«Հայկ Մարությանին ուղղված մեղադրանքներն անհիմն էին». Էդուարդ Աղաջանյան

Օրեր առաջ Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին մեղադրեց, թե վերջինիս ղեկավարած խմբակցությունը նախորդ ավագանիում ոչինչ չի արել։ «Դուք ստացել եք ամսական 55 հազար դրամը ու ոչ մի բան չեք արել՝ ըստ իս»,- ասել է Հայկ Մարությանը՝ Ֆինանսավարկային ու տնտեսական հարցերի հանձնաժողովին մեղադրելով անգործության մատնված լինելու մեջ, քանի որ երթուղային նոր ցանցի վերաբերյալ զեկույցն անբավարար է, և չի բացառվում, որ ամեն ինչ սկսեն զրոյից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շնորհիվ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանն իր մեղադրանքը հնչեցնելիս, հավանաբար, մի պահ մոռացել էր, որ նախորդ ավագանիում «Ելք» խմբակցության մաս էր նաև ՔՊ կուսակցությունը, որ խմբակցության 14 անդամներից 5-ն իր կուսակիցներն են եղել։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախկինում՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ՔՊ անդամ Էդուարդ Աղաջանյանը 168.am-ի հետ զրույցում Հայկ Մարությանի մեղադրանքը զուտ «հակամեղադրանք» որակեց։

«Ես կարծում եմ՝ պարոն Մարությանը 55 հազարների թեմային անդրադարձավ՝ ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքների, որոնք, ըստ էության, անհիմն էին քաղաքապետի նկատմամբ, որովհետև այդ համաձայնագիրը կամ ներկայացված փաստաթուղթը որևէ աղերս կամ առնչություն ներկայիս քաղաքապետի կամ իր կայացրած որոշման հետ չուներ, այնինչ այդ մեղադրանքները հենց դրա հետ կապ ունեին։ Ի պատասխան այդ մեղադրանքի՝ քաղաքապետի հակամեղադրանքը հնչեց 55 հազարների հետ կապված»,- ասաց Է.Աղաջանյանը։

Նա նշեց, որ որպես ավագանի՝ եղել է նաև Ֆինանսատնտեսական հանձնաժողովի անդամ ու, թեև հիշողությունները շատ թարմ չեն, բայց երթուղային նոր ցանցի հետ կապված խնդիրներ կային և որոշակի անհամաձայնություններ եղել են դեռ այն ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս