Նիկոլ Փաշինյանի եվրոպական «պռավալը»
ԱԺ արդեն մի քանի ժամվա նախագահ Արարատ Միրզոյանը փորձել է հաշվարկել, թե երբ ԵՄ անդամ երկրների կողմից կվավերացվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: 168.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այս տարի կավարտվի՞ համաձայնագրի վավերացումը, կամ ե՞րբ է դա հնարավոր, Ա.Միրզոյանը պատասխանել է, թե գուցե շատ իրատեսական չէ այս տարի ԵՄ բոլոր երկրների կողմից վավերացումը, բայց նաև պատուհան կա և, այսպես ասած, շատ լավ աշխատելու և ջանքեր գործադրելու դեպքում, հնարավոր է՝ դա տեղի ունենա այս տարի:
Ակնհայտ է, որ Արարատ Միրզոյանն ընդամենը քաղաքական կոռեկտություն է հանդես բերում՝ չբացառելով, թե գուցե այս տարի հնարավոր լինի Հայաստան-ԵՄ համաձայանագրի վավերացումը։ Չի լինելու։ Այդ մասին խոսում են ոչ միայն նախկին իշխանական ուժերը՝ հանրապետականները, այլ նաև եվրոպացի շատ փորձագետներ։
Որովհետև այդ փորձագետներն իրենց հարցազրույցներում ակնարկում են նաև, որ նոր Հայաստանի նոր իշխանությունն իր գոյության 8 ամիսների ընթացքում, մեղմ ասած, ջանք չի գործադրել համաձայնագրի իրականացումն արագացնելու համար։
Հայտնի է, որ համաձայնագրի մի մասը՝ մոտ 80 տոկոսը, ուժի մեջ է մտել նախորդ տարվա հուլիսի 1-ից, դրանից հետո մեծ դժվարությամբ, կրկին նույն ՀՀԿ-ականների, հիմնականում՝ Արմեն Աշոտյանի քննադատությունից հետո միայն ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովը Բրյուսելին ներկայացրել է համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզ, որը, տարբեր տեղեկությունների համաձայն, մեղմ ասած, վերապահումով է ընդունվել եվրոպացի պաշտոյաների կողմից։
Խնդիրը, սակայն, միայն Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չէ, որը, այո, նաև օբյեկտիվ պատճառներով, ինչպես նշել է Արարատ Միրզոյանը, ամենայն հավանականությամբ, չի վավերացվի այս տարվա ընթացքում։
Խնդիրը Հայաստանի նոր իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքական միավեկտոր կուրսն է, որն ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է որակել այլ կերպ, քան՝ «ռուսահպատակություն»։
Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքնամոռաց կերպով տրվել է Վլադիմիր Պուտինին հաճոյանալու անարժանապատիվ գործին։ Բայց որքան էլ մեծ է նրա այդ ցանկությունը, ու որքան էլ ահռելի են այդ ուղղությամբ գործադրվող նրա ջանքերը, Պուտինը կարծես չի ընդունում Փաշինյանի հպատակությունը։ Իսկ դրանից տուժում է ոչ միայն ու ոչ այնքան՝ Փաշինյանն ինքը, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը, որը հենց նույն Եվրամիության հետ տարիների աշխատանքի արդյունքում ստորագրված Համաձայնագրի շնորհիվ ստացել էր ինքիշխանության վերականգնման թեկուզ՝ ոչ ամբողջական, բայց՝ էական հնարավորություն։
Բայց Նիկոլ Փաշինյանին պետք է ու հուզում է ոչ թե՝ Հայաստանի ինքնիշխանությունը, այլ՝ սեփական իշխանությունը, որի պահպանման բանաձևը նա կարծես թե համարում է Ռուսաստանին տրվելը։ Չմոռանանք, որ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական աշակերտն է, իսկ վերջինս համարում էր, որ առանց Ռուսաստանի չի կարող գոյություն ունենալ ոչ միայն Հայաստանը, այլև որևէ իշխանություն Հայաստանում։
Բնականաբար, Բրյուսելում կարդում են ոչ միայն Հայաստանի իշխանության ներկայացրած անորակ ճանապարհային քարտեզը, այլ նաև հետևում են, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվում Պուտինի հետ իր հանդիպումներն ու այդ մասին զեկուցում Պուտինի հետ հերթական հանդիպմանը։ Այնպես որ, դա լրագրողների համար ևս լսելի լինի։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, բառի բուն իմաստով, «պռավալ է տվել» Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղությունը՝ Եվրամիության հետ հարաբերությունը։ Հարաբերություն, որ այդքան քննադատվող Սերժ Սարգսյանին շատ մեծ դժվարությամբ էր հաջողվել հասցնել այն մակարդակին, որը ժառանգվեց Նիկոլ Փաշինյանին։
ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ