
Եգիպտոսում զբոսաշրջիկներին զուգարաններ և ինտերնետ են խոստանում Գիզայի բուրգերի գոտում

Եգիպտոսի իշխանություններն առեւտրականներին եւ մուրացկաններին Գիզայի բուրգերի գոտուց վռնդելու նոր փորձ են ձեռնարկել եւ որոշել են բիզնեսին ներգրավել կարգուկանոնի հաստատման գործում: Զբոսաշրջիկներին խոստանում են Wi-Fi, զուգարաններ եւ Էլեկտրամոբիլներ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Եգիպտոսի հնությունների նախարարությունը պարտավորագիր է կնքել ընկերություններից մեկի հետ, որին հանձնարարվել է վերափոխել բուրգերի շրջակա տարածքը եւ այն ավելի ֆունկցիոնալ դարձնել զբոսաշրջիկների համար: Ինչպես կարծում են գերատեսչությունում, այսօր Գիզայում ծառայությունների մակարդակը չի համապատասխանում աշխարհի գլխավոր տուրիստական օբյեկտներից մեկի կարգավիճակին:
Ենթադրվում է, որ ընկերությունը ներդնումներ կանի բուրգերի համալիրի ենթակառուցվածքում եւ ապագայում կստանա եկամուտների կեսը: Իր միջոցներով ներդրողը կայանատեղ կկառուցի տրանսպորտի համար, կստեղծի ներքին ճանապարհային ցանց, կգնի 30 էլեկտրաբուս եւ 20 էլեկտրամոբիլ, որոնցով զբոսաշրջիկներին կտանեն դիտելու տեսարժան վայրերը:
Բացի այդ, սարահարթում կբացեն շարժական բուժկենտրոն, ֆուդ-թրաքի, Wi-Fi-մուտքով կետեր, 20 շարժական զուգարան, կկազմակերպեն աուդիոգիդերի վարձույթ:
Ուշագրավ է, որ նոր համակարգում տեղ կթողնեն նաեւ մասնավոր առեւտրականների, լուսանկարիչների եւ նրանց համար, ովքեր վարձով առաջարկում են ձիեր եւ ուղտեր: Բայց երկու պայմանով՝ նրանք կրելու են համազգեստ եւ համաձայնելու են աշխատել հատուկ հատկացված տարածքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: