Բաժիններ՝

Գործադուլներ են սկսվել Գերմանիայի ութ օդանավակայաններում. DPA

Գերմանիայի ութ օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատակիցները ձեռնամուխ են եղել նախազգուշական գործադուլների: Ինչպես հունվարի 15-ին հայտնել է DPA գործակալությունը, դրանք Verdi արհմիության կոչով անցկացվում են Բրեմենում, Համբուրգում, Հաննովերում, Դրեզդենում, Լայպցիգում, Մյունխենում, Էրֆուրտում, ինչպես նաեւ Մայնի Ֆրանկֆուրտի ավիահանգույցում, որը խոշորագույնն է երկրում:

Գործադուլները կավարտվեն տարբեր ժամերի՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ից մինչեւ 00:00-ն: Գերմանիայի օդանավակայանների միավորման տվյալներով՝ այդ ընթացքում դրանք կխախտեն 220 հազար ուղեւորների պլանները: Առայժմ հայտնի չէ, թե քանի չվերթ է չեղարկվելու: Հայտնի է, որ միայն Մայնի Ֆրանկֆուրտում չեղարկված է չվերթների գրեթե կեսը՝ 1200-ից 570-ը:

Verdi-ն ցանկանում է, որ գերմանական օդանավակայանների անվտանգության ծառայությունների 16 հազար աշխատողների նշանակվի միասնական աշխատավարձ՝ ժամում 20-ական դոլար: Առայժմ աշխատավարձը կախված է տարածաշրջանից, ինչպես նաեւ այն բանից, թե հատկապես ինչ է մտնում անվտանգության աշխատակցի պարտականությունների մեջ:

Գերմանիայի գործատուների միավորման ղեկավարը քննադատության է ենթարկել արհմիության մեթոդները: «Verdi-ն կանխամտածված սահմանափակում է տասնյակ հազարավոր ուղեւորների տեղաշարժը եւ այդպիսով վնաս հասցնում մեր տնտեսությանը: Կարծում եմ, որ նման միջոցները միանգամայն անհամասանական են»,-ասել է միավորման ղեկավար Շտեֆեն Կամպետերը:

Անցած ու նախանցած շաբաթներին արդեն գործադուլներ են անցկացվել Գերմանիայի հինգ օդանավակայաններում: Չեղարկվել է ավելի քան 500 չվերթ, գործադուլները խախտել են ավելի քան 110 հազար ուղեւորների պլանները: Աշխատավարձի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նշանակված է հունվարի 23-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս