«Բանակցային գործընթացում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ». Ինչու փոխվեց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Ադրբեջանի ղեկավարությունը փոխել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարին: Նախկին ղեկավար Բայրամ Սաֆարովին փոխարինել է դիվանագետ, Ադրբեջանի ԱԳՆ աշխատակց Թուրալ Գյանջալիևը։ Վերջինս ծնվել է Շուշիում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից այս քայլն ըստ էության ցույց է տալիս, որ Բաքվում անհանգստացած են, որ մոտ ժամանակներում հնարավոր է՝ Ստեփանակերտը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Հայտնի է, որ Ադրբեջանը՝ որպես  այդ ամենին հակառակ քայլ, միշտ մատնանշել է ԼՂՀ ինքնավար մարզում բնակվող ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին։
«Ադրբեջանը նշում է, որ, եթե պաշտոնական Ադրբեջանը ներկա է բանակցային գործընթացում, պետք է ներկայացված լինի նաև ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը։

Այն պաշտոնյաները, որոնք նախկինում ներկայանում էին՝ որպես համայնքի ղեկավար կամ ակտիվ ներկայացուցիչ, չունեին այն պոտենցիալը, որը կարող էին դրսևորել բանակցությունների սեղանի շուրջ։ Ադրբեջանի իշխանություներն այս ամենը լավ գիտակցելով, ԼՂՀ ադրբեջանակսն համայնքի ղեկավար են նշանակել  Շուշիում ծնված անձի, որը նաև Ադրբեջանի ԱԳՆ աշխատակից է»,- նշեց Ա. Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ այդ պաշտոնում Ադրբեջանի ղեկավարությունը դիտավորյալ նշանակել է այնպիսի մարդու, որն ունակ է բանակցել և առաջ մղել Ադրբեջանի հետապնդած շահերը.

«Այս ամենը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, և հնարավոր է՝ նաև լինեն որոշակի փոփոխություններ»,- ընդգծեց ադրբեջանագետը։

Հարցին՝ իրատեսակա՞ն եք համարում Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին, հատկապես՝ Ադրբեջանի նման տրամադրվածության համատեքստում, Աշոտ Մովսիսյանը պատասխանեց.

«Այս քայլը, որը փաստացի կատարվեց Ադրբեջանի կողմից՝ պահեստային քայլ է։ Քարոզչությունը, որն իրականացնում է Ադրբեջանը, այսօր թույլ է տալիս պնդելու, որ Բաքուն համաձայն չէ, որպեսզի Ստեփանակերտը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ այնտեղ ժողովուրդների ինքնորոշման մասին որևէ խոսք չկա, այլ Հայաստանն «օկուպացրել» է «Ադրբեջանի տարածքների» մի մասը, ուստի այդ տարածքների բնակչությունը դերակատարություն չունի բանակցային գործընթացքում։

Եթե այսօր Բաքուն համաձայնում է, իսկ բանակցությունների ձևաչափը ձևավորվում է կոնսենսուսով, որպեսզի Ստեփանակետը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, որոշակի հետքայլ է, և սա Ադրբեջանում դիտարկվելու է՝ որպես պաշտոնական դիրքորոշման փոփոխություն, և ադրբեջանական հասարակության կողմից կդիտարկվի՝ որպես պարտվողականություն։ Այս պարագայում դժվարանում եմ ասել, որ մոտ ժամանակներում Ադրբեջանը կարող է իր համաձայնությունը տալ, որպեսզի Արցախը մասնակցի բանակցություններին»,- եզրափակեց Աշոտ Մովսիսյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս