«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք». Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում այցելել են Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի։

Նրանք ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահն «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Մեկ տեղում հավաքված է ամեն ինչ՝ հայկական պետականությունն իր դրոշով և զինանշանով, հայ առաքելական եկեղեցին և, իհարկե, մեր ապագան՝ դպրոցը,- ասել է նախագահ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով հայ համայնքին միասնականության, նվիրվածության, հայրենասիրության և ազգային արժեքների պահպանության համար։ – Կուզենայի ձեզ հետ միասին ապրել այն օրը, երբ մենք կմոռանանք «սփյուռք» բառն ու բոլորս հայաստանցի լինենք։ Մեր բոլորի կիզակետն ի վերջո հայրենիքն է, սակայն ուզում եմ ձեզ հետ կիսվել նաև մեկ այլ մտքով։

Այն փաստը, որ մենք ապրում ենք աշխարհի տարբեր երկրներում, սփռված ենք աշխարհի տարբեր մասերում, գուցե ոչ թե թերություն է, այլ ընդհակառակը՝ առավելություն է, որովհետև մենք աշխարհի այն քիչ ժողովուրդներից ենք, որոնք կարող են շատ հստակ ասել, որ մենք փոքր պետություն ենք կամ նույնիսկ ունենք փոքր երկու պետություն, բայց համաշխարհային ազգ ենք` իրար հետ շատ սերտ կապված։ Մենք ստեղծել ենք 21-րդ դարի փոքրիկ տիպարը, որովհետև 21-րդ դարում ամբողջ աշխարհը, ողջ աշխարհի բնակչությունը, անկախ նրանից, թե որտեղ է ապրում՝ Ավստրալիայից մինչև Ռուսաստան, Եվրոպայից մինչև Միացյալ Նահանգներ, ապրելու է որպես մեկ ընդհանուր ընտանիք՝ մարդկության ընտանիք: Աշխարհը գնալով փոքրանում է, քանի որ բնակչությունն է մեծանում: Փոքրանում է, որովհետև բոլորս իրար հետ կապված ենք:

Փոքրանում է, որովհետև եթե քսան տարի առաջ մեկը ասեր, որ Հայաստանում տեղի կունենան փոփոխություններ, զարգացումներ և դուք կարող եք նույնիսկ հեռվից լինել դրա մասնակիցը, գուցե ձեզնից շատերն ասեին, որ հնարավոր չէ։ Եվ ահա, ընդամենը քսան տարի անց այդ ամենը հնարավոր է։

Այս հնարավորությունը թույլ է տալիս մտածել բոլորիս, որ մեր մասնակցությունը Հայաստանին այսօր շատ ավելի խորն է, և հնարավորություններն են շատ ավելի մեծ։ Մենք ոչ միայն հոգով, սրտով, հավատքով ենք հայրենիքի հետ, ձեզնից յուրաքանչյուրը նաև ֆիզիկապես է կապված հայրենիքի հետ։ Ֆիզիկական կապը գուցե ինտերնետային, վիրտուալ կապ է, բայց շատ էական է։ Հայաստանում տեղի ունեցած մեծ փոփոխությունների, այն է՝ թավշյա հեղափոխության կամ հայկական ձևով հեղափոխության մասնակիցները միայն ՀՀ քաղաքացիները կամ Երևանի փողոցներում գտնվողները չէին, հեղափոխության իրադարձություններին մասնակցում էին շատ շատերը։ Ինչ-որ իմաստով մեր ողջ ժողովուրդը՝ Լոս Անջելեսից մինչև Եվրոպա ու Միջին Արևելք, ապրում է հայրենիքի վիճակով, հայրենիքում կատարվող իրադարձություններով ու, ընդհանրապես, հայրենիքով։

Ես համարում եմ, որ մեր ազգը 21-րդ դարի ազգ է, որովհետև 21-րդ դարում շատ արժեքներ փոխվելու են, 21-րդ դարում հզոր է լինելու ոչ թե այն ազգը կամ պետությունը, որն ունենալու է շատ մեծ բնական հարստություն, այլ այն ազգը, որը կարողանալու է փոքր տարածքում փոքր ուժերը միավորել, այն ազգը, որը կարողանալու է իր մտավոր ունակություններն ի մի բերել, ծառայեցնել հայրենիքին։ Կարծում եմ՝ այս բոլորը մենք ունենք, ավելին, ես հավատում եմ, որ մենք Աստծո ընտրյալ ազգ ենք։ Մենք ազգ ենք, որն Աստծո ընտրությամբ անցել է ամենաանհնարին փորձությունների միջով, տեսել աշխարհի վատթարագույն դժոխքը՝ Եղեռնը: Բայց այսօր ոչ միայն կանք, ոչ միայն գոյություն ունենք, այլև ուժեղ ենք, հզոր։ Մենք հաղթող ժողովուրդ ենք։ Հաջորդ հաղթանակներն առջևում են, և այդ հաղթանակները լինելու են ոչ միայն ռազմի դաշտում, այլև մեր ազգային շահերի, պետականության բոլոր ոլորտներում։

Այս երեք-չորս օրվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրություններում իմ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում ես մեկ գնահատական եմ լսել հայերի մասին՝ ազնիվ, աշխատասեր, նվիրյալ, բարի, հայրենասեր մարդիկ, ովքեր այսօր սփռված լինելով աշխարհով, աշխարհի բոլոր կետերից կարող են հայրենիք բերել իրենց գիտելիքը, հնարավորությունները, կապերը, ցանկությունն ու աշխատանքը։

Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք և հաղթելուց ու հաջողելուց բացի այլ ճանապարհ չունենք»:

Հայաստանի նախագահն անհրաժեշտ է համարել, որ բոլորս միասին, համախմբված ծառայենք մեր ընդհանուր նպատակին, մեր հայրենիքին, մեր ժողովրդին, աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ «Դուք, ձեր ծնողները, ձեր ծնողների ծնողները ծնվել են Հայաստանում։ Հետևաբար, բոլորդ հայաստանցի եք, որ ժամանակավորապես ապրում է դրսում, բայց միևնույնն է, մի օր, Աստծո կամքով, բոլորը վերադառնալու են մեծ, ազատ, անկախ, ժողովրդավար հայրենիք։

Ես վստահ եմ, որ ոչ միայն վերադառնալու ենք, այլև դառնալու ենք աշխարհի առաջավոր երկրներից մեկը, որովհետև 21-րդ դարում ամենամեծ արժեքը լինելու է մարդու գիտելիքը, աշխատելու ունակությունը, որը մենք ունենք։ Հետևաբար, ես կարծում եմ, որ իսկապես 21-րդ դարը մերն է լինելու, բայց այդ ճանապարհին առաջին քայլերն այսօր ենք անելու»,-ասել է նախագահ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս