Բաժիններ՝

ԵՊՀ ռեկտորը հայտնեց Պետական վերահսկողական ծառայությանը դատի տալու մտադրության մասին

Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների ընթացքում ստուգել է ավելի քան 9.5 միլիարդ դրամի ֆինանսական գործունեություն: Այս մասին Մայր բուհում հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ ՊՎԾ-ն փորձել է պղտոր ջրում ձուկ որսալ և ամեն ինչ անում է միտումնավոր: «Այդ ապատեղեկատվությունը շեղում է հասարակության ուշադրությունը՝ ԵՊՀ-ին հանիրավի թիրախ դարձնելով: Արդեն հինգ ամիս է, այս տարվա հուլիսի 30-ից, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը համալսարանում իրականացնում է լայնամասշտաբ, նախադեպը չունեցող ստուգումներ: Օրենքով այդ ստուգումների ժամկետները սահմանափակ պետք է լինեն, խախտվել է ժամկետների մասին օրենքի դրույթը, կոպտորեն խախտվել են ՊՎԾ մասին օրենքի 3-րդ և 4-րդ կետերը»,-ասաց նա՝ հավելելով, որ ուսումնասիրությունների արդյունքների բացատրությունների մեծագույն մասն ակնհայտ փիլիսոփայելու միտում ունեցող պնդումներ են և կապ չունեն իրականության հետ:

Արամ Սիմոնյանը նշեց, որ օգոստոսին, երբ համալսարանի կոլեկտիվը մեկնել է արձակուրդի, նրանք բուհից կրիչներով ստացել են այն բոլոր փաստաթղթերը, որոնք ավելի վաղ պահանջել էին: «Մենք ստուգման համար տրամադրել էինք բոլոր փաստաթղթերի պատճենները: Այսպիսով` վերահսկողական ծառայությունը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում և այդ խախտումներից հիմնականն այն է, որ ստուգումները դեռ չավարտված, ՊՎԾ ղեկավարը հանդես է գալիս հայտարարությամբ, բացարձակ չհիմնավորված խոսելով 800 միլիոն դրամի չարաշահումների մասին: Մենք իրավական գնահատականի պահանջով դատի ենք տալու ծառայությանը՝ մեր բարի համբավը վերականգնելու նպատակով»,-նշեց նա:

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ժամեր առաջ գրառում էր կատարել «Ֆեյսբուք»-ում, որտեղ նշել էր, որ Երևանի պետական համալսարանում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են դատախազություն։ Ըստ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նախնական գնահատականի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ «Հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։ ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս