«Եղբայրս` Քրիստ Մարուքյանը, չի վերցնելու ԱԺ պատգամավորական մանդատը». Էդմոն Մարուքյան

«Մենք որոշում ունենք, որ Քրիստ Մարուքյանը պատգամավորական մանդատը չի վերցնելու»,- «Ազատություն» ռ/կ-ի «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը` պատասխանելով այն հարցին, թե իր եղբայրը, ով ԱԺ արտահերթ ընտրություններից հետո հայտնվել է անցողիկ տեղում, վերցնելո՞ւ է արդյոք պատգամավորական մանդատը, և կտեսնի՞ ժողովուրդը երկու եղբայրներին Խորհրդարանում:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ Քրիստ Մարուքյանը կշարունակի իր աշխատանքը Վանաձորի ավագանիում, քանի որ այնտեղ ոչ պակաս առաքելություն ունի` բացահայտելու մանդատագողության այն դեպքը, որի արդյունքում այսօր Վանաձորի քաղաքապետն է Մամիկոն Ասլանյանը:

Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 10-ին Վանաձորի 33 հոգանոց ավագանու նիստի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց իշխող ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, թեև դրանից երկու օր առաջ ավագանու ընդդիմադիր երեք ուժերի՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջև ստորագրված հուշագրի համաձայն` ավագանու 18 անդամները պարտավորվել էին քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին:

Մինչ այսօր էլ դեռ հայտնի չէ, թե ովքե՞ր են ընդդիմադիր կուսակցությունների այն չորս անդամները, որոնք դեմ գնացին իրենց կուսակիցների ստորագրած հուշագրին և իրենց քվեն տվեցին հանրապետական թեկնածուին։

Տեսանյութեր

Լրահոս