Ինչու Կարագանդայում հայերի մասնակցությամբ կենցաղային միջադեպը վերածվեց հակահայկական բողոքի
Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում մի քանի հայ երիտասարդների մասնակցությամբ կենցաղային հողի վրա տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքի արձագանքները վտանգավոր միտումներ բացահայտեցին ղազախ հասարակության ներսում` միևնույն ժամանակ անվտանգության խնդիրներ ստեղծելով տեղի հայ համայնքի համար: Չնայած ողբերգական ելքով միջադեպից հետո կրքերն այս օրերին փոքր-ինչ մեղմվել են, Ղազախստանի տարբեր քաղաքներում և գյուղերում բնակվող շատուշատ հայեր իրենց ապահով չեն զգում:
Ինչ է տեղի ունեցել Ամանորի գիշերը Կարագանդայում
Նախ միջադեպի պաշտոնական վարկածի մասին` Ղազախստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմանովը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը` ժամը 4-ի սահմաններում, «Հին Հռոմ» ռեստորանի տարածքում խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել են ռեստորանի այցելուները, տնօրինությունը և անձնակազմը. 14 անձ մասնակցել է խմբակային ծեծկռտուքին՝ այցելուների, իսկ 9-ը` անձնակազմի կողմից: «Այդ օրը ռեստորանում եղել է 400 այցելու, այդ թվում՝ ռեստորանի տնօրինությունը: Գիշերը երեքին նրանք փակում են ռեստորանը և դադարեցնում բոլոր միջոցառումները: Չորսին այցելուներին ասվում է, որ ռեստորանը փակվում է: Հենց դա էլ հանդիսացել է պատճառ, որպեսզի բանավեճ ծագի, որն էլ վերածվել է կոնֆլիկտի»,- նշել է Սուլեյմանովը:
Պաշտոնական վարկածի համաձայն, ծեծկռտուքի հետևանքով չորս մարդ վիրավորվել է դանակի հարվածներից, իսկ մեկը` մահացել: «Այն այցելուները, որոնք գտնվել են ռեստորանում, ռեստորանից դուրս են շպրտվել: Նրանք իրենց ընկերներին են տեղեկացրել, եկել են ավելի քան 10 մարդ այցելուների կողմից, որոնք սկսել են նետվել ռեստորան, բղավել տարբեր բառեր: Այդ պատճառով ռեստորանի տերերի, աշխատակիցների կողմից համապատասխան միջոցառումներ են նախաձեռնվել: Ու սկսվել է խմբակային ծեծ»,- մանրամասնել է ղազախ պաշտոնյան: Խուլիգանական գործողություններ կատարելու և 23-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքն ազգությամբ հայ` Թորգոմ և Սոխակ Մալխասյանները ու այս օրերին հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը: Թեև սոցիալական ցանցերում և ղազախ հասարակությունում, որը միատարր չէ, շատ են մեղադրանքները, թե միջադեպը ազգամիջյան բնույթ է կրում, Ղազախստանի իրավապահ մարմինները հերքել են այդ խոսակցությունները:
Հայ-ադրբեջանական գործոնն ու հակահայկական ցույցեր միջադեպից հետո
Հավաստի տեղեկությունների համաձայն, միջադեպը նման բուռն արձագանքներ չէր ստանա, եթե չհրահրվեր ադրբեջանական համայնքի կողմից: Հունվարի 1-ին հայերի մասնակցությամբ ողբերգական ելքով ծեծկռտուքից հետո բողոքի զանգվածային ցույցեր տեղի ունեցան՝ պահանջով՝ մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և պարզել ողբերգական միջադեպի հանգամանքները, գտնել ու պատժել մեղավորներին: Ցուցարարները մտավախություն հայտնեցին, որ մեղավորները չեն պատժվի, կկաշառեն իրավապահ մարմիններին: Հնչեցին կոչեր հայ համայնքին Ղազախստանից վտարելու, անգամ վառելու մասին:
Ըստ մի շարք տեղեկությունների` այս ամենին նպաստել է Ղազախստանում ադրբեջանական ազդեցությունը և սոցցանցերում տարածվող ապատեղեկատվությունը: Հունվարի 7-ին ընդդիմադիր ԶԼՄ-ներից մեկի կողմից հրապարակվեց չճշտված տեղեկություն, որ խմբակային ծեծկռտուքի մեղավոր ադրբեջանցիների անունները փոխարինվել են հայերի անուններով:
Ապա ղազախական սոցցանցերում սկսվեցին ակտիվորեն շրջանառվել վարկածներ այս կենցաղային բնույթի կոնֆլիկտի միջէթնիկ բնույթի մասին, որի պատճառը հասարակության շերտավորումն է աղքատների և հարուստների, ապահովվածների, որոնք ունեն իշխանության հովանավորությունը: Նույն կոնտեքստում նշվում է նաև Ղազախստանում հայ համայնքի կայուն դիրքի, բարեկեցիկ կյանքի, բիզնեսի և քաղաքականության ոլորտում հաջողությունների մասին, որը դարձավ հակահայկական ցույցերի և տրամադրությունների պատճառ` մանիպուլյացիայի ենթարկելով հասարակական տրամադրությունները: Ծեծկռտուքին մի շարք այլ անախորժ միջադեպեր են հաջորդել, որոնց թիրախը հայ հասարակությունն է և տեղի հայ գործարար համայնքը, ինչը հայ համայնքին վախի մթնոլորտում է պահում:
Ինչպես հայտնի է, Ղազախստանն ամենաբազմազգ պետություններից մեկն է, և առաջին անգամը չէ, երբ նման կենցաղային բնույթի միջադեպերը միջէթնիկ բնույթ են ստանում, քանի որ յուրաքանչյուր կողմ փորձում է նմանատիպ իրադարձությունը ծառայեցնել սեփական շահերին՝ որոշակի դիրք կամ արտոնություններ ստանալու նպատակով: Այս անգամ, ըստ մի շարք վերլուծաբանների, Ղազախստանում բնակվող ադրբեջանցիներին և կազմակերպություններին հաջողվեց հայ բնակչության նկատմամբ ատելություն սերմանել:
Այս օրերին Ղազախստանում միջէթնիկ բնույթի անախորժ միջադեպերի պակաս չի եղել, հենց այդ պատճառով իրավապահ մարմինները հերթապահություն են իրականացնում հայկական օբյեկտների հարևանությամբ, թեև շատ հայեր նաև որոշել են փակել իրենց խանութները, ռեստորանները՝ խնդիրներից խուսափելու համար: Հարկ է ընդգծել նաև, որ նույն համացանցային ղազախական քննարկումներում կան նաև իրատեսական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ:
Հայկական արձագանքները
Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո հայաստանյան համացանցային քննարկումները և փորձագիտական կարծիքներն արտացոլեցին ՀՀ իշխանությունների` Ղազախստանի իշխանությունների, կազմակերպությունների, հասարակության հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը ոչ միայն այս միջադեպի, այլև շատ այլ հարցերի շուրջ` հիմքում ունենալով հայ համայնքի անվտանգության առաջնահերթությունը: Հունվարի 4-ին հայտարարությամբ հանդես եկավ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, որին հաջորդեց հայ համայնքի հայտարարությունը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը:
«Գիտակցելով ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգությունները՝ կոչ ենք անում խորհրդատուներին, մասնագետներին առավել մեծ պատասխանատվություն ցուցաբերել այս շատ զգայուն հարցի շուրջ իրենց հայտարարություններում և չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը. սա գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի և անհանդուրժելի են»,- նշել էր Շավարշ Քոչարյանը: Ավելին՝ միջադեպից օրեր անց ՀՀ կառավարությանն ուղղված մի շարք հորդորներից հետո միայն` հունվարի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց ունեցավ Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ:
Իսկ հունվարի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց ունեցավ Ղազախստանի նախագահի օգնական-ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ: Ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը: Վերջին օրերին մասսայական բողոքի ցույցեր տեղի չեն ունենում, սակայն հայ համայնքի շատ ներկայացուցիչներ դեռ անվտանգ չեն զգում:
«168 Ժամի» հետ զրույցում ղազախ հասարակական գործիչ, փորձագետ Վասիլի Միսնիկն ասաց, որ անընդունելի են նման միջադեպերին ազգամիջյան երանգների, ազգայնականության հաղորդումը, որն այս դեպքում տեղի ունեցավ համացանցի միջոցով: Նրա խոսքով, Ղազախստանի իշխանությունները հնարավորինս փորձել են այդ երանգները վերացնել հասարակական ընկալումներից՝ նույնիսկ քրեական գործ հարուցելով ազգամիջյան թշնամանք հրահրելու հատկանիշներով, պաշտպանության տակ են բոլոր խոցելի խմբերը: Նրա վստահեցմամբ, Ղազախստանի իշխանություններին սա ամենևին ձեռնտու չէ, և նման զարգացումների խորացում իշխանությունները թույլ չեն տա, քանի որ իրենք են պատասխանատու երկրում տիրող իրավիճակի համար՝ լինելով բազմազգ երկրի մեծամասնությունը:
Ուստի, Միսնիկի խոսքով, աշխատում են այդ ուղղությամբ, հենց այդ պատճառով այս օրերին մի քանի օր առաջ սկսված ալիքը դադարեցվել է: «Բնականաբար, այս ամենը խորքային խնդիրներ բացահայտեց` հասարակության դժգոհություն սոցիալական իրավիճակից, ազգամիջյան տրամադրություններ, հակամարտություններ, իրավապահ մարմինների թերի աշխատանք: Այս ամենով, բնականաբար, պետք է զբաղվեն իշխանությունները, կանեն հետևություններ և թույլ չեն տա, որ երկրում նման մթնոլորտն արմատներ գցի, քանի որ սա սպառնալիք է հենց Ղազախստանի համար, որը, ի դեպ, նմանատիպ առաջին դեպքը չէ:
Երկու կողմերի իշխանություններից պահանջվում է սերտ աշխատանք, առավելապես Ղազախստանի իշխանություններից՝ գործի քննություն և ուշադրություն այս գործի բոլոր հանգամանքների և հարակից բուռն իրադարձությունների շուրջ»,- ասաց նա: Նա համամիտ չէ շրջանառվող այն կարծիքներին, թե հակահայկական տրամադրություններն արտոնվեցին իշխանությունների կողմից: Նրա խոսքով, պարզապես եղավ անուշադրություն, կանխատեսելի չէր, որ իրադարձությունները նման ընթացք կստանան: Ըստ նրա՝ եթե լիներ աջակցություն հակահայկական տրամադրություններին, ապա քրեական գործ չէր հարուցվի:
Նրա կարծիքով, ՀՀ իշխանություններից նման իրավիճակում քիչ բան է կախված: «Ուշադրություն հայ համայնքի նկատմամբ, սերտ համագործակցություն ուժային կառույցների միջև, որն այս օրերին ընդհանուր առմամբ եղել է: Դա պետք է լինի միշտ, շահերը պետք է առաջ մղվեն միշտ, դա պետք է մշտական աշխատանք լինի»,- նշեց նա: