Որ պարագայում Հայաստանը կկարողանա օգտվել եմ ներդրումային նոր ծրագրից
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքական նշանակության շուրջ հայաստանյան քննարկումների ֆոնին Հայաստանը եվրոպական նոր ներդրումներ ներգրավելու հնարավորություն է ստանում:
Հունվարի 15-ին Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակվել, որ «Արևելյան գործընկերություն» (ԱլԳ) ծրագրի անդամ երկրներում տրանսպորտային կապի ամրապնդման և տնտեսական աճի խթանման նպատակով Եվրոպական հանձնաժողովն ու ՀԲ-ն համահեղինակել են ներդրումային գործողության ծրագիր (Indicative trans-European Transport Network (TEN-T))` նախատեսված Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի համար: ԱլԳ գոտում ներդրումային ծրագրերի իրագործման համար ԵՀ-ն տրամադրելու է 13 մլրդ եվրո:
Արդյունքում՝ կառուցվելու է 4800 կմ երկարությամբ ճանապարհ ու երկաթգիծ, վեց նավահանգիստ, 11 լոգիստիկ կենտրոն: Բացի այդ՝ կվերանորոգվեն հին ճանապարհները, երկաթգծերը, նավահանգիստները, օդանավակայանները, լոգիստիկ կենտրոնները, սահմանային անցակետերը: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն ընդգծել է, որ նոր ներդրումային ծրագրի նպատակն է՝ էական, շոշափելի արդյունքներ ապահովել ԱլԳ տարածաշրջանի բնակիչների համար: Տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլկը նշել է, որ ԱլԳ տարածաշրջանում, ինչպես նաև դրա ու ԵՄ-ի միջև տրանսպորտային կապի բարելավումը տնտեսական աճը խթանելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ ունի:
Ներդրումային ծրագիրը ներառում է՝ ինչպես կարճատև, այնպես էլ՝ երկարատև նախագծեր, որոնց մի մասի իրագործման շնորհիվ տրանսպորտային կապի բարելավման առաքելությունն ավարտված կլինի 2020թ., իսկ մյուս մասի դեպքում՝ 2030թ. դրությամբ:
Մեզ հետ զրույցում բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ այս ծրագիրը ԵՀ ակտիվ օրակարգում էր վերջին 3-4 տարվա ընթացքում, և այդ մասին պարբերաբար խոսում էր հանձնակատար Հանը՝ նպատակ ունենալով նման ներդրումների արդյունքում նոր հնարավորություններ ստեղծել ԱլԳ բնակչության համար, խորացնելով ԱլԳ երկրների կապը ԵՄ-ի հետ, քանի որ այս ծրագրի մեխը կոմունիկացիոն նախագծերն են, որոնք պետք է կապեն այս երկրներին ԵՄ-ի հետ, ԱլԳ քաղաքացիների համար ստեղծելով տեղաշարժի նույն հնարավորությունները, ինչ ԵՄ քաղաքացիներն ունեն: Նրա գնահատմամբ, սա բավականին լուրջ ծրագիր է, ծավալուն և խոշոր ներդրումներով:
«Կարծում եմ` այս ներդրումային ծրագրով կակտիվանա Արևելյան գործընկերություն ծրագիրը, որը վերջին տարիներին ստվերված էր առաջացած խնդիրների պատճառով: ԱլԳ երկրներից յուրաքանչյուրը, բնականաբար, ցանկանալու է ավելի շատ ներդրում բերել իր երկիր: Որքան ես եմ հասկանում, այս գումարը դեռ բաշխված չէ: Կարծում եմ` բաշխման բանաձևը պայմանավորված է լինելու ԱլԳ երկրների արձանագրած առաջընթացով ԵՄ-ի հետ հարաբերություններում: Բնականաբար, այն երկիրը, որը չի ձգտում խորացնել իր ասոցիացումը ԵՄ-ի հետ, չի ցանկանում լավ հարաբերություններ, չունի քաղաքական կամք, դժվար թե ներդրումներ ուղղվեն այդ երկիր:
Ներդրումների հիմնական ստացողները լինելու են ԱլԳ 5 երկրները, որոնցից որոշները, ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի, էլ ավելի սերտ համագործակցություն ունեն ԵՄ-ի հետ: Այսինքն` այս 3 երկրներն ավելի արտոնյալ կարգավիճակ ունեն նման ծրագրերի դեպքում, քանի որ ԵՄ-ն պետք է մտածի այն երկրների քաղաքացիների մասին, որոնք էլ ավելի շահագրգռված են ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում, ավելին, անդամակցության հավակնություններ են հայտնում: Իր կողմից՝ ԵՄ-ն, բացի այս առավելությունից, որ ունեն այս երկրները, ներդրումներ անելու է՝ ունենալով վստահություն, որ դրանք իսկապես արդյունավետ են լինելու, կիրառվելու են՝ ըստ անհրաժեշտության:
Այսինքն` քաղաքական կամքը շատ կարևոր է: Ինչ վերաբերում է երկրների երկրորդ խմբին, կարծում եմ` ավելի մեծ աշխատանք է պահանջվում նրանցից ներդրումներ բերելու համար` և Հայաստանը, և Ադրբեջանը համաձայնագրեր ունեն ԵՄ-ի հետ, ԵՄ-ն դիտարկելու է այս երկրների իրականացրած աշխատանքը, քանի որ դա ցույց է տալու բարեփոխվելու նրանց քաղաքական կամքը: Այս պահին դեռ շոշափելի արդյունքներ չկան, բայց սա երկարատև աշխատանք է լինելու, ԵՄ-ն կդիտարկի երկարաժամկետ գործընթացը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի զբաղվածությունը ներքին զարգացումներով»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը:
Նա շեշտեց նաև, որ այս ներդրումային ծրագիրը նոր խթան կդառնա ԱլԳ երկրներ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար, այդ թվում՝ Հայաստանի դեպքում:
«Յուրաքանչյուր երկրի քաղաքական կամքից և ցանկությունից է կախված այն, թե ինչպես կիրացվեն այս հնարավորությունները, և որ երկիր որքան ներդրում կուղղվի: Ներկայումս կան արդեն չիրացված հնարավորություններ՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններ, մինչ այս ներդրումներին հասնելը: Բայց նման ներդրումներն իրական հնարավորություն կարող են դառնալ ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների համար, որոնք հակամարտությունների պատճառով շրջափակման մեջ են, տնտեսական դժվարություններ ունեն և անվտանգության մարտահրավերներ, բայց դրա համար համապատասխան աշխատանք պետք է տանեն ՀՀ իշխանությունները, որոնք դեռ դանդաղում են համաձայնագրի հարցում»,- ասաց փորձագետը:
Մեզ հետ զրույցում եվրոպացի պատգամավոր Չարլզ Թեննոքն ասաց, որ Հայաստանը ԵՄ ԱլԳ ծրագրի առանցքային երկրներից մեկն է, ԵՄ-ն կարևորում է ՀՀ-ի հետ հարաբերությունները և դրանց խորացումը դիտարկում է՝ որպես առաջնահերթություն: Ըստ նրա, չնայած ՌԴ-ի հետ հարաբերություններին, Հայաստանն ու Եվրամիությունը մարտահրավերներով կարողացան որոշակի հաջողություններ գրանցել երկկողմ հարաբերություններում` մշակելով և մասամբ վավերացնելով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը բնութագրում է այդ հարաբերությունների բովանդակությունը: Նրա խոսքով, այս համաձայնագիրը բնորոշում է հարաբերությունների ողջ շրջանակը` քաղաքական, տնտեսական, անվտանգային և առևտրային:
«Ուստի կարևոր է հարաբերություններում ելնել այս համաձայնագրից, որը ձեռքբերում էր: Սրան զուգահեռ՝ ԵՄ-ն նորանոր հնարավորություններ է տրամադրելու ԱլԳ երկրներին, սակայն սա աստիճանական գործընթաց է, երկրները քիչ-քիչ ավելի են մոտենում ԵՄ-ին, և առանց հիմքի հնարավոր չէ անցնել ինտեգրման մեկ այլ մակարդակի, իսկ այս ներդրումային ծրագիրն այդպիսի նոր մակարդակ է սահմանում ԱլԳ երկրների համար»,- ասաց Չարլզ Թեննոքը:
Ըստ նրա, բացի համաձայնագրի ուղղությամբ աշխատանքից, պետք է արդյունքներ գրանցել նաև վիզային երկխոսության հարցում, որը ևս կողմերի օրակարգում է և դեռ առաջ չի շարժվում, ավելին, տարբեր ժամկետներ են նշվում դրա ավարտի: «Հուսանք, որ ԱլԳ երկրները կգնահատեն այն հնարավորությունները, որոնք ԵՄ-ն է փորձում ստեղծել իր գործընկերների համար՝ ստեղծելով կայուն հարևանություն իր համար և կայունություն ԱլԳ երկրներում»,- ասաց Թեննոքը: