«Հնդիկ միգրանտների թեմայի քննարկումը դրական է, սակայն սոցցանցերում արձագանքը ստացել է նաև ատելության խոսքի դրսևորում». Միգրացիոն ծառայության պետ
Վերջին ամիսներին շատ է քննարկվում հնդիկների միգրացիոն մեծ հոսքը դեպի Հայաստան, ինչն այդքան էլ միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից։
Այսպիսով՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015 թվականին Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանահատումները կազմել են՝ մուտք- 3951, ելք- 3899, տարբերությունը՝ 52, 2016 թ.` համապատասխանաբար 4226 և 4148, տարբերությունը՝ 78, 2017 թ.՝ 11589 և 11278, տարբերությունը՝ 311, իսկ 2018թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ մուտքերը կազմել են 10237, ելքերը՝ 9122, տարբերությունը` 1115։
Նույն պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ կացության կարգավիճակներ ստացած Հնդկաստանի քաղաքացիների դեպքում նույնպես առկա է աճ։ 2015-ին կացության կարգավիճակ են ստացել Հնդկաստանի Հանրապետության 1119 քաղաքացիներ, 2016թ.՝ 1086, 2017-ին՝ 938, իսկ 2018թ. նախնական տվյալներով՝ այդ թիվը մոտ է 2000-ին։ Հնդկաստանի քաղաքացիները ստացել են գերազանցապես ժամանակավոր կացության կարգավիճակ, և այն ստանալու հիմնական հիմքը եղել է ուսումը։
ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ հնդիկների միգրացիայի հետ կապված հարցերի քննարկումները դրական են, սակայն թեմայի վերաբերյալ այն արձագանքները, որոնք կան համացանցում, ստացել են նաև ատելության խոսքի դրսևորում։
«Ատելության խոսքը որևէ մեկին երբեք լավ տեղ չի տարել, քանի որ ատելության խոսն ինչ-որ տեղ վերածվում է նաև գործի»,- շեշտեց Ա. Ղազարյանը։
Ըստ նրա, վիզային ռեժիմի կանոնակարգումն ամիսներ առաջ է հայտնվել իրենց օրակարգում, ուստի կան ու կլինեն կարգավորումներ։ Ավելին, ցանկացած կարգավորման հիմքում, այդ թվում՝ վիզայի ազատականացման դեպքում, ընկած է ազգային խտրականության բացառման սկզբունքը։
«Վիզային քաղաքականության մասով մենք չեն դնում ազգային խտրականություն, սա սկզբունք է»,- ասաց Ա. Ղազարյանը։
Նա վստահեցրեց, որ սխալ են այն տեղեկությունները, որ օտարերկրացիների համար Հայաստանում աշխատանքային կարգավորումներ չկան, քանի որ ՀՀ-ում կա օտարերկրացիների մասին օրենք, որի համաձայն՝ օտարերկրացին Հայաստանում պետք է ունենա աշխատանքի թույլտվություն։
«Մենք ունենք ինտեգրման հայեցակարգ, սակայն այն սահմանափակվում է հիմնականում փախստականների և երկարաժամկետ էմիգրանտների համար։ Հայաստանն ունի էմիգրացիոն քաղաքականության ռազմավարություն, սակայն այստեղ հիմնական խնդիրն այն է, որ մշակվել է ռազմավարություն՝ հաշվի առնելով, որ Հայաստանն էմիգրացիայի երկիր է»,-ընդգծեց Արմեն Ղազարյանը։
Նրա տեղեկացմամբ՝ 2017 թվականի ինն ամիսների ընթացքում Եվրամիության երկրներում Հայաստանից ապաստան խնդրելու վերաբերյալ գրանցվել է՝ 5125, իսկ 2018թ.՝ 3775 դեպք։
Զվարթ Խաչատրյան