Ո՞վ կլինի ԵԿՄ նախագահը. Ում անունն է շրջանառվում

«Երկրապահ կամավորականների միության համագումարը տեղի կունենա այն ժամանակ, երբ վարչության նիստը կայանա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը՝ ընդգծելով, որ արտահերթ համագումարի հարցը որոշվում է վարչության նիստի որոշմամբ:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ ԵԿՄ նախագահը լինի իշխանության ներկայացուցիչ:

«ԵԿՄ նախագահը պետք է լինի իշխանության ներկայացուցիչ: Սկզբում առաջարկել էինք Արամ  Սարգսյանի թեկնածությունը՝ որպես Սպարապետի ընտանիքի ներկայացուցիչ: Այդ ժամանակ նա երկրի ղեկավարության հետ նորովի կազմակերպում էր երկրի կառավարումը, վարչապետի՝ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին էր: Շոշափվել է նաև Սասուն Միքայելյանի անունը: Նրա մասին որևէ մեկը թթու խոսք չի ասել և չի էլ կարող ասել, որովհետև մեր քայլող լեգենդներից է: Եվ եթե համաձայնվի ու դառնա ԵԿՄ նախագահ, չեմ կարծում, որ դեմ կլինեն: Կառավարության լիազոր ներկայացուցչի հովանու ներքո կկարողանանք ԵԿՄ ընտանիքը հավուր պատշաճի պահել: Ամեն դեպքում ճիշտ կլինի, որ կառույցը ձևավորվի կառավարության լիազոր ներկայացուցչի՝ Պաշտպանության նախարարության կազմում, թեկուզ ազգային գվարդիայի կարգավիճակով, բայց երկրապահ բրենդը պահելով: Լինենք ՊՆ կազմում, որ կոնկրետ ձևով մտածենք ցանկացած երկրապահի մասին»,- նշեց ԵԿՄ վարչության փոխնախագահը:

Համլետ Հայրապետյանը նաև ընդգծեց. «Երկրապահը եղել ու մնում է մեր հայրենիքի խաղաղության, բանակաշինության հիմնաքարը: Երկրապահը եղել է, կա ու պետք է լինի: Սա երկրապահական ընտանիքի պահանջն է, կարծում եմ՝ նաև հասարակության: Մեջբերեմ Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Ժողովո՛ւրդ, պատերազմն ավարտված չէ, զգո՛ն եղեք, որ չպարտվենք»: Այդ զգոնությունը մենք ունենք»:

ԵԿՄ փոխնախագահը ցավ հայտնեց՝ նշելով, որ նոր ԱԺ-ում ընդամենը մեկ կռված տղա կա՝ Սասուն Միքայելյանը:

Հարցին, ինչո՞ւ այդ դեպքում կուսակցությունների ցուցակներում իրենք չընդգրկվեցին, Համլետ Հայրապետյանը պատասխանեց, որ «Մենքի» ցուցակում առաջադրվել են մի քանիսը, բայց համապատասխան ձայն չեն հավաքել:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս