Ռուսաստանի գազային «պատը». ռուսական կողմը փաստի առաջ է կանգնեցրել ՀՀ կառավարությանը

Արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի նվազեցման հարցով Հայաստանը բանակցում է ՌԴ էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ» ընկերության հետ: Դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը մոտ 10 օր առաջ հայտարարել էր, որ, անկախ դրանից, գազի մատակարարման դադարեցում չի լինի, իսկ նոր գինը կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո։ Ընդ որում՝ Բաղրամյանը բացառել էր գազի թանկացման հնարավորությունը՝ շեշտելով, թե բանակցությունները կապույտ վառելիքի գնի նվազեցման ուղղությամբ են։

Թե բանակցություններն ի՞նչ վիճակում են, կառավարության պատասխանատուները չեն մանրամասնում։ Ակնհայտ է, որ դրանք բավականին ծանր են ընթանում։ Դա է վկայում նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի լռությունը։ Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում Փաշինյանը գազի գնի հարցը քննարկել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն որևէ պայմանավորվածության մասին այդպես էլ չհայտարարվեց:

Բնական է, որ բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել։ «168 Ժամի» տեղեկություններով՝ դրանք, ըստ էության, արդեն հասել են իրենց վերջնակետին, և ռուսական կողմը փաստի առաջ է կանգնեցրել ՀՀ կառավարությանը։

Մեր հավաստի աղբյուրները պնդում են, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն՝ նշելով, որ ռուսական գազի գինը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ դիմաց, և դա քննարկման ենթակա չէ։

Այս մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանից։ Սակայն նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասաց, թե Ավինյանն օրվա ընթացքում հանդիպումներ ունի և չի կարող պատասխանել, փոխարենը՝ գրասենյակը, ըստ սահմանված կարգի՝ 5 օրվա ընթացքում, կպատասխանի մեր հարցմանը։

Խնդրել ենք հստակեցնել նաև, թե ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններն ի՞նչ փուլում են, ե՞րբ կավարտվեն, կառավարությունն ի՞նչ դիրքորոշում ունի իրանական գազ ձեռք բերելու հարցի վերաբերյալ։

Տիգրան Ավինյանի պատասխանները ստանալուն պես, բնականաբար, կհրապարակենք դրանք։

Ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով։ Շարքային սպառողին այն հասնում է 290 դոլարով, ոչ ապահով խավերին` 80 դոլարով, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդներին՝ 242 դոլարով, ջերմոցային ու վերամշակող ընկերություններին` 212 դոլարով։

Եթե ռազմավարական գործընկերոջ հետ բանակցություններն ավարտվեն նշված 215 դոլար գնի ամրագրմամբ, ապա դրա հետևանքները շատ լուրջ կլինեն։ Խոսքը միանգամից 65 դոլար թանկացման մասին է, իսկ մեր տնտեսությունն արդեն իսկ ոչ մրցակցային պայմաններում է գտնվում մաքսային գործընկերների համեմատ։

Օրինակ՝ նույն Բելառուսում ռուսական գազի գինը սահմանին արժի 1000 խորանարդ մետրը՝ 130 դոլար, մինչդեռ Բելառուսին սահմանակից Ռուսաստանի Սմոլենսկի նահանգում 70 դոլար է: ԵԱՏՄ սանկտպետերբուրգյան գագաթաժողովում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն այդ կապակցությամբ իր դժգոհությունն էր հայտնել ՌԴ նախագահ Պուտինին։ «Ինչպե՞ս մրցակցել»,- հարցադրում էր արել Լուկաշենկոն:

Հարկ է նկատել, որ միջազգային շուկայում գազի գնի բարձրացման մասին խոսակցություններ չկան։ Միայն նոյեմբերին գազն իր սպառողների համար թանկացրել է Ուկրաինան, այն էլ՝ ԱՄՀ-ի պահանջով՝ պարտքային բեռը թեթևացնելու նպատակով։

Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը ցանկանա թանկացնել գազը Հայաստանի համար 

Այս տարվա նոյեմբերի կեսերին Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր էր բացահայտել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում։ Պարզվել էր, որ 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ընկերությունը ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները:

Ինչպես հայտնի է, «Գազպրոմ Արմենիան» ռուսական «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է։ Ոչ մեկ անգամ է հայտարարվել, որ ռուսական «Գազպրոմը» հավելյալ ծախսեր է անում «Գազպրոմ Արմենիայի» համար, օրինակ՝ լրավճարում է աշխատակիցներին, և այլն։ Մեկ այլ գործոն էլ կա՝ Հայաստան բնական գազ առաքելիս, գնագոյացման կարգի համաձայն՝ գազի էներգետիկ արժեքը չպետք է ցածր լինի 1000 խմ-ի համար 7900 կկալ-ից, որի բարձր լինելու դեպքում պետք է լրացուցիչ վճարել։ Մինչդեռ փաստացի համակարգում գազի կալորիականությունը մոտ 8200 կկալ է։ Այս դրույթը ժամանակավորապես չի կիրառվում մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը։

Չի բացառվում, որ ՀՀ նոր իշխանությունների, ստեղծված նոր իրողությունների պայմաններում ռուսական կողմն ընդամենը «ճշգրտում» է իր հաշվարկները։

Ի՞նչ կարող է անել Հայաստանը, եթե Ռուսաստանը գազն իրոք թանկացնի

Տարիներ շարունակ փորձագետներն իրանական գազն այլընտրանք են դիտարկել ռուսականին, ընդ որում՝ անտեսելով հայ-ռուսական գազային համաձայնագիրը։ Իրանը՝ դեսպանների և տարբեր պաշտոնյաների մակարդակով ու շուրթերով, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ռուսականից ավելի էժան գազ մատակարարել Հայաստանին։ Սակայն դա հերքել են էներգետիկայի նախկին գրեթե բոլոր նախարարները՝ ասելով, որ այն ռուսականի հետ մրցունակ չէ:

Նույն միտքը որոշ ժամանակ առաջ մեզ հետ զրույցում հայտնել է նաև Փաշինյանի թիմակից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ նշելով, որ Իրանը՝ որպես գազի աղբյուր, բնականաբար, դիտարկվում է, որովհետև որպես երկրորդ սնուցում՝ այն կրկնակի ավելացրել է մեր էներգետիկ անվտանգությունը: Սակայն, անկեղծացել է Բաղրամյանը, Հայաստանի համար Իրանից գազ գնելը շահավետ չէ։

«Իրանական գազի կալորիականությունը ցածր է, քան ռուսական գազինը, և մոտ 10 դրամ ավելի թանկ է ստացվում»,- ասել է նա:

Սակայն, ռուսական կողմի նման կոշտ վերջնագրի պայմաններում, շատ հնարավոր է, որ իրանական գազն արդեն գրավիչ դառնա մեզ համար։ Այս համատեքստում ուշագրավ է օրերս Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հայտարարությունը «Իրանի և Հայաստանի հարաբերությունները. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ՝  Երևանը հետաքրքրված է իրանական գազի ներկրման հարցում։

Թե այս հայտարարության ետևում ի՞նչ է թաքնված, և ի՞նչ գնով գազ կստանա Հայաստանը, պարզ կդառնա շատ շուտով. տարվա ավարտին բան չի մնացել։

Տեսանյութեր

Լրահոս