Բաժիններ՝

Հայաստանը երբ կթողարկի հերթական եվրոպարտատոմսերը

2020թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի 2013-ին թողարկված եվրոպարտատոմսերի միանվագ մարումը՝ 500 մլն դոլար ծավալով: Ըստ ամենայնի՝ դրա մի մասը կծածկվի նոր պարտատոմսերի թողարկմամբ` ինչպես արդեն արվել է նախկինում՝ 2015թ.-ին: Չի բացառվում, որ եվրոպարտատոմսերի թողարկումն իրականացվի արդեն այս տարի, որպեսզի հետագայում ժամկետի խնդիրներ չառաջանան:

168.am-ի հարցին՝ ե՞րբ տեղի կունենա եվրոպարտատոմսերի հերթական թողարկումը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Երբ շուկան դրա համար կլինի նպաստավոր, այսինքն՝ դա կարող է լինել նաև 2020 թ.առաջին կամ երկրորդ եռամսյակը: Սա, այսպես ասած, լողացող ժամկետ է»:

Նա նշեց, որ իրենք ուշադիր են, որպեսզի հարցը չձգձգվի, և ստիպված չլինենք մեզ համար ոչ այդքան շահեկան պայմաններով միջոցներ ներգրավել: Նա դժվարացավ նշել, թե ինչ չափով կլինի թողարկումը՝ նկատելով, որ, եթե ինչ-որ խոշոր ծրագրի համար միջոցների կարիք լինի, հնարավոր է՝ ավելի մեծ ծավալով պարտատոմսեր թողարկվեն:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ ներքին ռեսուրսները բավարարեն, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ դա էլ է որպես տարբերակ քննարկվել, բայց առայժմ ներքին շուկայի իրացվելիության աստիճանն այնպիսին չի, որ այն որպես հնարավոր աղբյուր դիտարկեն.

«4-5 ճանապարհ քննարկել ենք, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով վարկի ներգրավում: Վերջնական լուծում դեռ չկա: Համոզված եմ՝ ինչի վրա էլ կանգ առնենք, լավագույնն է լինելու: Բայց անկեղծորեն ասեմ՝ ամենալավն այն է, որ մենք մեր վարկանիշը բարձրացնենք ու այդ թանկության մասին այլևս չմտածենք, որ ներդրողներն իրենք մեզ խնդրեն, որ մեզ տան շատ ավելի շահեկան պայմաններով միջոցներ»:

Անցած տարեվերջին «Էկոնոմիստի» կողմից Հայաստանը տարվա երկիր ճանաչելու հանգամանքն այնքան էլ ազդեցություն չի ունենա: Ա.Ջանջուղազյանի խոսքով՝ ներդրողներն առավել ուշադրություն են դարձնում վարկանիշային կազմակերպությունների՝ «Մուդիս», «Ֆիտչ» և այլն, գնահատականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս