Կարո Եղնուկյանը դատի է տալիս ոստիկանությանն ու ԱԱԾ-ին՝ անօրինական գաղտնալսումների համար
«Իմ վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերից երևում է, որ 2014 և 2015 թվականներին իմ հեռախոսները գաղտնալսվել են, չնայած այն բանին, որ գործի փաստերով ինձ գաղտնալսելու որևէ հիմք չի եղել: Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել, և երեք տարի անց, երբ ինձ մեղադրեցին «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, այդ նյութերը դրվեցին ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կարո Եղնուկյանը՝ հայտարարելով, որ դատի է տալիս ՀՀ ոստիկանությաննն ու ԱԱԾ-ին՝ անօրինական գաղտնալսումների համար:
«Փաստորեն, իմ կամքից անկախ, առանց որևէ հիմքերի՝ իմ մասին տարիներ շարունակ տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում»,- ասաց Եղնուկյանը:
Նրա խոսքով՝ 2016թ. հուլիսի 18-ին քննչական մարմինը դիմել է դատարան՝ իր հեռախոսները գաղտնալսելու համար՝ հիմնավորելով, որ օպերատիվ տեղեկություններ ունեն, թե փորձում է «Սասնա ծռերին» ապահովել ռադիոկապով.
«2016թ. հուլիսի 19-ին քննչական մարմինը կրկին դիմել է դատարան՝ երեք բնակարաններս, երկու ավտոտնակներս և երեք ավտոմեքենաներս խուզարկելու թույլտվություններ ստանալու համար՝ ռադիոկապի սարքավորումներ և զենք-զինամթերք որոնելու նպատակով»:
Հեղափոխությունից հետո Եղնուկյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, որպեսզի իրեն տրամադրեն եղած օպերատիվ տվյալները, ու հավաստիացում ստանա, որ այսուհետ իր ու իր ընտանիքի անդամների իրավունքները չեն խախտվելու:
«ՀՀ ոստիկանությունից պատասխան էր ստացվել, որ ոստիկանությունը բացառապես գործում է օրենքի շրջանակներում, իսկ այդ տվյալները ինձ կտրամադրվեն միայն այն դեպքում, երբ իմ նկատմամբ հարուցված քրեական գործով հաստատվի, որ իմ արարքում հանցակազմ չկա կամ, եթե կայացվի արդարացման դատավճիռ: Իսկ ԱԱԾ տնօրենի պատասխանից հետևում էր, որմ իմ բնակարաններում կատարվել են գաղտնալսումներ և իմ ընտանիքի անդամները գաղտնալսվել են: Սա ենթադրում է նաև, որ գաղտնալսումները չեն եղել դատարանի թույլտվությամբ, քանի որ գործում նման որոշում չկար»:
Կարո Եղնուկյանն ասաց, որ պետությունը, հանձինս ոստիկանության և ԱԱԾ-ի, խախտել է իր՝ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արտահայտվելու ազատությունը, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը»:
Թե ինչո՞ւ են իրեն գաղտնալսել, նա բացատրեց, որ այդ տարիներին «Հիմնադիր խորհրդարանը» համարվում էր վտանգավոր խումբ.
«2015թ. երբ խուզարկություններ եղան, հինգ հոգի, երբ բերման ենթարկեցին, այդ թվում՝ ես, բայց ինձ ազատ արձակեցին, մյուսներին մեկ ամիս պահեցին: Ես չհասկացա, թե ինչու այդ օրն ինձ ազատ արձակեցին»:
Նրա խոսքով՝ այդ գաղտնալսող սարքերը բնակարաններում տեղադրելը բարդ չէ. «Եղել են խուզարկություններ, այդ խուզարկությունների ժամանակ կարող էին տեղադրել: Ես նրանց ասացի, որ՝ հանկարծ զենք-զինամթերք գտնեք, ուրեմն՝ դա դուք եք արել»:
Պաշտպանն էլ ասաց, որ գաղտնալսող սարքեր տեղադրելու իրավունք կա, եթե կա դատարանի թույլտվություն. «Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք օրենքով միայն ԱԱԾ-ն ունի: Մենք դեմ չենք, որ պետությունը կարող է ցանկացած պահի գաղտնալսել անձանց, բայց այդ ամենը պետք է լինի օրենքի շրջանակներում, դատարանի թույլտվությամբ»:
Ուղիղ. Կարո Եղնուկյանը դատի է տալիս ՀՀ Ոստիկանությանը և ԱԱԾ-ին անօրինական գաղտնալսումների համար
Gepostet von 168 Hours am Montag, 24. Dezember 2018