«Այսօր դատական համակարգի նկատմամբ բավական մեծ ճնշում կա. քաղաքական իշխանությունը նպաստում է դրան». Ռուբեն Մելիքյան
Հարցազրույց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ
– Պարոն Մելիքյան, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքները պարզ դարձան, կարծիքներ հնչեցին, որ արտախորհրդարանական ուժերը և քաղհասարակությունը կարող են հակակշիռ լինել միահեծան կառավարմանը։ Հայաստանում այսօր կա՞ այդ քաղհասարակությունը, որքանո՞վ է այն վերահսկողական գործառույթ իրականացնում։
– Իրականում շատ կարևոր հարց է՝ հասկանալու համար, թե ինչ է մեզ սպասվում մոտակա ժամանակներս, թե ինչպիսի պոտենցիալ կա մեր քաղաքացիական հասարակությունում։ Երբ խոսում ենք քաղաքացիական հասարակության մասին՝ շեշտադրելով քաղաքացիական հատկանիշը, պետք է նկատի ունենանք, որ գործ ունենք որոշակի արժեհամակարգային հենք ունեցող ինստիտուտների ամբողջության հետ։
Այսինքն՝ քաղաքացիական հասարակությունը պարզապես մարդկանց բազմությունը չէ, այլ՝ որոշակի արժեհամակարգային հենք ունեցող մարդկանց և ինստիտուտների համակարգը։ Մենք նկատում ենք, որ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության անգամ հարգված ներկայացուցիչներ և ինստիտուտներ տարօրինակ վարքագիծ են դրսևորում առանձին հանրային հնչեղություն ունեցող գործերով, ինչը որոշակի հարցեր է առաջացնում այն ուղղությամբ, թե արդյո՞ք նրանք հետագայում կարող են այդ վերահսկողական ֆունկցիան կատարել, արդյո՞ք այն արժեհամակարգի կրողն են, որը քաղաքացիական հասարակության հենքը պետք է կազմի։
Իմ պատկերացմամբ՝ այսօրվա քաղաքացիական հասարակության համակարգն այնպես, ինչպես որ կա, այնքան էլ արդյունավետ չի գործում, եթե առհասարակ արդյունավետ է գործում։ Այսօրվա քաղաքացիական հասարակության համակարգն ունակ չէ իրականացնել այդ վերահսկողական գործառույթը, բայց սա նաև բնական գործընթաց է այն տեսանկյունից, որ ժամանակի ընթացքում նոր ինստիտուտներ, նոր մարդիկ ի հայտ կգան, և անպայման այդ թարմացումները կբարձրացնեն քաղաքացիական հասարակության արդյունավետությունը։
– Նախկինում իրավապաշտպան և հասարակական կազմակերպությունները գրեթե բոլոր խնդիրների մասին արագ բարձրաձայնում էին, հիմա շատ քիչ կազմակերպություններից կարելի է ինչ–որ արձագանքներ լսել տարբեր երևույթների վերաբերյալ։ Սա ինչո՞վ է պայմանավորված։
– Սա կարելի է մի շարք հանգամանքներով պայմանավորված համարել։ Առաջինը՝ զուտ օբյեկտիվորեն՝ մարդկային ռեսուրսի առումով, այդ համայնքը փոքրացել է, որովհետև մարդիկ են եղել, որոնք պետական ծառայության են անցել, և ուղղակիորեն դուրս են եկել իրավապաշտպանական համակարգից։ Երկրորդը, որն առավել կարևոր եմ համարում՝ այդ համակարգում գործող ինստիտուտները փաստացի դադարել են իրականացնել վերահսկողություն գործադիր իշխանության նկատմամբ՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով, օրինակ՝ այն հանգամանքով, որ նրանք իրենց գուցե բաժնետեր են համարում ապրիլ-մայիսյան իրադարձությունների և բարոյական խնդիր ունեն քննադատելու իրենց գործընկերներին։
Ես ամենավատ և որոշակի հիմքեր ունեցող վարկածը կհամարեի այն, որ այդ գործունեությամբ զբաղվող որոշ մարդիկ երբեք էլ չեն եղել մարդու իրավունքների գերակայության, իրավական մշակույթի արժեքներ կրող, և նրանց կողմից իրականացված բարձրաձայնումը, որը, այնուհանդերձ եղել է արդյունավետ, կրել է ոչ թե գաղափարական, այլ քաղաքական նպատակահարմարության բնույթ։
Այսօրվա իրականությունը որոշակիորեն թույլ է տալիս գնահատական տալ նաև անցյալին, և ես մտավախություն ունեմ, որ իրականում եղել են մարդիկ, որոնք չեն եղել անկեղծ իրավապաշտպաններ, նրանց կարող ենք կոչել անցումային իրավապաշտպաններ։
– Կարծիքներ կան, որ այսօրվա դատական համակարգը գոյատևում է բացառապես, յուրաքանչյուր դատարանում մի քանի հոգու աշխատասիրության, կամքի և սկզբունքայնության շնորհիվ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում մեր դատական համակարգը, և շատ է խոսվում փոփոխությունների մասին, դրանք որտեղի՞ց պետք է սկսել։
– Եթե անկեղծ լինենք, ապա միշտ էլ այդպես է եղել. միշտ էլ ցանկացած դատարանում եղել են խարիզմատիկ առաջնորդներ, և երիտասարդ դատավորները փորձել են նրանց նմանվել։ Խնդիրն այն է, որ ներկայում դատական համակարգի նկատմամբ բավական մեծ ճնշում կա, և, ցավոք սրտի, այդ ճնշումը մեծացնելուն նպաստում է նաև այսօրվա քաղաքական իշխանությունը՝ փոխանակ ամեն կերպ նվազեցնի այդ ճնշումը և իրականացնի սահմանադրական գործառույթը՝ ապահովելու և երաշխավորելու դատական իշխանության անկախությունը և աշխատանքի բնականոն պայմանները։
Ցավոք սրտի, այդ երաշխավորումը մենք չենք տեսնում պատշաճ մակարդակով։ Իսկ ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա ժամանակի ընթացքում բավականին արդյունավետ ձևով նախանշվել են հիմնական ուղղությունները, որտեղ պետք է դրանք իրականացվեն։ Իմ համոզմամբ՝ այդ բարեփոխումներն անբավարար արագությամբ, բայց իրականացվում էին, և ես՝ որպես Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր, կարող եմ ասել, որ հատկապես այդ ժամանակահատվածում բավական ինտենսիվ էր դատական իշխանության որակի բարձրացման գործընթացը։
Ամենակարևորն այն է, որ մենք գնալով պետք է ձերբազատվենք կոնտրպրոդուկտիվ անցումային արդարադատության այս ձևակերպումից, որովհետև գործադիր իշխանությունը դեռևս չի էլ ասել, թե ինչ նկատի ունի՝ անցումային արդարադատություն ասելով։ Անցումային արդարադատությունն այսօր ընդամենն արտահայտություն է, բայց այն օրակարգ բերելն ինքնին բացասական ազդեցություն է թողնում դատական իշխանության արդյունավետության վրա։ Եվ ես այս պահի դրությամբ խնդրի լուծումն առավելապես տեսնում եմ բնականոն ռեֆորմների ճանապարհին վերադառնալու և հեղափոխական մեթոդները, մասնավորապես՝ անցումային արդարադատություն կոչվածը, որը շատերի կարծիքով արդարադատության համակարգի բնական ճանապարհով հարցերի լուծման ոչ ենթակա ճանապարհ է, բացառելու ճանապարհով։
Մեր իրավաբանական հանրությունը հնարավորինս բարձր ձայնով իր դիրքորոշումը պետք է արտահայտի այս հարցի վերաբերյալ, և մենք պետք է վերադառնանք բնականոն ռեֆորմների դաշտ։
– Նշեցիք, որ դատական համակարգի վրա բավական մեծ ճնշում կա. ո՞ւմ կողմից եք տեսնում այդ ճնշումները։
– Ես առաջին հերթին խոսում էի այն ամենի մասին, ինչ տեսանելի է՝ «ժողովրդական ճնշման» մասին, և տեսնում եմ, որ գործադիր իշխանությունը, որը պարտավոր է երաշխավորել դատական իշխանության անկախությունը և գործունեության բնականոն պայմանները, ակտիվ չէ այս պարտականություններն իրականացնելու հարցում։ Կատարվում են որոշակի գործողություններ, դա երևում է, բայց ես դրանք բավարար չէի գնահատի։
Մեր քաղաքական իշխանությունը պետք է վեր կանգնի այս պահին ավելի նեղ շահերից, ու ավելի լայն և երկարաժամկետ շահերից ելնելով՝ ամեն ինչ անի մեր դատական իշխանությունն ամրացնելու ուղղությամբ։
Ի վերջո, իմ համոզմունքն այն է, որ քաղաքական իշխանությունը երկրորդական է՝ մարդու իրավունքների տեսանկյունից, առաջնայինն ամուր վստահություն վայելող արդյունավետ, ֆունկցիոնալ դատական իշխանությունն է։ Եթե մենք դա ունենանք, ապա քաղաքական իշխանությունը կարող է ցանկացած պարբերականությամբ փոխվել, ցանկացած մարդիկ կարող են լինել, մենք կիմանանք, որ մեր դատական իշխանությունը երաշխավորում է ցանկացած քաղաքացու իրավունքների պաշտպանությունը։
Վերջին շրջանը դաս է բոլորիս համար, որ որևէ դիրք, որևէ նախկին ծառայություններ հայրենիքին, պետությանը, որևէ մեկին չեն երաշխավորում՝ ապագայի տեսանկյունից, և բոլորս պետք է հասկանանք, թե՛ այսօրվա գործող իշխանությունները, թե՛ քաղաքական համակարգի մյուս խաղացողները, թե՛ մասնագիտական շրջանակները, որ վստահություն վայելող պրոֆեսիոնալ ու ֆունկցիոնալ դատական իշխանությունը բոլորիս է անհրաժեշտ։
– Պարոն Մելիքյան, իշխանություններն այս ընթացքում տարբեր առիթներով գործածում են «պետական դավաճանություն» տերմինը, ՔՕ 299-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե ինչ է պետական դավաճանությունը։ Նիկոլ Փաշինյանը նախ՝ ԶԼՄ դաշտին մեղադրեց հակապետական քարոզչություն իրականացնելու մեջ, ապա գաղտնալսման փաստը համարեց պետական դավաճանություն, այնուհետև Արցախի և Նախիջևանի վերաբերյալ հայտարարություններ անող Դավիթ Շահնազարյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ։ Արդյո՞ք այս հայտարարություններին համապատասխան գործողություններ չպետք է հետևեին, և, եթե նման մեղադրանքներ են ներկայացվում, ու պատասխանատվություն կրող չկա, չի՞ նսեմացվում պետական դավաճանության հոդվածի նշանակությունը։
– Մի փոքր տարբեր էպիզոդներ եք ներկայացնում, որոնց տարբեր գնահատականներ կարելի է տալ։ Մի բան պարզ է, որ ցանկալի է՝ քաղաքական լեքսիկոնում անհանդուրժողականություն, խոսքի ազատության նկատմամբ հարգանքի բացակայություն և նմանատիպ իրավական մշակույթին ոչ հարիր էլեմենտները նվազեցնել, հատկապես՝ մեծ ժողովրդական հեղինակություն ունեցող քաղաքական իշխանության լեքսիկոնում։
Այս ձևակերպումները ոչ միայն կառավարության գլխի ձևակերպումներ են, այլև ձևակերպումներ են մի մարդու, որի յուրաքանչյուր խոսք վերցնում ու իրենց համար վարքականոն են դարձնում տասնյակ և հարյուր-հազարավոր մարդիկ։ Այս առումով սա բացասական երևույթ է։ Թե ինչպիսի արժեզրկման է բերում տարբեր իրավական կատեգորիաների, դա բոլորովին այլ խոսակցություն է, որովհետև առաջին դեպքը չէ, և, ցավոք սրտի, մեր քաղաքական դիսկուրսը երբեք զերծ չի եղել բարձր բառերից։