«Միգրացիոն հոսքերը կայացած երկրներում դառնում են պետական քաղաքականության առարկա, ժամանակն է, որ Հայաստանն էլ ուսումնասիրի այդ առարկան»
«Որպես հանրույթ՝ մենք սովոր չենք մեր մեջ ունենալ օտարին և համատեղ ապրել նրա հետ։ Բացի այդ, այստեղ կա ազգի պետություն ունենալու այն տեսլականը, որ պետք է լինի պետություն, որտեղ կարող են ապրել միայն հայերը։ Այս ամենից էլ ելնելով, մենք վտանգ ենք տեսնում և չենք կարող օտարին հանդուրժողականությամբ ընդունել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ անդրադառնալով դեպի Հայաստան հնդիկների մեծ ներհոսքին։
Նա նաև նկատեց, որ տեղափոխվելով խոսակցությունների ոլորտ, իհարկե, կան վտանգներ, որոնցից խուսափելու համար պետությունը պետք է վարի կշռադատված քաղաքականություն։ Ճիշտ է, երկիրը չպետք է ամբողջությամբ բաց լինի, սակայն հասարակությունը չպետք է ունենա ռասիստական վերաբերմունք օտարների նկատմամբ։
Նրա բնորոշմամբ, հասարակության մեջ պետք է չափավոր լինեն այն անհանգստությունները, ըստ որոնց՝ Հայաստանը լցվել է հնդիկ միգրանտներով, որի համար միգրացիոն ծառայությունը, տնտեսագետները և այլ մասնագետներ պետք է արձագանքեն։ Այսինքն, ներկայացնեն, թե ինչ է անում միգրացիոն ծառայությունը, շուկայի համար մեծ ներհոսքն ինչ վտանգներ կարող է առաջացնել, և այլն։
«Այս առումով քննարկումները դրական են, դրանք չպետք է կանգ առնեն և քննարկվեն ավելի մասնագիտական հարթակներում, ինչը կարող է վերածվել քաղաքականության մշակման»,- ընդգծեց Ա. Թադևոսյանը։
«Ազատ քաղաքացի» հ/կ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով՝ բոլոր կայացած երկրներում միգրացիոն հոսքերը դառնում են պետական քաղաքականության առարկա, ուստի ժամանակն է, որպեսզի Հայաստանում ևս գլոբալ առումով ուսումնասիրվի այդ առարկան և քննարկվի։
«Իմ կարծիքով՝ ներգաղթյալների ներհոսքի մեջ պետք է տեղի ունենա որոշակի քվոտավորում, ինչը խտրականության հարց չէ, այլ սա պետք է արվի այն նպատակով, որպեսզի Հայաստանը չդառնա նաև այլ երկրներում մշակված քաղաքականության փորձադաշտ կամ թիրախ։ Չեմ բացառում, որ այդ ներհոսքերը կարող են ունենալ նաև ուղղորդում, սա ևս պետք է ուսումնասիրվի։ Ամեն դեպքում, համամիտ եմ, որ ընդանուր առմամբ Հայաստանը պետք է բաց լինի ներգաղթի առջև»,- նշեց Հ. Խուրշուդյանը։
Ըստ նրա, եթե հնդիկների մեծ հոսքը Հայաստան հասարակության որոշ մասի մոտ բացասական արձագանք է ունեցել, ապա դա նշանակում է, որ ընկալումների մասով ինչ-որ բան այն չէ, և պետք է մարդատյացության շեմը մի փոքր նվազեցվի, քանի որ այդ ամենն առաջին հերթին արտահայտվում է ոչ թե օտարազգիների, այլ իրար հանդեպ։
«Եթե մենք պլանավորում ենք ունենալ 4-5 մլն բնակչություն, ապա չպետք է վախենանք, որ այնտեղ 10 տոկոսը կարող են լինել այլազգիներ։ Եթե հաշվի առնենք դրսի ապրող հայերին, ապա նրանցից շատերը նաև այլ եկեղեցու դավանող են, շատերը նույնիսկ մահմեդական են։ Այդ պատճառով էլ, եթե մեր միջի խնդիրը չվերացնենք, կարող են խնդիրներ լինել նաև ազգային կոնսոլիդացիայի հարցում»,- ասաց Հ. Խուրշուդյանը։
Զվարթ Խաչատրյան