցախյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ` արցախցի պաշտոնյան ասաց, որ հանրահավաքի հիմնական նպատակը ներքաղաքական պայքարն է: Նրա խոսքով, այնպես է ստացվել, որ Ադրբեջանում թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը ներթաթախված են հայատյացությամբ, ուստի մտածել, որ ընդդիմության ներկայացուցիչները, օրինակ` Մամմադովը, ում Եվրոպան է սատարել, որ դուրս գա բանտից, Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ոչ ֆաշիստական դիրքորոշում են ունենալու, սխալ կլինի, քանի որ նրանց դիրքորոշումը նույնն է:

«Սրանք ներքաղաքական բողոքներ են ալիևյան կեսդարյա իշխանության դեմ, 1970 թվականից 50 տարի է՝ ալիևյան կլանն իշխանության է: Ի դեպ, ասել նաև, որ ադրբեջանական ընդդիմությունը գալու է և Ադրբեջանը դարձնի եվրոպական, ժողովրդավարական երկիր, սխալ է:

Ընդդիմության շարքերում Արցախի հարցում տարբեր մոտեցումներ կան, էլ ավելի ծայրահեղ նացիստական բաղադրիչներով դիրքորոշումներ ունեն որոշ ընդդիմադիրներ: Ադրբեջանցի քաղաքական գործիչների արտաքին քաղաքական դիրքորոշումները նույնն են, սա ցույց է տալիս, որ այնտեղ ժողովրդավարությունը լուրջ խնդիրներ ունի»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ այս գործընթացները գուցե որոշակի ազդեցություն ունենան հակամարտության վրա, և դա կախված է տարբեր երևույթներից, թե ինչ է տեղի ունենալու, ինչ ձևով է տեղի ունենալու և երբ:

«Սովորաբար ներքաղաքական պայքարից շեղելու համար իշխանությունները կարող են ինչ-որ սադրանքների դիմել սահմաններին: Ընդդիմությունը ևս իր կարգախոսներում խոսելու է Արցախի ազատագրման մասին, ադրբեջանցիների ոտնահարված իրավունքների վերականգնման մասին, Արցախի հարցում չկա որևէ տարբերություն ներկայիս իշխանությունների և ընդդիմության դիրքորոշումներում»,- ասաց Բաբայանը:

Իսկ իշխանափոխության պարագայում, նրա կարծիքով, Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը որևէ դիրքորոշում չի փոխի, քանի որ իշխանության և ընդդիմության դիրքորոշումները նույնական են:

Պաշտոնյայի խոսքով, իշխանափոխության հավանականությունը դեռևս քիչ է: Նրա խոսքով՝ ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանան այս գործընթացները:

«Ադրբեջանում եղել են իշխանափոխություններ, մի քանի անգամ են եղել: Մութալիբովին են հանել, էլչիբեյին և այլն: Նմանատիպ զարգացումներ կարող են լինել նաև հետագայում, այս պահի դրությամբ, ամենայն հավանականությամբ, Ալիևին կհաջողվի պահպանել իր իշխանությունը, քանի որ ընդդիմությունը չունի մեկ առաջնորդ, կան մի քանի լիդերներ, բայց ոչ մեկ առաջնորդ, ինչը խնդիր է, եթե խոսում ենք նրանց հաջողության հասնելու հնարավորության մասին:

Նախորդ իշխանափոխությունների ժամանակ Ադրբեջանն ունեցել է առաջնորդներ, նրանք կարողացել են տանել իրենց հետ հասարակությանը, իրավիճակը երկբևեռ է եղել: Եթե ներկայումս ձևավորվի նման իրավիճակ, հնարավոր է իշխանափոխություն, իսկ ներկայումս այդպիսի իրավիճակ չկա` չկա մեկ ընդհանուր բլոկ, մեկ ղեկավար, մեկ ուժ»,- ասաց Դավիթ Բաբայանը:

 

Տեսանյութեր

Լրահոս