Ծննդյան տոնի կերակրատեսակները
Ավանդաբար Սուրբ Ծննդին, ինչպես Սուրբ Հարության տոնին, հայերը սեղանին դրել են բրնձով ու չամիչով փլավ, ձուկ, ինչպես նաև պահքի ուտեստներ:
Սովորաբար հնում հայերը Սուրբ Ծննդին նախորդող օրը՝ ճրագալույցին, եկեղեցուց ճրագ էին բերում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար և ընտանիքը ընթրիքի սեղանի շուրջ էր հավաքվում եկեղեցուց բերված կրակի լույսի ու ջերմության ներքո:
Դեռևս 19-րդ դարում տան տիրուհիները երդիկից պարանով գուլպա կամ կողով էին կախում, որտեղ տոնական սեղանից որևէ բան էին դնում:
Սուրբ Ծնունդին հաջորդել է մեռելոցը, որի իմաստը հանգուցյալներին տոնին մասնակից դարձնելն է:
ter-hambardzum.net-ի փոխանցմամբ՝ Սուրբ Ծննդյան ուտեստների մեջ մեծ կարևորություն ունեն չորացրած մրգերից և ընկուզեղենից պատրաստված կերակուրները: Ավանդույթի համաձայն, տոնական սեղանին մատուցվում է ձուկ, բրնձով և չամիչով փլավ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչներն՝ ընտրվածները՝ նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու:
Այս ուտեստների հետ միասին մատուցվում է նաև գինի, ինչը հիմնականում բացառում է ալկոհոլային այլ խմիչքների առկայությունը տոնական սեղանին։
Ընդհանրապես Սուրբ Ծննդյան տոնին կենդանական բոլոր ուտեստները փոխարինվում են բուսականով: Կաղամբի տերևով և մսով պատրաստվող ավանդական հայկական դոլմայի միսը փոխարինվում է հացահատիկի 3-4 տեսակներով՝ լոբու, սիսեռի, ձավարի խառնուրդով:
Ծննդյան կերակրատեսակներից ամենատարածվածը տարի կոչվող քաղցր գաթան է, որը բաժանվում է 12 մասերի՝ ըստ տարվա 12 ամիսների: