Բաժիններ՝

Տեր կանգնենք մեր մշակութային ժառանգությանը. մի քանդակի ճակատագիրը

Երևանում, «Հաղթանակ» զբոսայգու յուրաքանչյուր այցելու առաջին հերթին ուշադրություն է դարձնում ձեռքեր պատկերող հուշարձանին, որն այդտեղ տեղադրվել է տակավին 1975 թվականին՝ Մեծ հայրենականում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 30-ամյակի կապակցությամբ։ Հուշարձանը կրում է «Թող երբեք պատերազմներ չլինեն, թող ոչ մի մայր որդի չկորցնի» անվանումը։

Այն տեղադրվել է Խորհրդային Միության խաղաղության  կոմիտեի նախագահ, ականավոր բանաստեղծ Նիկոլայ Տիխոնովի  և այդ կոմիտեի պատասխանատու քարտուղար Միխայիլ Կոտովի երաշխավորությամբ։ Վերջիններս, տեսնելով այդ քանդակի լուսանկարը,  նամակով դիմել էին Երևանի քաղգործկոմ՝ առաջարկելով Մեծ հաղթանակի 30-ամյակը նշանավորել այդ քանդակը Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տեղադրելով։

Երևանի իշխանությունները, անսալով այդ խորհրդին, արձանը տեղադրեցին հենց այն վայրում, որտեղ էլ պիտի լիներ՝ «Հաղթանակ» զբոսայգում։ Տողերիս հեղինակը ով ունի իր քսանամյակի օրը պատերազմում զոհված եղբայր, ներկա է եղել հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը, տեսել է այն մեծ խանդավառությունը, որ տիրում էր զբոսայգում, վերապրել այն վիշտը, որ ունեցել են պատերազմի ժամանակ որդի կորցրած մայրերը։

Ահա այդ հուշարձանին հայ  ականավոր  գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Գրիգոր Խանջյանի տված գնահատականը.  «Ինձ շատ անգամ է վիճակվել տեսնել ձեռքերի արվեստակերտ պատկերներ։ Ամենայն մանրամասնությամբ հիշում եմ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում զոհվածների հիշատակը խորհրդանշող ձեռքերը, Ռոդենի և Սիքեյրոսի արարած բարեկամության ձեռքերը։ Ձեռքեր՝ շղթայակապ ու ծաղիկներով, պաղատող ու տենչացող… իսկ սրանք ապշեցրին ձևի հասունությամբ ու սեղմությամբ, արտահայտչականությամբ, գաղափարական հարուստ բովանդակությամբ։ Պրկված, նյարդայնորեն քարացած, ընդվզող ձեռքերը մահից էլ զորեղ են։ Դրանք ստեղծող հեղինակը՝ Վահան Խաչիկյանը, չկարողացավ ստանալ Երևանում կայացած միջազգային ցուցահանդեսի մեդալը։ Նա չեկավ նաև իր ստեղծագործության բացմանը։ Անհեթեթ պատահականությունը կտրեց նրա կյանքի թելը, երբ նա ընդամենը 24 տարեկան էր»։

Հիրավի, Վահան Խաչիկյանը, որ նոր-նոր էր ավարտել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, դարձավ անհեթեթ ավտովթարի զոհ և, ափսոս, չտեսավ իր երախայրիքի բացումը։

Հիշեցնեմ, որ Գրիգոր Խանջյանի՝ հայ խոշորագույն նկարիչներից մեկի, այս գնահատականը, քանդակի լուսանկարի հետ, տպագրվել է մոսկովյան «Խորհրդային Միություն» պարբերականում, որը լույս էր տեսնում աշխարհի 19 լեզուներով։                Այսօր այդ հուշարձանը բարձիթողի վիճակում է, քայքայվում է։ Քանդակագործի հարազատները փորձում են տեր կանգնել հուշարձանին։ Պարզվում է, որ «Հաղթանակ» զբոսայգում մի 20 քառակուսի մետր ազատ տարածք չկա, որ Վահան Խաչիկյանի հարազատները վարձակալեն և խնամեն այդ հիրավի հանճարեղ քանդակը (երևի այդքան կամ մի փոքր ավելի լինի հուշարձանի զբաղեցրած տարածքը)։ Ի դեպ, «Հաղթանակ» զբոսայգու մասին։ Երևի, քչերը գիտեն, որ այդ զբոսայգին ձեռակերտ է և գոյացել է Հաղթանակից հետո։ Պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները դիմեցին երևանաբնակ հայությանը՝ մեկական ծառ տնկել ի հիշատակ պատերազմում զոհվածների։ Ներկայիս այգու տեղում մերկ բլուր էր։ Ժողովուրդն արձագանքեց հանրապետության ղեկավարության այդ կոչին, և շուտով մենք ունեցանք «Հաղթանակ» զբոսայգին։ Հայրենական պատերազմին մասնակցել են շուրջ 600 հազար հայորդիներ, որոնցից 300 հազարն ընկել է Հաղթանակի ճանապարհին։  Չէ՞ որ Հայաստանում չկար մի հայ ընտանիք, որ զոհված հարազատ չունենար։ Իսկ եթե դրան ավելացնենք, որ մենք ունեցել ենք Արցախյան տևական պատերազմը ու նաև զոհեր ենք տվել Քառօրյա պատերազմում, հասկանալի կլինի, թե ինչպիսի արժեք է ստանում «Թող ոչ մի մայր որդի չկորցնի» հուշարձանը, որն այսօր դարձել է երեխաների խաղալու վայր։

… Ունեցանք «Հաղթանակի» զբոսայգին, ժողովրդական լեզվով ասած՝ «Մոնումենտը»։ Իսկ այն աճեցրած այգեպաններն ու ժողովուրդը, սակայն,  չէին կարող ենթադրել, որ կգտնվեն ընչաքաղց մարդիկ և հիրավի այդ սրբատեղին կպղծեին իրենց անճաշակ դղյակներով և կավերեին ձեռակերտ այդ հուշարձան-այգին։ Եվ գիտե՞ք ո՞վ դրեց այդ  ավերածության հիմքը։ Ասեմ՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցի տերերը։ Ճիշտ է, մինչ այդ զբոսայգու տարածքում ինչ-որ շինություններ կային, օրինակ՝ տարբեր ատրակցիոններ, հայտնի «Արագիլ» ռեստորանը, բայց, այն, ինչ կատարվեց «Հաղթանակի» հետ, ոչինչ է այն եղեռնի համեմատությամբ, որ սկսեց իրականացվել չարաբաստիկ «Գոլդեն Փելեսից» հետո… Սնկերի պես սկսեցին աճել դղյակներն ու ապարանքները։ Այո, հենց այդպես, ոչ մի բնապահպանի հորդոր կամ բողոքի ցույց չօգնեց։ Իրենց աշխարհի տերը համարող մերօրյա իշխանիկները թքած ունեին սրբատեղի դարձած այգի- հուշարձանի, ժողովրդի հիշողության վրա։

Հիմա ուզում եմ դիմել մեր հուշարձանների պահպանությամբ զբաղվող կազմակերպության մասնագետներին և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին՝ եկեք տեր կանգնենք մեր մշակութային գանձերին։ Իսկ որ վաղամեռիկ Վահան Խաչիկյանի «Թող երբեք պատերազմներ չլինեն, թող ոչ մի մայր որդի չկորցնի» հուշարձանը հենց այդպիսին է, ինչպես տեսանք դեռ տասնամյակներ առաջ հավաստել է հայ ականավոր գեղանկարիչը։

Լևոն Ազրոյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս